[ARM]     [RUS]     [ENG]

Իսկ եթե Պուտինը ձախողի՞

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին Համաձայնագրի նախագիծը Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով փոխանցել է Վաշինգտոն եւ Բրյուսել։ Դեկտեմբերի 20-ին ՌԴ փոխարտգործնախարար Ռյաբկովը, ով համաձայնության դեպքում ենթադրաբար կգլխավորի ռուսաստանյան բանակցային խումբը, հայտարարել է, որ ՙպատասխան դեռեւս չի ստացվել՚։ Ըստ Ռյաբկովի՝ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն ՙկփորձեն ամեն ինչ տեղափոխել ձգձգվող գործընթացի, իսկ մեզ դա (անվտանգության փոխադարձ երաշխիքների իրավական ամրագրումը) շտապ է պետք, քանի որ իրավիճակը շատ ծանր է, սուր եւ ունի հետագա բարդացման միտում՚։

Ավելի կտրուկ է արտահայտվել մեկ այլ դիվանագետ՝ Կոնստանտին Գավրիլովը, որի հայացքով՝ ՙՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը հասել են ճշմարտությունն ասելու պահին, եւ խոսակցությունը պետք է լուրջ լինի, ՆԱՏՕ-ում բոլորը հասկանում են, չնայած ուժին եւ զորությանը, որ անհրաժեշտ է ձեռնարկել առարկայական քաղաքական քայլեր, հակառակ դեպքում այլընտրանքն Ռուսաստանի կողմից ռազմա-տեխնիկական եւ ռազմական պատասխանն է՚։
Դեկտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Պուտինը հրավիրել է պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստ։
Իր ավելի քան քսանամյա նախագահության շրջանում Պուտինը թերեւս այդքան կոշտ եւ ոչ դիվանագիտական հռետորաբանության դիմել է առաջին անգամ։ Նա զինվորականության առջեւ բաց տեքստով դրել է ՙարտաքին քաղաքականության ռազմական ապահովման խնդիր՚ եւ հայտարարել, որ Ռուսաստանը բավարար զորություն ունի, որպեսզի պաշտպանի ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին արված առաջարկությունները։ Խոսքը վերաբերում է Արեւելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների որեւէ ձեւով ռազմական ներկայության բացառմանը։
Ռուսաստանի նախագահը փաստացի արձանագրել է իրողությունը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները եւ նորմերն այլեւս չեն աշխատում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դադարել է լինել կայունության եւ փոխզսպման երաշխավոր։ Պուտինը նույնիսկ իրեն թույլ է տվել հայտարարել, որ ՙմիջազգային իրավունքի մասին նրանց (Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի) մանիպուլյացիաներն արդեն ձանձրացրել են՚։- Նա բերել է ՙերկակի ստանդարտների կիրառման՚ օրինակներ եւ միանշանակորեն պնդել, որ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն աշխարհաքաղաքական նպատակահարմարության դեպքում կամ շրջանցում են միջազգային իրավունքը, կամ՝ փաստարկում դրանով։
Ռուսաստանի եւ հավաքական Արեւմուտքի միջեւ դիմակայության սկիզբ կարելի է համարել Միացյալ Նահանգների եւ նրա եվրոպական տասնյակ դաշնակիցների կողմից Կոսովոյի անկախության միակողմանի ճանաչումը, որին հետեւեց ռուս-վրացական հնգօրյա պատերազմը, երբ Ռուսաստանն էլ իր հերթին ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը։ Լարվածության երկրորդ փուլը սկիզբ է առել Ղրիմն Ռուսաստանին միացնելուց եւ Դոնբասում ՙքաղաքացիական պատերազմից՚ հետո։ Արեւմտյան որոշ վերլուծաբաններ ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին հորդորում են ՙդե-ֆակտո ճանաչել Ղրիմի ռուսական պատկանելիությունը, իսկ Դոնբասի խնդիրը կարգավորել ՙՄինսկի համաձայնությունների՚ շրջանակներում՚։
