[ARM]     [RUS]     [ENG]

Ալմաթին Հայաստանի համար «պատուհա՞ն է բացել»

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Ղազախստանյան խռովության քաղաքական գնահատման հարցում ռուսական փորձագիտական հանրությունը շատ ընդգծված սրբագրում է արել։ Նախնական պնդումները, որ ՙդա հետխորհրդային տարածքում Արեւմուտքի կազմակերպած ՙգունավոր հեղափոխության՚ հերթական նախագիծն է՚,- այլեւս չի շրջանառվում։ Հստակ ընդգծվում է, որ ՙտեղի է ունեցել տնտեսա-քաղաքական ընդվզում, որի առաջատար ուժը հենց իշխանության ընտրազանգվածն էր՚։- Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը խոստովանել է, որ ՙձերբակալվածների թվում, ճիշտ է, կան արտասահմանյան երկրների քաղաքացիներ, բայց նրանց թիվը մեծ չէ՚։

Բացառված չէ, որ գնահատականների այս փոփոխությունը պայմանավորված է Ռուսաստան-ԱՄՆ բարդ բանակցություններով։ Իր հերթին, որքան հասկացվում է, Միացյալ Նահանգները եւ Արեւմուտքն առհասարակ տեղեկատվա-քարոզչական մակարդակում շրջանցում են ՀԱՊԿ-ի ՙՂազախստան ներխուժելու՚ թեման, որ ճգնաժամի ՙկրիտիկական փուլում՚ հնչեցվել էր ԱՄՆ պետքարտուղարի մակարդակով։ Ռուսական վերլուծաբանական հաստատությունները, այդ թվում եւ Կրեմլին մոտ կանգնած, ղազախստանյան իրադարձությունները դիտարկում են ՙիշխանության անհաջող տրանզիտի՚ տեսանկյունից՝ սլաքներն ակնհայտորեն ուղղելով նախկին նախագահ Նազարբաեւի դեմ։
Եթե խորքային նայենք, ապա ակնհայտ է, որ ղազախստանյան խռովությունից խիստ անհանգստացած են Ռուսաստանում, Թուրքիայում, Տաջիկստանում, Թուրքմենստանում եւ Ադրբեջանում։ Նրանց բոլորին միավորում է կառավարման համակարգի գերկենտրոնացվածությունը, քաղաքական միակենտրոնությունը, իշխանության ավտորիտար բնույթը։ Բոլոր թվարկած երկրներում, ընդ որում, առկա է իշխանության վերարտադրման կամ տրանզիտի խնդիր։ Թուրքիան էլեկտորալ փուլ է մտնում արդեն եկող տարի, Ռուսաստանը՝ 2024 թվականին։ Տաջիկստանում Ռահմոնի նախագահության շրջանն անցել է երեսուն տարվա սահմանը, Թուրքմենստանում ծրագրված է, որ արդեն փետրվարին գործող նախագահը ՙտեղապահ՚ կկարգի փոխվարչապետի պաշտոն զբաղեցնող որդուն, իսկ Ադրբեջանում իշխանությունը Մեհրիբան Ալիեւային փոխանցելու մասին խոսում են արդեն հինգերորդ տարին։
Փորձագիտական բավական հիմնավոր տեսակետ կա, որ իրականում Ռուսաստան-ԱՄՆ ծանր բանակցությունները Պուտինի ՙհեռանալու՚ մասին են։ Գործող նախագահին պետք են լրջագույն երաշխիքներ, որ Արեւմուտքը կընդունի իրավահաջորդի լեգիտիմությունը, կերաշխավորի իր ՙանցնցում հեռանալը՚։ Սահմանադրությունն, իհարկե, Վլադիմիր Պուտինին թույլ է տալիս ցկյանս նախագահել, բայց Ռուսաստանում հանրային կարծիքի անաչառ ուսումնասիրությունները վկայում են, որ ՙմարդիկ պարզապես հոգնել են՚։ Ի՞նչ տրամադրություններ են Թուրքիայում եւ Ադրբեջանում՝ գոնե մոտավոր պատկեր հայտնի չէ։ Մամուլում դիտարկումներ են արվում, որ ՙղարաբաղյան երկրորդ պատերազմի էյֆորիան աստիճանաբար անցնում է՚։
Այս իմաստով Իլհամ Ալիեւի այցը Կիեւ, եւ Ուկրաինայի նախագահի հետ ՙսիրալիրությունների՚ փոխանակումը գնահատվում են որպես ազդակ Արեւմուտքին։ Այդուհանդերձ, Իլհամ Ալիեւը քաղաքական մանկամիտ չէ, որպեսզի խաղադրույք կատարի ԱՄՆ-ի աջակցության վրա։ Մանավանդ մի իրավիճակում, երբ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները, մեղմ ասած, խնդրահարույց են։ Ադրբեջանը պարտադրված է գործել եվրասիական ՙքաղաքակրթության՚ խաղի կանոններով՝ քայլ առ քայլ նախապատրաստելով Իլհամ Ալիեւից իշխանության փոխանցումը։ Հակառակ պարագայում իրավիճակը կպայթի։ Այլեւս անցել են ՙՂարաբաղն ազատագրելու՚ քարոզչությամբ հանրային կոնսոլիդացիա ապահովելու ժամանակները, իսկ նոր ՙնվաճումների՚ հեռանկար գեներացնելու ռեսուրս պարզապես չկա։
Ընդհանուր պատկերի մեջ առանձնանում է Թուրքիայի արտգործնախարարի Չինաստան այցը, որտեղ նրան ընդունել են ոչ թե մայրաքաղաք Պեկինում, այլ՝ երկրի հարավ-արեւելյան մարզերից մեկի կենտրոնում։ Ըստ ռուսական մամուլի արձագանքների՝ Թուրքիան փորձել է չինական կողմին հրապուրել ՙՄեկ գոտի, մեկ ճանապարհ՚ նախագծին աջակցությամբ, բայց չինացիներն ՙայլեւս ոգեւորված չեն՚։ Պեկինի համար ակնհայտ է, որ Սինցզյան-ույղուրական շրջանից մինչեւ Ստամբուլ ոչ մի ճանապարհ էլ չի գործի, եթե չլինի Ռուսաստանի համաձայնությունը։ Փետրվարի 4-ին Պեկին է ուղեւորվում Ռուսաստանի նախագահը։ Եւ եթե առկա է ՙմեծ համաձայնության՚ հնարավորություն, ապա այն ձեռք է բերվելու ռուս-չինական փոխըմբռմամբ։ Այս հանգամանքը որոշակիորեն ՙպատուհան է՚ Հայաստանի համար՝ կապված Սյունիքում ՙմիջանցքներ բացելու՚ թուրքական նախաձեռնությունը հավասարակշռելու դիվանագիտական ռեսուրս ունենալու հետ։