Logo
Print this page

ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ԱԿԱՆԱՏԵՍԸ ԿԼԻՆԵՆՔ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 Ղազախստանյան իրադարձությունների աշխարհաքաղաքական ենթատեքստը մատնանշելու հետ մեկտեղ ի ցույց ենք դնում նաև դրանց վրա արմատական իսլամի ազդեցության փաստը։ Իսլամական ծայրահեղականությունն, ընդհանրապես, որպես գործիք օգտագործվում է քաղաքական գործընթացներում՝ իր բոլոր վտանգներով ու սպառնալիքներով հանդերձ։ Արցախի ժողովուրդն այդ վտանգն ամբողջությամբ իր մաշկի վրա զգաց քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում, երբ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը նախապես մշակված ծրագրով Մերձավոր Արևելքից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխեց վարձկան ահաբեկիչների մի ողջ բանակ։ Թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարական նպատակներից մեկն Արցախում հայկական ինքնության ոչնչացումն է նաև ահաբեկչության միջոցով։ Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա միանգամայն հասկանալի է թուրքալեզու այս պետությունում իշխանության տապալման համար ծավալված գործողություններում արմատական իսլամի հետևորդների ներգրավումը։ Պատահական չէին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի կողմից ցուցարարներին տված որակումներն ու երկրի ամբողջ տարածքում ահաբեկչական վտանգի ՙկրիտիկական կարմիր՚ մակարդակի մասին հայտարարությունը։ Հունվարի 10-ին Ղազախստանի պետական քարտուղար Երլան Կարինը վերջին շաբաթվա իրադարձությունների առնչությամբ նշեց, որ իշխանությունները բախվել են ՙհիբրիդային ահաբեկչության՚, որը կարող էր պետական հեղաշրջման նպատակ հետապնդել։ Սակայն վերջնական եզրակացությունը նա թողել է հատուկ ծառայություններին։ Մատնացույց է արվել այն փաստը, որ Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի աշխատակիցներն Ալմաաթիի տարածքում վնասազերծել են ծայրահեղականների երկու խումբ, որոնք բողոքի ցույցերի ընթացքում մասնակցել են անկարգություններին։

Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահների մուտքը երկիր, ակնհայտորեն, թուլացրեց իսլամական գործոնի ազդեցությունը ներղազախական գործընթացների վրա։ Հայաստանը նույնպես պարտավորություններ ունի ՀԱՊԿ-ի շրջանակներում, ինչն ընկած էր վարչապետի՝ Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշման հիմքում։
Ղազախստանյան իրադարձությունները դիտարկելիս հարկ է նկատի ունենալ մի կարևոր հանգամանք. Կենտրոնական Ասիայում Ռուսաստանն ու Թուրքիան ունեն հակասական շահեր, մյուս կողմից՝ այստեղ արմատական իսլամի ազդեցությունն ուժեղ է, ինչը վտանգներ է ստեղծում նաև հարակից տարածաշրջանների համար։ Հայաստանը ղազախստանյան իրադարձություններին մասնակցեց կոլեկտիվ անվտանգության ծրագրի շրջանակներում, ասել է թե՝ Հայաստանի նկատմամբ նույնպիսի սպառնալիք ծագելու դեպքում կարելի է ակնկալել համարժեք վերաբերմունք։ Այս ամենով հանդերձ, չմոռանանք նաև խնդրի աշխարհաքաղաքական ենթատեքստը, այսինքն այն, որ իրավիճակի հանդարտեցումը դեռևս չի նշանակում խնդրի վերջնական հանգուցալուծում։ Կասկածից դուրս է, որ Ղազախստանում պահպանվելու է հիմնական ուժային կենտրոնների միջև մրցակցությունը։ Այս տեսանկյունից դատենք Մոսկվայի ազդակն առ այն, որ բոլոր երկրներն ինքնիշխան են, իսկ ՀԱՊԿ-ն գոյություն ունի բոլոր անդամ պետությունների հավաքական անվտանգությունն ապահովելու համար։ Երբ պետություններից մեկը վտանգված է, խոսքն այս պարագայում ահաբեկչական սպառնալիքի մասին է, կազմակերպությունն այդ իրավիճակին արձագանքելու լիակատար իրավունք ունի։ Ռուսաստանից, միաժամանակ, ակնարկեցին, որ խաղաղապահ ուժերի դուրսբերումը բացառապես ղազախական իշխանությունների մենաշնորհն է, որը կարող է տեղի ունենալ երկրում սահմանադրական կարգի վերահաստատումից հետո։
Ղազախստանը Թյուրքական պետությունների կազմակերպությունում առանցքային դերակատարություն ունի, հետևապես, եթե իսլամը որպես քաղաքական գործիք այստեղ թուլանում է, դա ուղղակիորեն հարվածում է պանթյուրքիստական ռազմավարական ծրագրերին։ Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունն այս մասին էր։ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների խնդիրը Թուրքիան համարում է իր խնդիրը, ամբողջ աշխարհը դա տեսավ Ղարաբաղի հաղթանակի ժամանակ, ասել է նա։ Թուրքիայի արտգործնախարարն աջակցություն խոստացավ Անկարայի հովանավորությունը վայելող խռովարարներին՝ այն որակելով որպես կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված գործողություն։ Չավուշօղլուի հայտարարության ուշագրավ կողմն այն է, որ նա Ղազախստանին սատարելու պատրաստակամություն է հայտնում ոչ միայն Թուրքիայի, այլև Թյուրքական պետությունների կազմակերպության մակարդակով։ Արտգործնախարարի հիշյալ արտահայտությունից փորձագիտական եզրահանգում արվեց՝ Ալմաաթիի իրադարձությունների թելադրանքով կազմակերպությունն իր գործունեության մեջ կմտցնի նոր տարրեր։ Չի բացառվում, որ Թուրքիան ռազմական միջամտության համար մեխանիզմներ ստեղծելու նախաձեռնություն ցուցաբերի։ Սա նշանակում է, որ թյուրքական աշխարհից պետք է սպասել ոչ միայն ագրեսիվ հռետորաբանություն, այլև ագրեսիվ գործողություններ ու նոր սպառնալիքներ։ Ղազախստանյան զարգացումների ազդեցությունն Արցախում զգացվեց հունվարի 10-ին՝ Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների արտահերթ նիստի նախօրեին։ Ադրբեջանական զինուժը ցուցադրեց իր ագրեսիվությունը՝ հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը։ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ բացված կրակից այրվեց ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա։ Նույն օրն ադրբեջանցիներն ինտենսիվ կրակ բացեցին Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի տարածքում նռան այգում աշխատող չորս քաղաքացիների ուղղությամբ։ Կրակել են հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից՝ 15 րոպե շարունակ։ Հունվարի 11-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հայկական դիրքերի վրա՝ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդել է 3 զոհի մասին: Արագընթաց զարգացումները հուշում են, որ մոտ ապագայում թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվության աճի ականատեսն ենք լինելու, ինչը հավելյալ զգոնություն է պահանջում։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.