Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ ԲԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

Փետրվարի 15-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր հայ գործընկերոջ հետ։ Ռուսական կողմի հաղորդագրության մեջ ընդգծվում է անվտանգության երաշխիքների շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի միջև շարունակվող բանակցությունների, մասնավորապես՝ Եվրաատլանտյան տարածաշրջանում հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքների պահպանման կարևորությունը։ Անբաժանելի անվտանգությունը Մոսկվայի տեսանկյունից նշանակում է, որ ՆԱՏՕ-ն պետք է հրաժարվի Ուկրաինայից և նվազեցնի իր ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմանների մոտ։ Հեռախոսազրույցի մասին հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների կատարմանն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր։ Նույն օրը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Ֆլեյքը «Anadolu» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Դեսպանն այն բնութագրել է որպես «հրաշալի զարգացում»։ Մոսկվայում կայացած և Վիեննայում նախատեսված հանդիպումները Վաշինգտոնում գնահատում են որպես բավականաչափ հուսադրող զարգացումներ։ Թեման արծարծվեց նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարի կողմից՝ թուրքական TRT-ի հետ զրույցում։ Չավուշօղլուն ասել է, թե հարաբերությունների կարգավորման հարցում Ադրբեջանում անհանգստություն չկա, ճիշտ հակառակը, Ադրբեջանն աջակցում է այս գործընթացին։ Բայց պետք է նկատի ունենալ, որ Թուրքիան ոչինչ չի անի՝ առանց Ադրբեջանի հետ քայլերը համակարգելու։ Նրա խոսքով` Ադրբեջանը նախընտրում է, որ Թուրքիան ու Հայաստանը շփվեն առանց միջնորդների։ Թուրքիայի արտգործնախարարի խոսքից տպավորություն է ստեղծվում, որ Անկարայում կարևորում են 2018թ. ընտրություններից հետո Հայաստանի վարչապետի՝ թուրքական կողմին հղած ուղերձները, որոնք դրական արձագանքի արժանացան Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Փետրվարի 24-ին Վիեննայում կայանալիք Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հանդիպման հետ կապված՝ Չավուշօղլուն ասել է, թե թուրքական կողմը կցանկանար, որ առաջին հանդիպումից հետո նրանք շփումները շարունակեն Հայաստանում և Թուրքիայում։ Արտգործնախարարի անհանգստությունը, որը նաև Բաքվի անհանգստությունն է, կարելի է հասկանալ։ Բանակցային գործընթացում թուրք-ադրբեջանական տանդեմն իր շահերն է հետապնդում, որոնց համադրումը հիմնական ուժային կենտրոնների հակադիր շահերին բավականին դժվար է։ Դրան էլ գումարվում են գերտերությունների հետ խնդիրները։ Հայ-թուրքական հարաբերությունները դիտարկելիս չենք կարող շրջանցել մի կարևոր հանգամանք։ Ներկա դրությամբ թուրքական հանրային-քաղաքական դիսկուրսի մաս են դարձել այդ հարաբերությունների կարգավորմանն առնչվող տեսակետները, որոնք նկատելիորեն տարբերվում են իշխանությունների հռետորաբանությունից։ Մի բան միանշանակ է՝ երկու երկրների հարաբերությունները որոշող պետական քաղաքականությունն ուղղորդվում է իշխող՝ ՙԱրդարություն և զարգացում՚ կուսակցության (ԱԶԿ) և, իհարկե, անձամբ Էրդողանի կողմից։ Կուսակցության վերջին երկու տասնամյակների գործունեությունը վկայում է, որ որոշ դրական քայլեր ձեռնարկվել են Թուրքիայի հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Նման կարծիք է հայտնում թուրք մտավորական Սելահաթթին Սևինը, ում բնորոշմամբ՝ ֆուտբոլային դիվանագիտության դրսևորում էր ԱԶԿ-ի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Երևան։ Դա մի իրադարձություն էր, որում կարևոր դերակատարություն ունեցան ոչ միայն իշխող կուսակցությունը, այլև Եվրոպական միությունը։ Այդ քայլերը դրական արձագանք գտան նաև հասարակության մեջ։ Բայց դրանից, հետո էլ հարաբերություններն ամբողջությամբ խզվեցին։ Թուրք մտավորականն ուշագրավ միտք է արտահայտում՝ գործընթացի արգելակման պատճառն Էրդողանին աջակցող կուսակցությունների գաղափարախոսություններն էին, որոնք Հայաստանի նկատմամբ թշնամանք էին բորբոքում՝ ադրբեջանամետ երևալու համար։ Ներկայիս Թուրքիայի արտաքին քաղաքականության բնորոշ գծերը, նրա կարծիքով, Եվրամիության հետ գրեթե սառեցված հարաբերություններն են, ԱՄՆ-ի հետ վատթարացող կապերը, Ռուսաստանի և հատկապես Չինաստանի հետ թուրքերի համար անսովոր մերձեցումը։ Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա Թուրքիան այստեղ փորձում է ավելի համարձակ երևալ, հավակնում է իրավունքներ փնտրել Ղարաբաղում երկրորդ երկրի միջոցով։ Թուրք մտավորականի դիտարկումը վկայում է, որ իր երկրի ղեկավարությունը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում առաջնորդվում է ԱԶԿ-ի գաղափարախոսությամբ։ Էրդողանը երբեք չի թաքցրել, որ Մեծ Թուրքիա կառուցելու համար ինքը հենվում է պանթյուրքիզմի և նեոօսմանիզմի վրա։ Անկարայում նաև չեն թաքցնում այն պարզ իրողությունը, որ քաղաքական դաշտի դերակատարներն արտաքին քաղաքական օրակարգի կարևոր հարցերը քննարկելիս ձգտում են հնարավորինս ադրբեջանամետ կեցվածք ընդունել։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Հանդիպման փաստը ողջունել էին Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն։ Փետրվարի 16-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և գիտական ու փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ։ Ռուբինյանի և Սերդար Քըլըչի երկրորդ հանդիպման հետ կապված՝ տեղի է ունեցել մտքերի փոխանակում։ Հայկական կողմը հայտարարում է, որ այս անգամ առարկայական քննարկում է ակնկալում սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ։ «Ազատություն» ռադիոկայանը մեջբերում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի տեսակետը, ըստ որի՝ Հայաստանի նորանկախ պատմության մեջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման չորրորդ փորձն է կատարվում, և այս վերջինը նախորդներից տարբերվում է նրանով, որ ՀՀ սուբյեկտայնությունն այժմ անհամեմատ ցածր է։ Իսկանդարյանի խոսքով՝ ի տարբերություն 2008թ. ձեռնարկված փորձի՝ այժմ Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգը միասնական է։ Սա խնդիր է Հայաստանի համար, որի լուծումը հեշտ չէ։