[ARM]     [RUS]     [ENG]

ԲՈԼՈՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՐԿՐԻ ՇԵՆԱՑՈՒՄԸ

IMG_9175.jpgԼՂՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Բակո Սահակյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում հունիսի 30-ին ընտրողների հետ հանդիպումներ ունեցավ Մարտակերտի շրջանի հյուսիս-արևմտյան հատվածում. մեկնակետը Կիչան-Նոր Ղազանչի համայնքներն էին, ուր նախագահի թեկնածուին դիմավորեցին ավանդական աղուհացով։
 Ինչպես գրեթե ամենուր, այստեղ ևս Բ.Սահակյանն ու նրա թիմակիցները թարմ ծաղիկներ դրեցին Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշարձանին։
Անդրադառնալով իր պաշտոնավարման հնգամյա գործունեությանը՝ Բակո Սահակյանը նշեց, որ անցած ժամանակահատվածում ձգտել է ամենօրյա հետևողական աշխատանքով կատարել երկրի ղեկավարի իր պարտականությունները, որպես երկրի և բնակչության անվտանգության հիմնական երաշխավոր՝ ամրապնդել հանրապետության սահմանային գոտին, ուշադրության կենտրոնում պահել բանակի պաշտպանունակության բարձրացումը, խթանել գյուղի և գյուղատնտեսության զարգացումը, կրթական և այլ ոլորտներում բարեփոխումների հաջող ընթացքը, նպաստել մարդկանց կենսամակարդակի բարձրացմանը, զոհված ազատամարտիկների ընտանիքների և հաշմանդամների, բնակչության սոցիալապես առավել խոցելի շերտերի բնակարանային, կենցաղային մյուս պայմանների բարելավմանը։ Հետադարձ հայացք ձգելով և վերաարժևորելով կատարածը՝ նախագահի թեկնածուն գտնում է, որ, այնուամենայնիվ, եղել են որոշակի բացթողումներ, կիսատ մնացած ծրագրեր, որոնց շտկման, թերի ծրագրերի շարունակման համար էլ նախագահը երկրորդ ժամկետի համար դրել է իր թեկնածությունը։
Նախագահի թե՜ նախորդ և թե՜ ներկա նախընտրական  ծրագրերում, ի թիվս առաջնահերթություն ներկայացնող այլ ուղղությունների, կարևոր տեղ է զբաղեցրել գյուղատնտեսությունը։
Հատկապես վերջին տարիներին պետբյուջեի միջոցների հաշվին ձեռք են բերվել և հանրապետություն ներկրվել ավելի քան 400 միավոր տեխնիկա, այդ թվում՝ մի քանի տասնյակ հատիկահավաք կոմբայն՝ գործընթաց, որը թեթևացրել է մենատնտեսների ծանր բեռը։ Սակայն ձեռքբերված գյուղմեքենաների մի մասն  արտասահմանյան արտադրության է, որոնցում ներդրված է համակարգչային տեխնիկա, իսկ առկա մեխանիզատորների մի զգալի մասը չի տիրապետում դրան։ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը բացը լրացնելու համար ժամանակ առ ժամանակ մասնագիտական դասընթացներ, խորհրդատվություններ է կազմակերպում։ Բայց դա քիչ է։ Տեսանելի հեռանկարի հաշվառումով  պետք է ունենալ  բարձր որակավորում ունեցող մեխանիզատորներ։
Երկրում վարկավորման ռազմավարություն է տարվում, որից ոչ քիչ քաղաքացիներ են օգտվում, բնակարանների ձեռքբերման, նորոգման համար կարծես թե արդյունավետ է գործում հիփոթեքային վարկավորման  ծրագիրը, այդքանով հանդերձ, նշված ուղղություններում քաղաքացիների դժգոհությունները քիչ չեն։ Ուրեմն, ըստ նախագահի թեկնածուի, ամեն ինչ չէ, որ ճիշտ է հաշվարկված. Բ. Սահակյանը համայնքների ներկայացուցիչներին իրազեկեց, որ արդեն իսկ հանձնարարություն է տրված ԼՂՀ կառավարությանը՝ վերանայել հիփոթեքային վարկավորման պայմանները՝ առաջին հերթին ժամկետների (մարման ժամկետը դարձնել 25 տարի) և վարկերի տոկոսադրույքների մասով։ 
Բակո Սահակյանի հորդորով հանդիպման մասնակիցները (իհարկե, առաջին հերթին համայնքների ղեկավարները, դպրոցների տնօրենները, այլ պատասխանատուներ) նշեցին առավել կենսական նշանակության խնդիրներ։ Այսպես. Կիչանում թիվ 1 խնդիրը գյուղամիջյան ճանապարհներն են, Նոր Ղազանչիում՝ տների տանիքները, Նոր Սեյսուլան-Նոր Այգեստան ոռոգման բաց ջրագծի հետևանքով Նոր Սեյսուլան համայնքի շուրջ մեկ տասնյակի հասնող տներում՝ ստորգետնյա ջրերի առկայությունը (այս համայնքը չունի մանկապարտեզ, ակումբ, հանդիսությունների տուն, բուժկետ), Հայկաջուրը դպրոցական նոր շենքի հարց է բարձրացնում, Նոր Այգեստանում ու Դրմբոնում խմելու ջրի պրոբլեմն է մարդկանց հուզում։
