ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ՝ ԷՔԶԻՍՏԵՆՑԻԱԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեկամյակի կապակցությամբ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ։ Նրանում մասնավորապես նշված էր, որ միջազգային իրավունքի նորմերն արգելում են ճանաչել ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառման արդյունք հանդիսացող ցանկացած տարածքային նվաճում։ Ավելին՝ ուժի կիրառումը չի կարող չեղարկել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը՝ ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշումը, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և այլ հիմնարար միջազգային փաստաթղթերում։
Ուժի կիրառմամբ Ադրբեջանն ահաբեկչական Թուրքիայի և մերձավորարևելյան վարձկանների աջակցությամբ օկուպացրեց Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասը, զավթված տարածքներում ոչնչացրեց հայկական պատմամշակութային ժառանգությունը։ Պատերազմից մեկ տարի անց էլ, հակառակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, շարունակում է ադրբեջանական բանտերում խոշտանգել, կտտանքների ենթարկել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։ Շարունակում է թիրախավորել ու կյանքից զրկել խաղաղ աշխատանքով զբաղված արցախցիներին, որոնք իրենց հայրենիքում ապրելու և արարելու վճռական կամք ունեն։ Արցախի հայաթափման քաղաքականության ֆոնին Բաքուն հայտարարում է, թե հակամարտությունն անցյալում է, մնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրումը։ Խաղաղության ու հաշտության մասին հայտարարություններն էլ ուղեկցվում են նոր հանցագործություններով։ Մեկ ամիս առաջ սեփական հողակտորում աշխատելիս, ռուս խաղաղապահի ներկայությամբ, Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից զոհվեց Մարտակերտ քաղաքի բնակիչը։ Քաղաքացիական անձանց թիրախավորելու ևս մեկ դեպք արձանագրեցինք նոյեմբերի 8-ին, Շուշիի մերձակայքում։ Ադրբեջանցի զինծառայողը կրակոցներ արձակեց ջրամատակարարման աշխատանքներ իրականացնող՝ Ստեփանակերտի ՙՋրմուղ-կոյուղի՚ ՓԲԸ-ի աշխատակիցների ուղղությամբ։ 22-ամյա Մարտիկ Երեմյանը մահացավ տեղում, երեք հոգի հրազենային տարբեր վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց։ Հերթական այս միջադեպն, այո, Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող հայատյաց, ցեղասպան քաղաքականության վկայությունն է։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի խոսքում պահանջ հնչեց վերջ դնել ադրբեջանական կամայականություններին ու անպատժելիությանը, ինչը հնարավոր է Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի հանցավոր գործողությունների ուսումնասիրության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար հստակ մեխանիզմների ներդրմամբ։ Նշենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի կապակցությամբ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն իր հայտարարությունում կոչ արեց հետաքննություն իրականացնել մարդու իրավունքների ոտնահարումների և միջազգային իրավունքի խախտումների վերաբերյալ պնդումների հետ կապված։
Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում Շուշիի մերձակայքում կատարվածն ահաբեկչություն որակեց՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ գործողությունները երկարաժամկետ նպատակ ունեն։ Նախարարի խոսքով՝ սպանված և վիրավորում ստացած քաղաքացիները ռուս խաղաղապահների համար ջրատարներն էին վերանորոգում, երբ նրանց է մոտեցել զինված ադրբեջանցին։ Փորձում են արցախցիներին վախեցնել, որպեսզի նրանք հեռանան, իսկ վերադառնալ պատրաստվողներն էլ՝ մտափոխվեն, ասել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով՝ Բաքուն փորձում է կանխել Արցախի վերականգնման գործընթացում արվող ներդրումները։
Դե ինչ, ձեռագիրը չի փոխվում։ Ադրբեջանցի զինծառայողի համար հերոսություն է անզեն հային սպանելը։ Տարիներ առաջ քնած հայ սպային կացնահարեցին, հետո էլ հանցագործին հերոսացրին։
Շուշիում ահա այդպես հաղթանակ տոնեցին։ Տոնի կապակցությամբ Ադրբեջանին սրտանց, ջերմորեն շնորհավորեցին Ղազախստանի և Բելառուսի ղեկավարները։ Նրանք չդատապարտեցին Բաքվի՝ հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձմանը խոչընդոտող գործողությունները, Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումները, իրենց հայրենիքում խաղաղ աշխատանքով զբաղված մարդկանց սպանությունները։
Այսօր մենք հարկադրված ենք վերահաստատել, որ Արցախի ժողովուրդը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առաջ։ Սա նշանակում է, որ ադրբեջանա-արցախյան հակամարտությունը չի հանգուցալուծվել, հետևաբար, անտրամաբանական է Բաքվի պնդումը, թե հակամարտությունը լուծվել է ռազմական ճանապարհով։ Եթե այդ ճանապարհով լուծված լիներ, ադրբեջանցի զինծառայողը զենք չէր կիրառի խաղաղ աշխատանքով զբաղված մեր քաղաքացիների դեմ։ Իր հայրենիքում ապրելու՝ արցախցու անօտարելի իրավունքի ոտնահարման փաստերը վերստին ստիպում են բարձրաձայնել մեր ժողովրդի էքզիստենցիալ անվտանգության խնդրի մասին։ Սրա վրա պետք է սևեռվի համանախագահող պետությունների և, ընդհանրապես, միջազգային հանրության ուշադրությունը։