Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Բելառուսական ՙՊոլոնեզի՚ առեղծվածը

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ռուսաստան-Բելառուս իրավա-տնտեսական ինտեգրացիայի ՙԴեկրետը՚ միջազգային փորձագիտական շրջանակների կողմից դիտարկվում է հիմնականում ռազմա-անվտանգային բաղադրիչի նկատմամբ սուր հետաքրքրության կտրվածքով։ Դրան նախորդել են ՙԱրեւմուտք 2021՚ համատեղ զորավարժությունները։ Տեղեկություններ կան, որ ռուսական զորախմբի տեխնիկական միջոցների մի շատ զգալի մասը մնացել է Բելառուսի տարածքում, որտեղ Ռուսաստանը մի քանի ռազմահենակայան արդեն իսկ ունի։

Արեւմտյան փորձագիտական հանրությանը խիստ անհանգստացրել է պետական դումայի պատգամավոր, գեներալ Իվաշովի գնահատականը, որ ՙՄիութենական պետության արտաքին սահմանների պաշտպանությունն ավելի հուսալի կլինի, եթե Բելառուսի տարածքում տեղաբաշվի տակտիկական նշանակության միջուկային զենք՚։- ԱՊՀ կազմավորման մասին հիմնարար փաստաթղթերով Ուկրաինան, Բելառուսը եւ Ղազախստանը հրաժարվել են իրենց տարածքում խորհրդային միջուկային զինանոցից, բոլոր միջոցները փոխանցվել են Ռուսաստանին։
Ի պատասխան մտահոգությունների, որ ՆԱՏՕ-ն եւ Միացյալ Նահանգները կընդդիմանան Բելառուսում միջուկային սպառազինության տեղաբաշխմանը, պետդումայի պատգամավորն ասել է, որ ամերիկյան մարտագլխիկներ կան Գերմանիայում եւ Թուրքիայում, բայց դրանից չի հետեւում, թե այդ երկրները պաշտոնապես միջուկային տերություն են։ ՙԽոսքը տեխնիկական տեղաբաշխման, ոչ թե Բելառուսը միջուկային տերություն դարձնելու մասին է՚,-պարզաբանել է գեներալ Իվաշովը։ Նա, ի դեպ, փորձագիտական հանրության կողմից համարվում է Ռուսաստան-Բելառուս անվտանգային համակարգի տեսական մշակումների հիմնադիրը։
Արեւմտյան մամուլում արտահոսք է եղել, որ Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի տեղաբաշխման շուրջ քննարկումները ՙմիանգամայն հավաստի են՚։ Ռուսաստանը Բելառուսին մատակարարել է չորրորդ սերնդի Սու 30Մ կործանիչներ։ Դրանք, ինչպես նույն աղբյուրներն են պնդում, ունակ են կրել եւ արձակել մարտավարական միջուկային մարտագլխիկներ՝ օդ-երկիր հրթիռների միջոցով։
Ռազմական ոլորտի մասնագետները նաեւ ՙփոքրիկ գաղտնիք՚ են բացել՝ հրապարակայնացնելով, որ Բելառուսի զինանոցում առկա եւ այլ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանին վաճառվող համազարկային կրակի ՙՊոլոնեզ՚ հրթիռակայանքները ՙռուս-բելառուսական համատեղ մշակումների արդյունք են՚։- Դրանք, ըստ էության, նախագծվել եւ արտադրվել են որպես ՙմարտավարական նշանակության միջուկային մարտագլխիկները տեղ հասցնող կայանքներ՚։
Ըստ որոշ փորձագետների, գոյություն ունի ՙՊոլոնեզի՚ արդիական համակարգ, որի հրթիռի հեռահարությունը հասնում է 300 կիլոմետրի։ Դա միանգամայն բավարար է, որպեսզի Բելառուսի տարածքից մարտավարական միջուկային զենքը հասնի Մերձբալթիկա եւ Արեւելյան Եվրոպայի երկրներ, առաջին հերթին՝ Լեհաստան։ Ռուսաստանի մի քանի լրատվամիջոցներ գրեթե ունիսոն գրում են, որ Բելառուսում խորհրդային ժամանակներից մնացել եւ անթերի վիճակում պահպանվում են նաեւ ՙմիջմայրցամաքային միջուկակիր հրթիռների արձակման հորահարթակներ՚։
Սա չափազանց թափանցիկ ակնարկ է, որ ՆԱՏՕ-Ռուսաստան դիմակայության արեւմտյան ՙթատերաբեմում՚ որեւէ առարկայական սպառնալիքի կանխատեսման դեպքում Ռուսաստանը կարող է ՙըստ անհրաժեշտության օգտագործել՚ խորհրդային ժամանակներից մնացած ռազմական ենթակառուցվածքները։ Պետական դումայի պատգամավորի մակարդակը բավական լուրջ է, որպեսզի գեներալ Իվաշովն իրեն թույլ տա զբաղվել ինքնագործունեությամբ, այն էլ՝ նման զգայուն, արտաքին քաղաքական մարտահրավերներով հղի թեման արծարծելիս։
Փորձագիտական գնահատականներում, իհարկե, Բելառուսի ՙմիջուկային տերության՚ հեռանկարի ՙբացահայտումը՚ բացատրվում է ռուս-ամերիկյան հարաբերություններում փոխադարձ ՙկսմիթների քաղաքականության՚ համատեքստում։ Կողմերը քննարկում են ռազմավարական միջուկային սպառազինությունների վերահսկման, տիեզերքում ապառազմականացման, կիբերանվտանգության ոլորտում զսպման մեխանիզմների ներդրման հարցերի շուրջ եւ, թերեւս, բացառված չէ, որ արմատական պայմանավորվածություններում առավել նպաստավոր դիրք ձեռք բերելու համար փոխադարձեն նման քայլեր։
Միաժամանակ, սակայն, արեւմտյան վերլուծաբանական կենտրոններից ազդակներ են տարածվում, որ եթե Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային սպառազինություն տեղաբաշխվի, ապա ՙՄիացյալ Նահանգները ռազմահենակայան կունենա Վրաստանում՚։ ԱՄՆ-ն մտադիր է գործարկել Սեւ ծովի ափամերձ երկրների հետ համագործակցության ծրագիր՝ Թուրքիայի եւ Վրաստանի ներգրավմամբ։ Դա կարելի է դիտարկել որպես հարավկովկասյան 3+3 ՙպլատֆորմին այլընտրանք՚։
Հայտնի է, որ Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը ձեւավորել են ռազմաքաղաքական համագործակցության առանձին հարթակ։ Եթե սեւծովյան համագործակցության՝ ԱՄՆ կողմից առաջարկվող ձեւաչափին Ադրբեջանը չի ներգրավվում այլ փուլում, ապա չի հետեւում, թե հետագայում դա տեղի չի ունենա։ Կամ Միացյալ Նահանգները նաեւ Հայաստանի համար բաց չի թողնում աշխարհաքաղաքական ընտրության ՙպատուհանը՚։ Հայաստանի ներքաղաքական դիսկուրսն այսօր երկու բեւեռի՝ Ռուսաստան-Բելառուս ՙմիութենական պետության՚ հետ խոր ինտեգրացիայի եւ եվրաատլանտյան քաղաքակրթական միջավայրին ներգրվելու միջեւ է։