Ուկրաինան հրաժարվում է ՙՄինսկի համաձայնություններից՚՝ զգուշանալով, որ դա ՙկբերի երկրի ֆեդերալացման՚։ Իրավիճակն այնպիսին է, որ եթե ընդունվի Դոնբասի ինքնավարության տարբերակը, ապա Ուկրաինայում կսկսվի քաղաքացիական կոշտ դիմակայություն։ Հարցման ենթարկվածների բացարձակ մեծամասնությունը կողմ է, որ Ուկրաինան լինի ունիտար-ազգային պետություն։ ՆԱՏՕ-ին անդամակցությունը՝ որպես այդ պետության անկախության եւ տարածքային ամբողջականության երաշխիք, ամրագրված է Ուկրաինայի սահմանադրությամբ։ Ռուսաստանը հայտարարում է, որ երբեք թույլ չի տա, որ Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին կամ նրա տարածքում տեղաբաշխվեն ամերիկյան ռազմավարական սպառազինություններ, նույնիսկ՝ ենթակառուցվածքներ։
Ռուսաստանում ազգայնական-իմպերիական տրամադրությունները մոտենում են բարձրակետին։ Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Ժիրինովսկին օրենքի նախագիծ է նախապատրաստում, որով ԽՍՀՄ փլուզումը պետք է ճանաչվի որպես ՙաշխարհաքաղաքական աղետ՚։ Բազմաթիվ մեկնաբանություններում ոչ առանց հիմքի տեսակետ է տարածվում, որ ՙեթե ընդունվում է աղետը, ապա ենթադրվում է, որ հաջորդ քայլը կարող է լինել հետեւանքների վերացումը՚։ ՌԴ նախագահ Պուտինը պաշտոնապես հայտարարել է, որ ՙԽՍՀՄ վերականգնումը ոչ միայն անհնար, այլեւ արդեն ակտուալ չէ՚։ Այդուհանդերձ, ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին ներկայացված ՙվերջնագիրը՚ քաղաքական իմաստով ոչ այլ ինչ է, քան՝ պահանջ, որ Արեւմուտքը ճանաչի հետխորհրդային տարածքի նկատմամբ Ռուսաստանի գերիշխանությունը։
Իրավիճակը հիշեցնում է 60 տարվա վաղեմության Կարիբյան ճգնաժամը, երբ ԱՄՆ-ը եւ ԽՍՀՄ-ը չափազանց մոտ էին միջուկային պատերազմի սպառնալիքին։ Այն ժամանակ հարկ եղավ շտապ կազմակերպել երկու երկրների առաջնորդների հանդիպում, եւ աղետը կանխվեց։ Այսօր լարվածությունն աճում է Պուտին-Բայդեն հեռավար բանակցություններից հետո, ինչից ենթադրվում է, որ սկզբունքային հարցերում նրանք ընդհանուր հայտարարի չեն եկել։ Խոսքը ՆԱՏՕ-ի ընդլայնման եւ Արեւելյան Եվրոպայում ամերիկյան նոր սպառազինությունների տեղաբաշխման մասին է։ Ռուսաստանի համար դա ՙկարմիր գիծ է՚։
Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը ՙկարմիր գիծ՚ է անվանել նաեւ ՆԱՏՕ-ի ենթակառույցների ստեղծումը Վրաստանում։ Մինչդեռ անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին Համաձայնագրի նախագծում խոսքն Անդրկովկասի՝ որպես ՆԱՏՕ-ի ազդեցությունից դուրս ընդհանուր տարածաշրջանի մասին է։ Այս իմաստով, թերեւս, կարելի է դրական գնահատել հայ-վրացական հարաբերություններում որոշակի դինամիկան, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ում Ադրբեջանի դիտորդական կարգավիճակի հեռանկարը։ Տպավորություն է, սակայն, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ու ՆԱՏՕ-ի միջեւ գերլարվածությունը կարող է ունենալ նաեւ ռազմական հանգուցալուծում։
Դա վատագույն սցենարը կլինի։ Եթե Ռուսաստանը Դոնբասում ուժ կիրառի, ապա բացառելի չէ, որ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին դիմի նոր եւ ավելի ծավալուն սադրանքների։ Այդ դեպքում Հայաստանը կդիտարկվի որպես Ռուսաստան-ՆԱՏՕ ՙշփման գիծ՚՝ դրանից բխող հետեւանքներով հանդերձ։ Ռուսաստանի համար կբարդանա նաեւ ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի թիկունքային ապահովումը։ Դեպքերի նման զարգացումը, հավանաբար, Ադրբեջանին Թուրքիայի միջոցով կուղղորդի դեպի Արեւմուտք՝ ապալեգիտիմացնելու ԼՂ-ում ռուսական խաղաղարարությունը։