ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՃԳՆԱԺԱՄ ԵՆ ԱՊՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԻՆ
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Անոնսավորվել է, որ ընթացիկ ամսավերջին կգումարվի G 20 անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողով։ Օրակարգային կլինի Աֆղանստանի հարցը։ Այդ երկրում իրավիճակը շարունակում է մնալ չափազանց փխրուն եւ պայթյունավտանգ։ Ըստ երեւույթին, անհավանական է, որ ՙՄեծ քսանյակի՚ երկրները որեւէ համաձայնության հանգեն։ Միջոցառման շուրջ հետաքրքրությունն ավելի շատ սեւեռված է ԱՄՆ եւ ՌԴ նախագահների հավանական հանդիպման վրա։
Չնայած հրապարակային կոշտ հռետորաբանությանը, որ կողմերը շարունակում են փոխանակել, խորքային դիտարկումները խոսում են Ռուսաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների պրագմատիզմի մասին։ Քննարկվում է, մասնավորապես, ռազմավարական հարձակման միջուկային սպառազինությունների վերահսկողության հարցը։ Գործնականում թե՜ ՌԴ-ն, թե՜ ԱՄՆ-ն բավարար հիմքեր ունեն անհանգստանալու։ Չինաստանը սրընթաց մեծացնում եւ արդիականացնում է միջուկային զինանոցը։ Եթե այդ դինամիկան պահպանվի, ապա մոտակա երկու-երեք տասնամյակների կտրվածքով Չինաստանի միջուկային զենքի արսենալով կգերազանցի թե՜ Ռուսաստանին, թե՜ Միացյալ Նահանգներին։
Պետք է հատուկ դիտարկել, որ Իրանի արտգործնախարարի հետ բանակցություններից ժամեր առաջ ՌԴ արտաքին գործերի նախարարին զանգել է ԱՄՆ պետքարտուղարը։ Այդ առթիվ պաշտոնական հաղորդագրության մեջ գրեթե բաց տեքստով ասված է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանից ակնկալում է Իրանի նկատմամբ ազդեցություն, որը Թեհրանին հետ կպահի միջուկային զենք եւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ ստեղծելու ծրագրից։ Երեւում է, Իրանը պատրաստ չէ դրան։
Տարածաշրջանի երկու հարեւան երկիր՝ Թուրքիան եւ Իրանը, ձգտում են մտնել միջազգային քաղաքականության ՙբարձրագույն լիգա՚։ Այդ հավակնությունները, ինչպես պարզորոշ երեւում է ԱՄՆ-Թուրքիա եւ Ռուսաստան-Իրան հարաբերություններից, առայժմ զսպվում են։ Ու թեեւ կարճաժամկետ հեռանկարում թուրք-իրանական շփումները կարող են մնալ խնդրահարույց, բայց ռազմավարական առումով բացառելի չէ, որ Թեհրանը եւ Անկարան վերածվեն գործընկերների։
Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումը ցնցել է Հյուսիս-ատլանտյան կոլեկտիվ անվտանգության համակարգը։ Իրավիճակն ավելի է սրել ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Ավստրալիա ռազմաքաղաքական դաշինքի ձեւավորումը, որին ի պատասխան Ֆրանսիան սերտ համագործակցության պայմանագիր է ստորագրել Հունաստանի հետ։ Շատ մեծ է հավանականությունը, որ դրան մաս կազմի նաեւ Կիպրոսը։ Տպավորություն կա, որ Ֆրանսիայի առաջնորդությամբ ռեգիոնալ համագործակցության հարթակ ձեւավորելու կողմ են Եգիպտոսը, Իսրայելը եւ Իրաքը։
Ու թեեւ ՆԱՏՕ-ի խորհրդի նիստի ավարտին կառույցի գլխավոր քարտուղար Ստոլստենբերգը խոսել է Հյուսիսատլանտյան դաշինքի միասնության մասին, բայց դա ավելի շատ ցանկություն է, քան՝ փաստի արձանագրում։ Ակնհայտ է, որ աշխարհը վերադառնում է սեպարատ ալյանսների տարաբաժանվածության դարաշրջանին։ Եւ այս տրամաբանությամբ թուրք-իրանական համագործակցությունը բոլորովին էլ երեւակայության ժանրից չէ։
Սկզբունքորեն Թուրքիան ՆԱՏՕ-ի համար այլեւս ՙհարավային թեւի պահապան՚ չէ, որովհետեւ Ռուսաստանն արդեն Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում է, իսկ Հարավային Կովկասում ավելի է ամրապնդվել։ Նույն տրամաբանությամբ՝ Իրանն է սպառել Ռուսաստանի համար ռազմավարական կարեւորությունը։ Ընդ որում, որոշակի առումով Թուրքիան վերածվել է եվրաատլանտյան անվտանգության համակարգի, Իրանը՝ Ռուսաստանի մրցակցի։
Հայաստանի, հայ-թուրքական հարաբերությունների, ԼՂ կարգավորման հարցերում գոնե պրագմատիկ մոտեցում մշակելու համար, ըստ երեւույթին, պետք է ելակետային համարել վերոնշյալ հանգամանքը։ Ըստ այդմ՝ ամեն հակաթուրքական հայանպաստ չէ, եւ ամեն պրոթուրքական հակահայկական չէ, եթե գնահատենք ոչ թե ավանդական զգացմունքայնությամբ կամ կանխատրամադրվածությամբ, այլ՝ գործնական քաղաքականության պրագմատիզմով։
Քառասունչորսօրյա պատերազմի մակերեսային ընկալումը մղում է ՙռեւանշի անխուսափելիության՚ դիսկուրսի, որը գեներացվում է իբրեւ ՙուժեղ Հայաստանի վերակերտման համազգային նպատակադրվածություն՚։ Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում ավելի վտանգավոր մտայնություն, քան դա է, դժվար է պատկերացնել, նույնիսկ երեւակայել։ Սիրիական ճգնաժամն այդ երկրից չորս-հինգ միլիոն մարդու արտագաղթի կամ բռնատեղահանության պատճառ է դարձել, ավելի վատ հեռանկար է սպասվում Աֆղանստանին, բայց հումանիտար աղետը, դույզն-իսկ, չի փոխում աշխարհաքաղաքական դերակատարների մերկանտիլիզմը։
Անցյալ տարի չաշխատեց, գործնական որեւէ արդյունքի չբերեց մեր որդեգրած քարոզչությունը, որ Արցախում կրկնվում է ցեղասպանությունը։ Քաղաքականության մեջ հումանիզմը գործի է դրվում ամենավերջում։