[ARM]     [RUS]     [ENG]

ՌԴ խաղաղապահության մանդատը` որպես նաև արբիտրաժ

Նելլի Բաղդասարյան

ԱՀ նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական, տարածաշրջանային հարցերով փորձագետ

 Խաղաղապահ զորախմբի գործառույթներն Արցախի Հանրապետությունում /Լեռնային Ղարաբաղում/

Խաղաղապահությունը ոչ միայն առաքելություն է, այլ նաև պատասխանատվություն. Արցախի Հանրապետությունը  ՌԴ խաղաղապահության պաշտոնական փաստաթղթերում հիշատակվում է որպես «Լեռնային Ղարաբաղ», որը բաժանված է Պատասխանատվության Հարավային և Հյուսիսային գոտիների, ընդգրկում է 27 դիտորդական կետ, որոնք իրականացնում են իրավիճակի  շուրջօրյա մշտադիտարկում: Ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման վերահսկողության համար ռուսական դիտակետերը տեղակայվում են  ԱՀ /Լեռնային Ղարաբաղի/ շփման գծի երկայնքով, ինչպես նաև  Հայաստանը և ԱՀ-ն /Լեռնային Ղարաբաղը/ միացնող Լաչինի միջանցքի երկայնքով: 

Չկա որևէ լրացուցիչ բաց փաստաթուղթ, որտեղ հստակ նշված են խաղաղապահության ինստիտուտի ստանձնած գործառույթները: Դե յուրե որպես այդպիսին հանդիսանում են ՌԴ կողմից ամենօրյա ռեժիմով հրատարակվող տեղեկագրերում քննարկված խնդիրների մասին տեղեկատվությունը /այս մասին առավել մանրամասն առաջիկայում/:

Ադրբեջանը չի ստորագրել խաղաղապահության մանդատը

Ադրբեջանը ստորագրել է Եռակողմ պայմանավորվածության մասին  հայտարարությունը, այդպիսով իր համաձայնությունը տալով  խաղաղապահության ներդրմանը: Ադրբեջանը չի ստորագրել խաղաղապահության մանդատը, որը որպես իրավական ածանցյալ փաստաթուղթ պետք է լիներ Եռակողմ պայմանավորվածությունից հետո: Այս հանգամանքը հնարավորություն է տալիս Ադրբեջանին  խուսանավելու և խաղաղապահության մասին արտաքին  ու ներքին լսարանում տրամագծորեն հակառակ խոսույթ ապահովելու: 

Խաղաղապահության մանդատը որպես նաև  արբիտրաժ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից հակամարտող կողմերը մշտապես պահանջում էին հասցեականություն և արբիտրաժ, ինչն իրականում բացակայում  էր նրա գործառույթներում: Ընդ որում,  այս գործառույթի բացակայությունից մշտապես օգտվում էր Ադրբեջանը հայկական կողմին ուղղված պաշտոնական մեղադրական հայտարարություններում: Ստացվում է այնպես, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՌԴ-ն հակամարտության  գոտում խաղաղապահության մանդատով ստանձնել է արբիտրաժային խնդիր. խաղաղապահությունն ունի շփման գծի միջադեպերի հետաքննության մեխանիզմներ:     

Գործնականում, եթե մինչև պատերազմը Ադրբեջանին հաջողվում էր սահմանային միջադեպերը հերքել կամ դրանք որակել որպես կեղծ տեղեկատվություն, այսօր դա գրեթե անհնար է, քանի որ խաղաղապահությունը փաստական առումով հնարավոր  օբյեկտիվություն է պահպանում, ինչն առաջին հերթին  մանդատի հանդեպ վստահության առաջնային մեխանիզմ է: Հետևաբար ակնկալել, որ հետաքննության արդյունքները կարող են կողմերից որևէ մեկի օգտին  ծառայեցվել, իրավական փաստերի առկայության դեպքում հնարավոր չէ: 

Այնուամենայնիվ, ինչո՞ւ են շփման գծում միջադեպերն առայժմ շարունակական լինելու

 «Հակամարտությունը չի կարգավորվել» շեշտում ենք մենք և հակամարտության  կարգավորման մանդատը ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:   Օբյեկտիվ դիտարկումներ կատարելով շփման գծում տիրող իրավիճակի նկատմամբ՝   խնդիրը կրկին ստիպված ենք տեղավորել  «սողացող հակամարտության» տրամաբանության մեջ: 1994 թ. կնքվել էր Հրադադարի մասին Եռակողմ պայմանավորվածությունը,  որի խոշոր խախտումները մի կողմ թողնելով,  նշենք, որ   մինչև 44-օրյա պատերազմը Արցախի Հանրապետության ՊԲ-ն շաբաթն ամփոփում էր ադրբեջանական կողմից արձակված 300-1000 կրակոցի դեպք արձանագրելով: Հաշվի առնելով, որ արցախա-ադրբեջանական սահմանային գիծը հիմնականում հեռու էր գտնվում բնակավայրերից, փոքր տրամաչափի զենքերից արձակված կրակոցները գրեթե չէին լսվում, հետևաբար նաև արձագանք չէին ստանում  խաղաղ բնակավայրերի բնակչության շրջանում` այդպիսով թվացյալ խաղաղության պատկեր ստեղծելով: Այսօր արցախա-ադրբեջանական շփման գիծը հայկական խաղաղ բնակավայրերի հարակից տարածքում նվազագույնը  50,  առավելագույնը 2000 մետր է կազմում: Հատկապես փոքր տրամաչափի զենքերից ամենօրյա հրաձգության դեպքերը ԱՀ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ և խաղաղ բնակիչներին թիրախավորելու  դեպքերը ադրբեջանական կողմից գործնականում շարունակվում են, չնայած այն հանգամանքին, որ շփման գիծը վերահսկվում է ԱՀ ՊԲ և խաղաղապահության դիտարկման դիրքերի կողմից: Սա Ադրբեջանի կողմից ԱՀ-ն հայաթափելուն ուղղված ահաբեկչական քաղաքականություն է, որի մասին բազմիցս առիթ ենք ունեցել փաստելու: Մյուս քաղաքական նպատակը ԱՀ հասարակության ներսում բացասական տրամադրություններ և անվստահություն հրահրելն է խաղաղապահության  ինստիտուտի   նկատմամբ: 

