Չինաստան-Ռուսաստան․ համերաշխություն, բայց ոչ դաշինք

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Փետրվարի 4-ին, երբ  նախագահ Պուտինի ինքնաթիռը վայրէջք էր կատարում Պեկինի օդանավակայանում, ամերիկյան Bloomberg պարբերականը «կայծակ» մակնշումով տեղեկություն տարածեց, որ «Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա»։ -Կես ժամ անց լրատվամիջոցը ներողություն խնդրեց «ցավալի անճշտության համար»,- բայց ակնհայտ էր, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմում հատել է «կարմիր գիծը»։ Դա վկայում է ոչ միայն կողմերի միջեւ վստահության բացակայության, այլեւ այն մասին, որ Միացյալ Նահանգները ցանկացած պահի կարող է «ներխուժում բեմադրել»։ Ուկրաինայում ստեղծվում են «տարածքային ինքնապաշտպանության ստորաբաժանումներ», եւ նույնիսկ ուկրաինացի փորձագետներն են կասկածում, թե «արդյոք դա չի՞ հանգեցնի քաղաքացիական պատերազմի»։

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին տնօրեն, Հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ Ստեփաշինը Regnum-ին տված հարցազրույցում ծանր, բայց այս փուլում Ռուսաստանի համար չափազանց կարեւոր խոստովանություն է արել․ «Ուկրաինան իրեն Ռուսաստանի հետ չի տեսնում, եւ դա արդեն ոչ միայն քաղաքական, այլեւ մարդկային որոշում է»։ Խաղադրույքը, որ Ուկրաինայի այլ մարզերում եւս ռուս կամ ռուսախոս բնակչությունը ոտքի կկանգնի «բանդերականների» դեմ՝ չաշխատեց։ Պեկին ուղեւորվելուց առաջ նախագահ Պուտինը, ճիշտ է, խոսել է «ռուսական աշխարհի պահպանման եւ ամրապնդման մասին», բայց իրականում ժամանակը բաց է  թողնվել։

 Նույնիսկ Ղազախստանի նման «հանդուրժողական» երկրում վերջին երեսուն տարիներին ռուս բնակչությունը կիսով կրճատվել է։ «Ազատություն» ռադիոկայանը հանրային հարցում է անցկացրել Էստոնիայում, որտեղ բնակչության մեկ երրորդը ռուս կամ ռուսախոս է։ Մեծամասնությունն արտահայտվել է անկախ եւ ՆԱՏՕ-ի ու Եվրամիության կազմում Էստոնիայի քաղաքացի լինելու օգտին։ Նույն վիճակն է նաեւ Լատվիայում։ «Մենք հիմար չենք, որ հրաժարվենք Եվրամիությունից»,- ասել է Էստոնիայի հանրային ռադիոյի ռուսերեն հաղորդումների պատասխանատու Ալեքսեյ Ստեպանովը։ Մեկ այլ հարցման արդյունքներով՝ բելառուսների միայն չորս տոկոսն է կողմ Ռուսաստանի կազմում Բելառուսի ընդգրկմանը, իսկ «միութենական պետության» կողմնակից է հարցման ենթարկվածների միայն 27-ը։

 Արտաքին աշխարհն այս եւ բազմաթիվ այլ «մանրուքներ» տեսնում, արձանագրում եւ վերլուծում է, Չինաստանը՝ հատկապես, ուստի շատ բնական է, որ Վլադիմիր Պուտինի Պեկին այցի շուրջ նախնական ոգեւորությունը տեղը զիջում է ակնհայտ հիասթափության․ կողմերը կոնկրետ համագործակցության մասին որեւէ փաստաթուղթ չեն ստորագրել։ Պուտին-Սի Ծինփին համատեղ հայտարարությունը ոչ ավելին է, քան՝ «քաղաքակրթական ինքնության պահպանման եւ արեւմտյան արժեհամակարգին դիմագրավելու մտադրության» արտահայտություն։ Ընդ որում՝ առանց որեւէ մասնավորեցման։ Հայտարարության տեքստում տեղ գտած՝ «տարածաշրջանային դաշինքների քաղաքականության» քննադատությունն արդեն իսկ վկայում է, որ Ռուսաստան-Չինաստան ռազմավարական համագործակցությունը չի ստացվում։

Չինաստանը, թերեւս, այս փուլում չի գնա Ռուսաստանի թիկունքում տարածաշրջանային դաշինքի ձեւավորման, բայց՝ ոչ ավելի։ Իրավիճակը, թվում է, պետք է այս ելակետից գնահատել, մի բան, որ արդեն իսկ դրական է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ՝ Հայաստանի համար, որովհետեւ փորձագիտական շրջանակներում տպավորություն կար, որ Չինաստանը, Պակիստանը եւ Թուրքիան կարող են միավորել համագործակցության հնարավորությունները եւ Կենտրոնական Ասիայից Հարավային Կովկասով «միջանցք բացել» մինչեւ Միջերկրական ծովի նավահանգիստներ»։ Դա, իհարկե, չի նշանակում, թե Չինաստանը «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագիծը մոռացության է տալիս։ Այս փուլում ընդամենը քայլ չի արվում Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի շահերի դեմ։

Պեկինում Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը «միասնական Չինաստանի կողմնակից է», ինչին անմիջապես արձագանքել են Թայվանից։ Այդուհանդերձ, ակնհայտ է, որ Չինաստանը Ուկրաինան ռուսական «Թայվան» չի համարում եւ այդ ուղղությամբ գործնական քայլեր չի անելու։ Անշուշտ, ռուս-չինական բանակցություններն ունեցել են նաեւ ոչ հրապարակային բաղադրիչներ։ Առաջիկա զարգացումներից հնարավոր կլինի եզրակացնել, թե որ բնագավառննրում եւ ինչ մակարդակի կհասնի ռուս-չինական համագործակցությունը, բայց հարկ է կենտրոնանալ իրողության վրա, որ նույն օրը Եվրամիության հատուկ բանագնացը Բաքվում էր։ Արեւմուտքն, ըստ երեւույթին, փորձում է «Հարավային գազային հոսք» նախագիծը բերել իրական տեսքի։

Դա կապված է Տրանսկասպյան գազատարի կառուցմամբ, երբ հնարավոր կլինի խողովակաշարը լցնել թուրքմենական գազով։ Կհամաձայնի՞ Ռուսաստանը։ Թուրքմենստանը կմիանա՞ ամերիկյան նախագծին, թե նախապատվությունը կտա դեպի Հնդկաստան գազի արտահանման ծրագրին։ Ահա այս հարցերում Չինաստանը կարող է Ռուսաստանին « թիկունք ապահովել»։ Շատ մեծ է հավանականությունը, որ «շղթայից օղակ պոկելու» տրամաբանությամբ ԱՄՆ-ը մեղմացնի Իրանի դեմ պատժամիջոցները։ Ռազմավարական համագործակցություն չստացվեց նաեւ ռուս-իրանական ուղղությամբ։