Իհարկե, կային նաև հարակից խնդիրներ, ասենք՝ Նոր Ղազանչիում Բ. Սահակյանի ուշադրությունն են հրավիրել այն բանի վրա, որ մի քանի տարի առաջ աֆրիկյան ժանտախտից խոզերի գլխաքանակի կորուստներ են ունեցել, բայց փոխհատուցում չեն ստացել (իհարկե, զրույցի հետագա ընթացքից պարզվեց, թե ում մեղքով. հենց իսկ խոզատիրոջ, ով անասունների գլխաքանակի հաշվառման ժամանակ թաքցրել է ունեցածի իրական թիվը)։ Կիչանցին բողոքում է, որ մայրաքաղաքի հետ երթուղային կապ չունեն, հարևան գյուղերի գործող երթուղիներից էլ չեն կարողանում օգտվել (ի դեպ, Բ. Սահակյանն ասաց, որ շրջվարչակազմի ղեկավարը հարցով զբաղվում է), գրեթե բոլոր համայնքներում կան 10-15-ական հասուն երիտասարդներ, որոնց չամուսնանալու միակ պատճառն առանձին բնակտարածքի բացակայությունն է, Նոր Մարաղայից մի երիտասարդ,  որ վարկ էր վերցրել, սերմացուի և այլնի վրա ծախսել,  բայց չնչին բերք է ստացել, հիմա  խնդրում է մարման ժամկետը գոնե մինչև գալիք բերքահավաք երկարաձգել։
Բակո Սահակյանի խոսքը սփոփիչ էր.  եղանակային վայրիվերումների հետևանքների համար խնդրել պետք չէ. վարկերի մարումը կերկարաձգվի։
Դրմբոնի պղինձ-ոսկու հարստացուցիչ կոմբինատն իր հսկա արտադրական մասնաշենքերով ու օժանդակ կառույցներով իշխում է շրջապատի վրա։ Հանրապետության խոշորագույն հարկատու համարվող ՙԲեյզ Մեթըլս՚ ՓԲԸ-ում այսօր աշխատում է շուրջ 1200 բանվոր՝ հիմնականում տեղաբնակներ։ Բարձր աշխատավարձն ու տեղում զեղչ գներով սննդի կազմակերպումը շրջակա գյուղերի գրեթե նույնքան թվով ընտանիքների ազատել է բազում հոգսերից։ Իսկ Կաշենի հանքավայրի շահագործման դեպքում (այսօր արդեն իսկ մինչև 120 մարդ է այստեղ աշխատում) բանվորների թիվը, ընկերության գործադիր տնօրեն Արթուր Մկրտումյանի հավաստմամբ՝ կհասնի մինչև 1700-ի։
ՙԲեյզ Մեթըլս՚-ը, բացի բանվորների նկատմամբ ամենօրյա հոգատարությունից ու իր անմիջական պարտավորությունների լիարժեք կատարումից, գրեթե ամեն տարի բարեգործական  ծրագրեր է իրականացնում և՜ Դրմբոնում, և՜ շրջակա մյուս գյուղերում։ Այստեղ էլ, օգտվելով գործող նախագահի հետ հանդիպման հնարավորությունից,  կոճողոտցիները բարձրացրին գյուղում առկա մի շինության նորոգման հարցը, որը հարմար է մանկապարտեզի համար, և խնդրեցին ընկերության աջակցությունը։
Պատասխանը չուշացավ. շենքը կնորոգվի և երեք ամսից պատրաստ կլինի ընդունելու փոքրիկ կոճողոտցիներին։ Ավելին՝ ընկերության ղեկավարությունը խոստացավ մանկապարտեզն ապահովել նաև համապատասխան գույքով։
Հանդիպումներում մեծ թիվ էին կազմում ընտրողների ելույթները, որոնցում նախագահի թեկնածուին հաջողություններ ու հաղթանակ էին մաղթում մարդիկ՝ հավատով, որ ընտրվելու դեպքում Բակո Սահակյանը կհասնի առաջընթացի առավել բարձր նշաձողի։
Բացառություն չեղավ օրվա հանդիպումների վերջնակետը՝ Դրմբոն համայնքը.  կոչ անելով համագյուղացիներին՝ իրենց վստահության քվեն տալ Բ. Սահակյանի օգտին, ԱրՊՀ վաստակաշատ դասախոսներ, ամուսիններ Լավրենտ Ղալայանն ու Արզիկ Մխիթարյանը շեշտեցին, որ նման ընտրության հիմքում ընկած է երկրի ներկայի ու ապագայի նկատմամբ իրենց ընտանիքի պետականամետ մտածողությունը, անսասան հավատն այն բանի, որ երկրորդ ժամկետում  Բ.Սահակյանն առավելագույնս կօգտագործի իր հնարավորություններն ու փորձառությունը՝ ապահովելու արցախահայության արժանապատիվ կենսագործունեությունը։
 
Նիկոլայ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