Եվրասիական ինտեգրացիան վտանգվում է

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Ըստ երեւույթին, ճիշտ էին վերլուծաբանական այն հաստատությունները, որ Աֆղանստանից Միացյալ Նահանգների հեռանալը բացատրում էին ռեսուրսները եւ ուժերը Ռուսաստանի «զսպանը» ուղղելու ավելի խորքային նպատակի իրացման ծրագրով։ Վաշինգտոնը բոլոր լծակները գործի է դրել, որպեսզի ամրապնդվի Եվրոպայում։ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել ՆԱՏՕ-ին անդամակցելու «հարցը բաց պահելու» մասին հայտարարությամբ։ Մոտակա օրերին սպասվում է, որ ԱՄՆ-ը ռազմական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրի Սլովենիայի հետ։ Մերձբալթյան երեք երկրները պատրաստ են իրենց տարածքում ամերիկյան լրացուցիչ ռազմահենակայաններ ունենալ, իսկ Լեհաստանն  արդեն իսկ ընդունել է եւս հինգ հազար ամերիկացի զինվորականների։

Չափազանց կոշտ հայտարարություն է տարածել Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան՝ եվրոպական երկրներին հորդորելով «հարվածել Մոսկվային, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա»։ Վալենսան այդ հայտարարությունն արել է Բելառուսում ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունների մեկնարկին։ Արեւմուտքում համարում են, որ դրանց իրական նպատակը «Ուկրաինայի դեմ հյուսիսային ճակատի ստեղծումն է»։ «Ֆրանսիայի նախագահի հետ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, նա ՆԱՏՕ-ի առաջնորդը չէ»,- զորավարժությունների ավարտին Բելառուսի տարածքից զորքերը հեռացնելու՝ Ֆրանսիայի նախագահին Պուտինի «տված խոստման» մասին արեւմտյան մամուլում տեղեկատվական արտահոսքերին այսպես է արձագանքել Կրեմլի խոսնակ Պեսկովը։

Ամեն ինչից երեւում է, որ Ուկրաինայի իշխանություններն արդեն ոչինչ չեն որոշում, ինչպես նաեւ՝ Ֆրանսիայի նախագահը եւ Գերմանիայի կանցլերը։ Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան քաղաքական կայուն ալյանս են ձեւավորել Արեւելյան Եվրոպայի՝ նախկին կոմունիստական ճամբարի երկրների հետ։ ԱՄՆ-ի պետքարտուղար Բլինկենը հնչեցրել է իր երկրի «առանցքային փոխզիջումը»՝ Դոնբասի անջատված շրջանները «կարող են ինքնավարություն ստանալ»։ ԱՄՆ-ը նաեւ չի կոնկրետացնում Ղրիմի թեման։ Թերեւս, Վաշինգտոնի համար դա միայն Եվրոպայում ռազմական ներկայությունը մեծացնելու պատրվակ է։

Ամերիկյան նախաձեռնություններին չափազանց կոշտ եւ բացասական է արձագանքել թուրքական մամուլը։ Սեւծովյան ավազանի եվրոպական երկրներում ամերիկյան ներկայության ամրապնդումն Անկարայում գնահատում են որպես Թուրքիայի «զսպում»։ Այս հիմնարար մոտեցմամբ թուրքական հանրային կարծիքը կողմնորոշվում է դեպի Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերությունների։ Էրդողանը հայտարարել է, որ եկող տարվա նախագահական ընտրություններին թեկնածությունը կառաջադրի։ Թուրք վերլուծաբանները մտահոգություն ունեն, որ ի պատասխան՝ Միացյալ Նահանգները «կձեւավորի արեւմտամետ քաղաքական կոալիցիա»։ Ոչ պաշտոնապես՝ այդ թեւում են նախկին նախագահ Գյուլը, նախկին արտգործնախարարներ Դավութօղլուն եւ Բաբաջանը։

Չափազանց ուշագրավ տեղեկատվություն է տարածվել Վիեննայից, որտեղ վերսկսվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Ամերիկյան պատվիրակության անանուն ներկայացուցիչն ասել է, որ իրանցի եւ ամերիկացի «փորձագետներն ուղղակի շփումներ են հաստատել եւ աշխատում են երկկողմ համաձայնության փաստաթղթի վրա»։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, քննարկվում է տարբերակ, երբ ԱՄՆ-ը «հիմնականում վերացնում է պատժամիջոցները, փոխարենը Իրանը հանձնում է հարստացրած ուրանի պաշարները»։ Նույն օրը, սակայն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել։ Ըստ երեւույթին, Իրանի վերնախավում լուրջ տարաձայնություններ կան, իսկ ԱՄՆ Կոնգրեսի երեսուն անդամ դիմել է նախագահ Բայդենին՝ կոչ անելով «զիջումների չգնալ» Իրանի միջուկային ծրագրի հարցում։

Աշխարհաքաղական իրավիճակին Ռուսաստանի նախագահի գնահատականը հետեւյալն է՝ «տուրբուլենտ եւ վտանգավոր»։ Պուտինը երկրի ԱԳՆ-ին հրահանգել է ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ ստանալ։ Այդ հավանականությունը չափազանց նվազ է։ Ավելի քան առարկայական է Ուկրաինայում ռազմական բախման սցենարը, որ կարող է գործարկվել արդեն նույնիսկ առանց այդ երկրի իշխանությունների որոշման։ Ուկրաինայում ձեւավորվել են «տարածքային ինքնապաշտպանության ստորաբաժանումներ», որ ցանկացած պահի կարող են Դոնբասի ուղղությամբ դիմել գործողությունների։

Ընդհանուր պատկերի ֆոնին վերջին մի քանի օրերին վերստին կոշտացել է Ադրբեջանի հռետորաբանությունը։ Քարոզչությունը կենտրոնանում է ԼՂ շուրջ տարածքներում ռազմական ենթակառուցվածքների հիմնադրման վրա։ Թշնամական կողմի ռազմական գերատեսչությունը հայտնել է Նախիջեւանի համազորային բանակի «մարտական պատրաստվածության ստուգայց»։ Բացառված չէ, որ կանցկացվեն նաեւ զորավարժություններ։ Հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցության պահպանման համար սկզբունքային կարող է լինել Ղազախստանի նախագահի այցը Մոսկվա։ Կենտրոնական Ասիայում իրավիճակի փոփոխությունը կբերի եվրասիական ինտեգրացիոն գործընթացի եւ անվտանգության համակարգի փորձության։