Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԿարս -2 չի ստացվում՚. ո՞րն է այլընտրանքը

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների թեման ռուսաստանյան մամուլի եւ փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում չէ, չափազանց սուղ է նաեւ տեղեկատվությունը։ Հիմնականում մեջբերվում են հանդիպման արարողակարգային մասում ՌԴ նախագահի եւ Հայաստանի վարչապետի փոխադարձ ողջույնի խոսքերը։ Այս դեպքում նկատել է տրվում, որ եթե Ռուսաստանի նախագահը բանակցությունների ընդհանուր թեմա է նշել, ապա Հայաստանի վարչապետը մասնավորեցրել է ԼՂ խնդրի չկարգավորվածությունը եւ ապագա քննարկումներում ՌԴ առանձնահատուկ դերը, բայց՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի։

Դեմ առ դեմ բանակցություններում կամ աշխատանքային ճաշի ձեւաչափի քննարկումներում այդ հարցին առանձին անդրադարձ եղե՞լ է՝ պարզ չէ։ Կրեմլի մամուլի ծառայությունը նշել է, որ քննարկվել են նոյեմբերի 9 –ի եւ հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը եւ այդ ուղղությամբ հետագա, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր։ Ասվածը թույլ է տալիս Պուտին-Փաշինյան բանակցությունների օրակարգը բաժանել երկու մասի՝ երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային խնդիրների թեմաների։
Անշուշտ, դրանք շաղկապված են, եւ երկկողմ հարաբերությունները չեն կարող արդյունավետ լինել, եթե գոնե չի ուրվագծվում տարածաշրջանային բարդ խնդիրների հանգուցալուծման հեռանկար։ Իսկ այստեղ հարցականները շատ ավելին են, քան՝ դրանց պատասխանները։ Իրավիճակին հավելյալ բարդություն է հաղորդում Իրան-Ադրբեջան լարվածությունը, որ վերջին օրերին սահմանային դիմակայությունից տեղափոխվում է դիվանագիտական մրցապայքարի հարթություն։
Խնդիրը չափազանց խորքային է։ Արեւմտյան որոշ փարձագետներ չեն բացառում իրանա-ամերիկյան հարաբերությունների կարգավորման հնարավորությունը։ Զուգահեռաբար ավելի է աճում թուրք-ամերիկյան փոխադարձ անվստահությունը։ Հարավային Կովկասի գլոբալ ապաշրջափակման նախագծին Իրանի մասնակցության վեկտորը հիմնականում արեւմտյան է՝ Հայաստան-Վրաստան-Եվրամիություն ելքի հեռանկարով։ Հակառակ պարագայում Իրանը կկենտրոնանար բեռնափոխադրումներն Ադրբեջան-Ռուսաստան ուղղությամբ իրականացնելու վրա։ Մանավանդ որ այդ լոգիստիկան արդեն իսկ թեսթավորված է եւ լիակատար գործարկման համար պահանջվում են անհամեմատ փոքր ծավալի ներդրումներ, քան պետք կլինի անել Մեղրի-Սիսիան նոր ճանապարհի կառուցման վրա։