Խաղաղապահություն ստանձնելը հեղինակության հարց է և ոչ միայն

Ակնկալել ավելին, քան այսօր կատարվում է ՌԴ խաղաղապահության ինստիտուտի կողմից, իրատեսական չէ: Պատերազմից հետո տարածաշրջանում հաստատուն տեղ գրավեց նաև Թուրքիան` ներկայացվելով Ակնայում /Աղդամում/՝ հակամարտության գոտում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնի ձևաչափով: Իհարկե, չպետք է բացառել, որ Թուրքիայի խաղաղապահության լայն ձգտումների կողքին սա նվազագույնն  է. Թուրքիան այսօր դե յուրե  ներկայացված է տարածաշրջանում և ՌԴ-ն կիրառում էր դիվանագիտական զսպման  հնարավոր միջոցները, որպես օրինակ կարելի է բերել Բերձորում թուրք-ադրբեջանական զորավարժության մասին ՌԴ դժգոհության արտահայտումը:

Չնայած խաղաղապահության չեզոք ներկայությանը` ՌԴ-ն առաջիկայում տարածաշրջանում իր հեղինակությունն ապահովելու համար Ադրբեջանի ուղղությամբ ստիպված կլինի կիրառել «խաղաղության  պարտադրանքի» մեխանիզմներ: Սա ենթադրում է քաղաքական և տեխնիկական գործիքակազմ միաժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում: Միայն կոշտ  մեխանիզմների միջոցով հնարավոր կլինի չեզոքացնել Ադրբեջանի քաղաքական նպատակները խաղաղապահությունը ժամանակի ընթացքում դուրս մղելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է տեխնիկական գործիքակազմին, ստեղծված պայմաններում այն անվտանգային փաթեթ է, որը շարունակական համալրման կարիք ունի: Առաջնագծում միջադեպերի վերջին իրողությունները անհրաժեշտություն են առաջադրում ՌԴ խաղաղապահության կողմից լրացուցիչ տեսահսկման և մշտադիտարկման տեխնիկական միջոցների ներդրման, ինչպես նաև ԱՀ ՊԲ կողմից իրականացված դիտարկման արդյունքում ստացված փաստերի հետաքննության, ինչը կարող է կանխիչ ազդեցություն ունենալ և հնարավորինս նվազեցնել միջադեպերի հաճախականությունը: 

Փաստ է,  որ խաղաղապահությունն իրականացվում  է իրականացնող  երկրի  միջազգային  հեղինակության հաշվին,  իսկ հաջողված ընթացքն ու արդյունքը բարձրացնում է նրա հեղինակությունը: Հետևաբար հարց է ծագում, ո՞րքան երկար ժամանակ ՌԴ-ն  կարող  է հանդուրժել  Ադրբեջանի  կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով  խաղաղապահության  վարկանիշին  ուղղված հարվածներըինչն  ամենաուղիղ հարվածը  կարող է լինել ՌԴ միջազգային հեղինակությանը:  

Խաղաղապահության հետագա ամրագրումը մեծապես բխում է նաև ՌԴ շահերից, ի թիվս բազմաթիվ հանգամանքների, տարածաշրջանային դիտարկումներին գումարվում է նաև ահաբեկչության վտանգի հետևողական աճը,  խաղաղապահության տեղակայմամբ ՌԴ-ն հեռացնում է իր անմիջական սահմաններին սպառնացող վտանգները, այդ թվում նաև ահաբեկչության հանգամանքը: Պատահական չէ, որ հոկտեմբերի 18-ին ՌԴ և Իրանի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո իրանական կողմը հայտարարեց, որ Իրանը և ՌԴ-ն պատրաստվում են համաձայնություն ստորագրել, որը ենթադրում է ռազմական համագործակցություն, զենքի գնում և պայքար ահաբեկչության դեմ, բայց Իրանում դեռ պատրաստ չեն ՌԴ հետ ռազմական բլոկ ձևավորելուն: Գաղտնիք չէ, որ ահաբեկչական վտանգի գլխավոր ուղղությունները  44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում շարունակում են մնալ Ադրբեջանն ու Թուրքիան: