Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Մոսկվան կոտրեց Ալիեւին

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

  Փետրվարի 22-ին, Դոնբասի «հանրապետությունների» ճանաչումից ոչ լրիվ մեկ օր անց, Ռուսաստանը եւ Ադրբեջանը ստորագրել են դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր։ Ընդամենը երկու շաբաթ առաջ Իլհամ Ալիեւը Կիեւում էր եւ Ուկրաինայի նախագահի հետ ստորագրել էր այդ երկրի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը սատարող փաստաթղթեր, իսկ ռուսաստանյան մամուլի որոշ հրապարակումներ անոնսավորում էին, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են միջնորդ հանդիսանալ ռուս-ուկրաինական հարաբերություններում։ Պուտինը ոչ միայն չընդունեց Անկարայի եւ Բաքվի դերակատարությունը, այլեւ Ադրբեջանի նախագահին «հրավիրեց» Մոսկվա եւ փաստացի պարտադրեց, որ նա հավատարմություն հայտնի Ռուսաստանի աշխարհաքաղաքականությանը։

Ռուսաստանն այդպիսով  կատարեց սկզբունքային քայլ՝ հակակշռելով թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշնակցությունը։ Պուտին-Ալիեւ հռչակագրի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ դա շատ հապճեպ պատրաստված փաստաթուղթ է եւ, փաստորեն, երկու երկրների միջեւ 1997թ․-ից ի վեր ստորագրված պայմանագրերի «միքս»։ Իսկ եթե կան նորություններ, ապա դրանք միայն ուղղված են Ադրբեջանի հավակնությունների զսպմանը։ Այս առումով պետք է առանձնացնել երեք կարեւոր հանգամանք։ Առաջինը վերաբերում է ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությանը։ Ադրբեջանը միանգամայն ինքնաբավ երկիր է, կարող է սպառազինություններ եւ տեխնոլոգիաներ ձեռք բերել միջազգային գներով։ Հռչակագիրը Բաքվին պարտավորեցնում է նախապատվությունը տալ ռուսաստանյան շուկային։ Դա ֆինանսականից զատ քաղաքական ազդեցություն է ապահովում Մոսկվայի համար։ Մանավանդ որ, այս բնագավառում Ադրբեջանը նաեւ ընդունում է ռուսաստանյան ռազմաուսումնական հաստատությունների հետ կապերի խորացման կարեւորությունը։

Երկրորդ սկզբունքային զիջումը, որ անում է Բաքուն, Ռուսաստանի հետ էներգետիկ ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումն է։ Վերջին շրջանում Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունների «ձնհալը» պայմանավորված էր ակնկալիքով, որ Ադրբեջանը Կասպից ավազանում կվերածվի էներգետիկ «հաբի»՝ ապահովելով թուրքմենական գազի տարանցումը «Հարավային գազային միջանցքով»։ Այս հռչակագիրն ստորագրելով՝ Բաքուն սահմանափակում է էներգակիրների արդյունահանման եւ տարանցման հարցերում ինքնիշխան որոշումների շրջանակը։ Սրա հետ անմիջական կապ ունի երրորդ զիջումը՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագրին կողմերի հավատարմության մասին դրույթը։ Փաստացի դա նշանակում է, որ Ադրբեջանը Տրանսկասպյան գազատարի կառուցման հարցում այլեւս չի կարող հավաստիացումներ անել Եվրամիությանը, եթե Ռուսաստանը չտա իր համաձայնությունը։

Իհարկե, նման կարեւորագույն զիջումների Բաքուն գնացել է ստիպված։ Պահի ընտրությունը պատահական չէ։ Ալիեւը գիտակցում է, որ Դոնեցկի «հանրապետությունների» ճանաչման հաջորդ օրն իր Մոսկվայում գտնվելը միջազգային հանրությունը ընկալում է որպես Ռուսաստանից կախվածության խորհրդանիշ, եւ դա արեւմտյան երկրների հետ հետագա հարաբերություններում անպայման նստվածք տալու է։ Կասկածից դուրս է, որ Պուտինի հետ չորս ժամ տեւած բանակցություններում Ալիեւը փորձել է ԼՂ եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցերում «պոկել» առավելագույնը։ Ասել, թե նրան ոչինչ չի հաջողվել, ոչ միայն արդարացի չէր լինի, այլեւ կնշանակեր տուրք տալ Ռուսաստանի նկատմամբ մեր ավանդական լավատեսությանը։ Միայն այն, որ Պուտինը ռուս-ադրբեջանական հռչակագրի ստորագրումը պայմանավորում է քառասունչորսօրյա պատերազմով, ինքնին շատ բան է ասում, եթե ոչ՝ ամեն ինչ։

Այդուհանդերձ, հռչակագրում ԼՂ խնդրի «փակման» մասին ուղղակի հիշատակում չկա, իսկ բանակցությունների ավարտին մամուլի համար հայտարարությամբ Պուտինը խոսել է հարցի վերջնական չկարգավորվածության մասին։ Բուն տեքստում երկու անգամ հիշատակվում են ԵԱՀԿ ձեւաչափում ընդունված «կոնսենսուսային որոշումներին», ինչպես նաեւ Հելսինկյան եզրափակիչ ակտին կողմերի հավատարմությունը։ Մտահոգիչ է, սակայն, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը միասնական քաղաքականություն են հայտարարագրում տարածաշրջանի խնդրների կարգավորման հարցում։ Պետք է, թերեւս, առանձնացնել բանակցություններից հետո Ալիեւի խոսքում առկա դժգոհությունը «Ղարաբաղյան գոտուց Հայաստանի զինված ուժերի դուրսբերման եւ Ադրբեջանի հիմնական մասի ու Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության վերականգնման ուշացման» առթիվ։

Ենթադրաբար՝ նրան չի հաջողվել Պուտինից երաշխիքներ ստանալ, որ «ԼՂ խնդիրը փակված է», իսկ դեպի Նախիջեւան հաղորդակցության հարցում էլ, ինչպես այդ դեպքերի համար հռչակագիրն է սահմանում, գերակա է մնում տրանսպորտային ուղիների տարածքի եւ կարգավորումների նկատմամբ տվյալ երկրի ինքնիշխանությունը, նրա ազգային օրենսդրությունը։ Չափազանց դժվար է կանխատեսել, թե ռուս-ադրբեջանական հռչակագիրը գործնական ինչ դրսեւորումներ կունենա։ Բայց հռչակագրով Ադրբեջանը ճանաչում է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելությունը։ Դա, ամենայն հավանականությամբ, չի սահմանափակվում նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների ժամկետներով։ Մոտ ապագայում Մոսկվա պաշտոնական այց կկատարի նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի հետ ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահին ընդունելու նախօրեին։