Այդ՝ Հայաստան-Վրաստան-Եվրամիություն, ուղղությունը, երեւում է, ձեռնտու չէ Ռուսաստանին։ Իրանի արտգործնախարարի մոսկովյան այցից հետո հիմնական տպավորությունը, համենայն դեպս, դա է։ Բայց Ադրբեջանի հետ սահմանին լարվածությունը կողմերին ստիպում է հաշվի նստել ռեալ իրավիճակի հետ եւ, կարծես, բոլորի համար պարզ է, որ առանց Իրանի գործուն ներգրավվածության հնարավոր չէ հասնել Հարավային Կովկասում կայունության եւ համագործակցության։
Նոր իրավիճակն, անշուշտ, մարտահրավեր է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, որ անցած գրեթե մեկ տարում դիվանագիտական եւ ռազմադիվանագիտական մի քանի փորձ են արել՝ արագացնելու ՙՆախիջեւանի միջանցքի՚ եւ հայ-ադրբեջանական սահմանանշման եւ սահմանագծման հարցերի ֆորմալացումը եռակողմ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձեւաչափում։ Իրանի կտրուկ միջամտությունն, ընդհակառակը, Հայաստանի համար հնարավորություն է, որպեսզի դուրս կանգնի Ադրբեջանի արեւմտյան շրջանների-Նախիջեւան հաղորդակցության ՙմիջանցքային տրամաբանությունից՚ եւ օրակարգում պահի Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավորման առաջնահերթությունը։
Ռուսաստանում, իհարկե, գնահատում են այս նոր իրավիճակը։ Դրա արձագանքները պարզ նկատելի են նաեւ Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Ընդդիմությունը բացարձակ մեղադրանքներ է հնչեցնում Փաշինյանի հասցեին, թե ինչու է պաշտոնական այց կատարել Ռուսաստանի ՙթշնամի երկիր՚ Լիտվա կամ ինչու է ՙխորհրդապահական քննարկումներ ունենում՚ Վրաստանի վարչապետի հետ, չէ՞ որ պաշտոնական Թբիլիսին Մոսկվայի հետ ունի լարված հարաբերություններ։
Չափազանց ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանի Մոսկվայում գտնվելու օրը Հայաստան է ժամանել Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը։ Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ հնդկական կողմից դա այդ մակարդակի առաջին շփումն է Հայաստանի հետ։ Բանակցությունների ավարտին Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը խոսել է Պարսից ծոց-Սեւ ծով տրանսպորտային միջանցքի մասին եւ նշել, որ իր երկիրը Պարսից ծոցի իրանական նավանահանգիստներում ներդրումների ծրագիր է մշակում։
Աշխարհաքաղաքական ներկայիս դասավորություններում Հնդկաստանն ավելի շատ արեւմտյան՝ անգլո-սաքսոնական ուղղության գծի վրա է, թեեւ ռազմատեխնիկական համագործակցություն է պահպանում նաեւ Ռուսաստանի հետ։ Այս համապատկերին պետք է կարեւորել վարչապետ Փաշինյանի հետ բանակցությունների մեկնարկին ՌԴ նախագահ Պուտինի հնչեցրած այն միտքը, թե շուտով ԱՊՀ անդամ պետությունների առաջնորդների գագաթաժողովն է եւ իրեն պետք է Հայաստանի վարչապետի հետ ՙժամացույցները ճշտել՚։
Ավելի վաղ թե Բաքուն, թե Երեւանը պատրաստակամություն էին հայտնել բարձր մակարդակի հանդիպման գնալ։ ԱՊՀ գագաթաժողովի մասին ՌԴ նախագահի ակնարկից, թերեւս, կարելի է եզրակացնել, որ խոսքը վերաբերում է միջոցառման շրջանակներում Փաշինյան-Ալիեւ երկխոսություն կազմակերպելու վերաբերյալ Հայաստանի վարչապետի դիրքորոշման ճշտմանը։ Մինչ այդ կարծիք կար, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպում փորձում են նախապատրաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Խորհրդանշական է, որ Պուտին-Փաշինյան բանակցությունները կայացել են Կարսի պայմանագրի հարյուրամյակի ճիշտ նախօրեին։ Հարյուր տարի առաջ Հարավային Կովկասի իրավա-քաղաքական ստատուս-քվոն սահմանվել է ռուս-թուրքական համաձայնությամբ։ Ներկայումս ներգրավված են այլ կողմերի եւս՝ Իրան, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ։ Դա, իահարկե, երաշխիք չէ, որ նախկին ստատուս-քվոն կվերականգնվի, բայց մյուս կողմից էլ լուրջ փորձաքննություն է պահանջում այսպես կոչված միջազգային միջնորդության հնարավոր հետեւանքների խնդիրը։ Եթե Կարս-2-ը չի ստացվում, ապա ո՞րն է այլընտրանքը եւ այն իրացնելու ռեսուրսը։