[ARM]     [RUS]     [ENG]

Սոչիից՝ Սուխու՞մ. Սյունիքի աշխարհաքաղաքական նշանակությունը

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ 

ՙԱզատություն՚ ռադիոկայանի ադրբեջանական ծառայության խմբագիր Խադիջա Իսմայլովան Սոչիի եռակողմ Հայտարարությունից հետո ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է խորհրդային Ադրբեջանի քարտեզը, որը, ինչպես նա է գրել, պահվում է ՙՄԱԿ-ում՝ այդ կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցության մասին որոշմանը կից՚։- Իսմայլովայի գրառումը լայնորեն քննարկվել է սոցցանցերի ադրբեջանական տիրույթում այն կտրվածքով, որ ՙՍոչիում Ռուսաստանը պարտադրել է, եւ Ադրբեջանը ճանաչել է, որ Զանգեզուրը, Սեւանի ավազանը պատկանում են Հայաստանին՚։

ՙԹուրան՚ գործակալության տնօրեն Մեհման Ալիեւը կարծում է, որ Աշխաբադում օգտագործելով ՙԶանգեզուրի տրանսպորտային միջանցք՚ ձեւակերպումը, Իլհամ Ալիեւը ՙհրաժարվել է դեպի Նախիջեւան Էքստերիտորիալ միջանցքի պահանջից՚։- Նրա կարծիքով՝ ՙԱդրբեջանը դեպի Նախիջեւան ճանապարհ կստանա, բայց ռուս սահմանապահների հսկողության ներքո՚։- Միլլի մեջլիսի պատգամավոր Իլքին Գադիրլին նույնպես գտնում է, որ ՙմիջանցքը, ինչպես պատկերացնում են ոմանք, չի լինի, բայց Նախիջեւանի հետ հաղորդակցությունը կվերականգնվի՚։
Հայտնի լրագրող եւ քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը, որ վտարանդի է եւ մշտապես ապրում է Եվրոպայում, ուշադրություն է հրավիրել եռակողմ Հայտարարության այն դրույթին, որտեղ կողմերն ընդգծում են ռուսական խաղաղապահ զորախմբի դերը։ Միրկադիրովի համոզմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանագծումը եւ սահմանազատումը ՙկարող է տեւել տասնամյակներ, եւ այդքան ժամանակ էլ ռուս խաղաղապահները մնալու են՚ Լեռնային Ղարաբաղում։ Նա ընդգծել է, որ Հայտարարության մեջ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը գնահատված է ղարաբաղյան կարգավորման համատեքստում եւ եզրակացրել, որ ՙռուսական սահմանապահ զորքեր կարող են տեղաբաշխվել վիճելի հատվածներում՝ մինչեւ կողմերը կհանգեն փոխընդունելի համաձայնության՚։
Իշխանահաճ մամուլն, իհարկե, Սոչիի բանակցությունները համարում է Իլհամ Ալիեւի ՙդիվանագիտական հերթական ճեղքում՚։ Այդուհանդերձ, նույնիսկ այդ թեւին հարող մեկնաբաններն են միջնորդավորված ակնարկում, որ Սոչիում ՌԴ նախագահը ՙկողմերին խստագույնս զգուշացրել է ձեռնպահ մնալ սահմանային լարվածությունից՚։ Բաքվում, ըստ երեւույթին, այդ թեմայով ոչ պաշտոնական տեղեկատվություն է շրջանառվել։
Քաղաքական մեկնաբանություններում որոշակի ինտրիգային պահեր, այնուամենայնիվ, զգացվում են։ Վտարանդիության լրատվամիջոցներից MeydanTV-ն, մասնավորապես, հայտնել է, որ Աշխաբադում Թուրքիայի եւ Իրանի նախագահների փակ բանակցություններում Էրդողանն առաջարկել է, որպեսզի իրանական կողմը հրաժարվի Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային նախագծից, փոխարենն առաջարկել, որ Իրանը Եվրոպայի հետ կապվի Թուրքիայի տարածքով։ Այդ նախագծին, ըստ նույն աղբյուրի, աջակցում է նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունները։
Irna գործակալությունը տարածել է Աշխաբադի խորհրդաժողովին Իրանի նախագահ Ռեիսիի ելույթը, որտեղ նա Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային նախագիծը կապում է Իրան-Հնդկաստան գործընկերության հետ։ Կարելի է զգուշավոր լավատեսությամբ ենթադրել, որ Իրանը մերժել է Թուրքիայի տարածքով Եվրոպային կապվելու նախագիծը։ Ըստ երեւույթին, այդ պատճառով է, որ Իլհամ Ալիեւը ՙԶանգեզուրի տրանսպորտային միջանցքն՚ անվանել է արեւելքը՝ արեւմուտքին, հարավը՝ հյուսիսին կապող հանգույց։ Դա իրանական ընկալմանը համահունչ է։
Բավականին արտառոց է, որ Սոչիի բանակցությունների, դրան հաջորդած՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդաժողովի թեմաները ռուսական մամուլում առանձնակի ուշադրության չեն արժանացել։ Թերեւս միակ վերլուծությամբ հանդես է եկել Regnum-ը, բայց հիմնական շեշտը դնելով 3+3 պլատֆորմից Վրաստանի հրաժարվելու վրա։ Ընդ որում, մեկնաբանությունն ուղեկցվում է Աբխազիայում իրավիճակի սրման մասին դիտարկումներով։ Այստեղ առանձնահատուկ ուշադրության է արժանանում ակնարկը, որ Թուրքիան առեւտրատնտեսական համագործակցություն է զարգացնում Աբխազիայում, իսկ ՙԹուրքիայում գրեթե կրկնակի ավելի աբխազներ են բնակվում, քան՝ Աբխազիայում՚։
Կարելի է ենթադրել, որ ռուսական կողմը դժգոհ է Աբխազիայի վերնախավից եւ կասկածամիտ է, որ Թուրքիան ՙկարող է ինչ-որ ժամանակ կլանել Աբխազիան՚։- Եթե 3+3 նախաձեռնությունից Վրաստանի հրաժարումը պրոյեկտենք Աբխազիայի ապագայի շուրջ մտահոգությանը, ապա, թերեւս, հարկ կլինի արձանագրել, որ Ռուսաստանը Վրաստանին ՙառաջարկություններ ունի՚։-Ռուսական մամուլը վկայակոչում է Վրաստանի մի անանուն պաշտոնյայի, որի կարծիքով՝ ՙՌուսաստանի հետ բանակցություններն անհրաժեշտ են, բայց դրանք պետք է լավագույնս նախապատրաստվեն՚։