ՄՈՍԿՎԱՅԻՑ ՈՒ ՓԱՐԻԶԻՑ ԱԿՆԿԱԼԵ՞ՆՔ ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպման վայրը Փարիզն էր։ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Եվրամիության առաջատար, շարունակում է ջանքեր գործադրել ադրբեջանա-արցախյան հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ։ Այս իմաստով առանձնահատուկ կարևորություն պետք է տալ քառասունչորսօրյա պատերազմից հետո Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված՝ ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին՚ բանաձևին։ Այսօր էլ պաշտոնական Փարիզն իր հայտարարություններում առաջնային նշանակություն է տալիս Արցախի կարգավիճակի հստակեցման խնդրին՝ հանդես գալով մարդու իրավունքների պաշտպանության, ժողովուրդների իրավահավասարության և ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման դիրքերից։
Համանախագահները Փարիզում առանձին հանդիպումներ անցկացրին Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Այնուհետև Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանի մասնակցությամբ անցկացվեց համանախագահների և երկու արտգործնախարարների հանդիպում։ Նման հանդիպումներից հետո միջնորդները, սովորաբար, հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ։ Իգոր Խովաևը, Էնդրյու Շոֆերն ու Բրիս Ռոքֆեյն իրենց հայտարարությունում ընդգծեցին ՙմարդասիրական հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը, որոնք ներառում, բայց չեն սահմանափակվում պահվող անձանց, ականազերծման, անհետ կորածների, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական ու մշակութային վայրերի պաշտպանության խնդիրներով, նաև կողմերին կոչ արեցին անարգել մուտք ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների համար՚։ Եվս մեկ շեշտադրում՝ կողմերը պետք է խուսափեն հրահրիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից։ Թերևս, կարելի է հասկանալ, թե ինչու են համանախագահներն առաջին հերթին կարևորում մարդասիրական հարցերում առաջընթաց արձանագրելու անհրաժեշտությունը։ Ըստ էության, երեք համանախագահներն էլ պատերազմից հետո առաջացած հումանիտար ճգնաժամի հաղթահարումն առաջնահերթություն են համարում, ինչը տեքստում արտահայտված է կոնկրետ մեսիջներով։ Այսպես, ՙպահվող անձինք՚ հասկացության ներքո միջնորդները նկատի են ունեցել և՜ ռազմագերիներին, և՜ քաղաքացիական անձանց։ Սա Ադրբեջանին ուղղված ազդակ է առ այն, որ միջազգային մարդասիրական նորմերի տրամաբանությունից դուրս է պատերազմից հետո ռազմագերիների հարցը քաղաքական շահարկումների ենթարկելը, նրանց ահաբեկչի պիտակ կպցնելը, դատելն ու ազատազրկման դատավճիռներ ընդունելը։ Միջազգային մարդասիրական օրենքների համաձայն՝ պահվող անձինք պետք է հայրենադարձվեն պատերազմից անմիջապես հետո։ Դրա հետ մեկտեղ, պետք է նշել, որ հայտարարությունում հիշատակված հումանիտար խնդիրների շարքում կան այնպիսիները, որոնց լուծման համար միջնորդները ներկա իրադրությունում ի վիճակի չեն համապատասխան պայմաններ ապահովել։ Ինչպե՞ս ապահովել տեղահանվածների կամավոր վերադարձն իրենց բնակավայրեր, անվտանգության ի՞նչ երաշխիքներով, եթե հակառակորդը զինադադարի հաստատումից հետո էլ շարունակում է թիրախավորել խաղաղ աշխատանքով զբաղված քաղաքացիական անձանց։ Կամ՝ կոնկրետ ի՞նչ մեխանիզմ կիրառել պատմական ու մշակութային վայրերի պաշտպանության համար, եթե ադրբեջանցիներն այդ ժառանգությունն սկսել են ոչնչացնել արցախյան տարածքներ ներխուժելու պահից։
Ուշադրություն դարձնենք, սակայն, մեկ այլ իրողության։ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակվել է Սերգեյ Լավրովի անդրադարձը Փարիզյան հանդիպումներին։ Նրանում ընդգծված է, որ բոլորն աջակցել են 2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությանը։ Արտգործնախարարի հավաստմամբ՝ ՙհամանախագահների գործունեությունը շուտով կենտրոնանալու է հումանիտար խնդիրների վրա՝ տարածաշրջանի հայ և ադրբեջանական համայնքների միջև վստահության մթնոլորտի ձևավորման նպատակով պայմաններ ապահովելու, ամենօրյա հարցերը կառուցողական փոխզիջումների ոգով լուծելու համար՚։ Սա հենց այնպես պատահական չի ասվել։ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, որպես համանախագահող պետություններ, ընդունել են հումանիտար ուղղությունում անցած մեկ տարվա ընթացքում ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի կողմից իրականացված աշխատանքը՝ միաժամանակ նախանշելով մի շարք ոլորտներ, որտեղ պետք է ավելին անել։ ՌԴ արտգործնախարարի խոսքից հետևում է, որ փարիզյան հանդիպումների ընթացքում աջակցության է արժանացել ռուս խաղաղապահների առաքելությունը՝ զուտ մարդասիրական խնդիրների լուծման առումով։ Խոսքը չի վերաբերում հիմնախնդրի քաղաքական կարգավորմանը։ Այս հանգամանքը դիտարկենք աշխարհաքաղաքական ընթացիկ զարգացումների տեսանկյունից։ Արևմուտքը ներկայում կենտրոնացած է բելառուսա-լեհական սահմանին ծավալվող իրադարձությունների վրա։ Ռուսաստանյան վերլուծական շրջանակները Բելառուսում ստեղծված իրավիճակի շուրջ Եվրամիության և Մոսկվայի միջև երկխոսության մեծ հավանականություն են տեսնում։ Տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվա-Փարիզ քաղաքական երկխոսությունն Արցախի խնդրի շուրջ առաջիկայում կարող է ավելի խորանալ՝ ընդհուպ մինչև գործողությունների փոխհամաձայնեցում կամ՝ համատեղ ջանքերով առանձին խնդիրների լուծում։ Հնարավո՞ր է, արդյոք, ռուս խաղաղապահների հետ միասին ֆրանսիական կողմի ակտիվ ներգրավվածություն հակամարտության գոտում ծավալվող գործընթացներում։ Հետագա զարգացումները ցույց կտան, թե որքանով է իրականությանը մոտ նման ենթադրությունը։ Նշվածին պարզապես հավելենք Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների միջև նոյեմբերի 16-ին տեղի ունեցած հեռախոսազրույցը։ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդած տեղեկություններով՝ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են ղարաբաղյան խնդիրը։ Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանն այսուհետ ևս քայլեր կձեռնարկի, որոնք կնպաստեն իրադրության կայունացմանը և ռուսական միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացմանը։