ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՁԳՏՈՒՄ ԵՆ ՎԵՐՍԿՍԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՉ ԹԵ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԱՆՑՆԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ
Հայաստանը նշել է, որ պատրաստ է սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել, ապաշրջափակման շուրջ աշխատանքներն արդեն իսկ ընթանում են: Սակայն Խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին որևէ խոսք չի գնում, ՀՀ-ն կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերականգնումը և Արցախի կարգավիճակի հարցը։
Մինչդեռ`ՙԱշխարհը COVID-19-ից հետո՚ գլոբալ ֆորումի բացման ժամանակ Ալիևը դժգոհել է սահմանազատման հարցում Հայաստանի արձագանքի բացակայությունից։
Օրերս ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, պատասխանելով լրատվամիջոցների մի շարք հարցերի, հիշեցրել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վերսկսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո։
ՙՄիևնույն ժամանակ, 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության հիման վրա՝ Հայաստանը ներգրավված է եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) աշխատանքային քննարկումներում, որոնք վերաբերում են տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ 2021 թվականի մայիսից ի վեր եռակողմ ֆորմատով քննարկվել է նաև ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը ու Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի հնարավոր մեկնարկի գաղափարը, որը մինչ այս պահը կյանքի չի կոչվել։
Սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում խորհրդատվական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև Եվրամիությունը։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերը նշված օրակարգի մասին հայտարարել է դեռ ամիսներ առաջ և հետևողական է լինելու դրա առաջմղման, Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերը պաշտպանելու, տևական խաղաղություն և կայունություն հաստատելու հարցում՚,- նշել էր ԱԳՆ խոսնակը։
168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ Խաղաղության համաձայնագիր չի պատրաստվում, քանի որ, ենթադրաբար, Բաքուն իր օրակարգն է առաջ քաշում, որը նաև անտեսում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, համանախագահ երկրների, ինչպես նաև Հայաստանի կողմից առաջ քաշված խնդիրները։
ՙԱդրբեջանական օրակարգը կարող է իրականացվել թե՜ Մինսկի խմբով, թե՜ առանց իրենց, սակայն այստեղ առանցքայինն այն է, որ կարգավիճակի հարցում Հայաստանի սկզբունքային մոտեցմանն աջակցում են և՜ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները, և՜ հատկապես Ֆրանսիան ու ԱՄՆ-ն։ Համաձայնել այդ առաջարկին՝ նշանակում է` նաև այդ հարցը չկարողանալ ինչ-որ կերպ առաջ մղել հետագայում։ Իսկ Ադրբեջանը, որը հաղթող կողմ է, շտապում է, ցանկանում է իր հաղթանակն ամրագրել թե՜ երկրի ներսում, թե՜ տարածաշրջանում և թե՜ աշխարհում։ Դրա համար նախաձեռնվեց սահմանազատման հարցը, որի շուրջ, կարծես, գլոբալ տարաձայնություններ չկան, և դա պարզապես ժամանակի հարց է, կան ապաշրջափակման բանակցություններ, և կա կարգավորման գործընթաց, որում Հայաստանը, Մինսկի խումբն ունեն առաջարկ՝ բանակցության այդ ձևաչափով բոլոր խնդիրների լուծում, ապա նոր Խաղաղության համաձայնագիր, իսկ քանի որ կարգավիճակի հարց Ադրբեջանի համար գոյություն չունի, միանգամից առաջարկվում է համաձայնագիր։
Բայց համանախագահ երկրները և Հայաստանը ֆիքսել են, որ կան չլուծված հարցեր և դրանք պետք է բանակցվեն, և որքան էլ կանխատեսվում է, որ այդ բանակցությունները կարող են երկար ձգվել, միևնույն է, դա է խնդիրը լուծելու ճանապարհը՚,-ասաց Ստյուարտը։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տարածաշրջանում է ամերիկացի համանախագահը, ինչպես նաև Ֆրանսիան և Ռուսաստանը փոխեցին իրենց համանախագահներին։
ՙԳործընթացում ներգրավված բոլոր գերտերություններն ունեն կոնսենսուս այն հարցում, որ Մինսկի խումբը գոնե ապագայում աշխատելու է, այդ ձևաչափի շրջանակում պետք է քննարկվի Ղարաբաղյան հակամարտությունը, որն ակնհայտորեն ավարտված չէ։ Համանախագահներին վերադասավորելով, աշխատեցնելով՝ համանախագահ երկրները պատրաստվում են ապագա աշխատանքներին։ Այդ մասին դիվանագիտական հայտարարություններ են եղել։ Այս փուլի համար նաև բնականոն է այն աշխատանքը, որն ընթանում է։
Ապաշրջափակումն ինքնին բարդ ու ծավալուն տեխնիկական, աշխարհաքաղաքական աշխատանք է, նույնը կարելի է ասել նաև սահմանազատման մասին, որը ևս բարդ է կազմակերպելը, երբ կան չլուծված հարցեր, ուստի իրավիճակի բարդությունը հասկանալի է ընդհանուր առմամբ նման բարդ տարածաշրջանի դեպքում։ Համանախագահները ձգտում են վերսկսել բանակցությունները, ոչ թե միանգամից անցնել Խաղաղության համաձայնագրին, պարզ է, որ հաջող բանակցությունների արդյունքում կնքվում է համաձայնագիրը՚,- ասաց նա։