Ո՞րն է «խաղաղության դարաշրջանի կարմիր գիծը»

 Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Անթալիայի դիվանագիտական խորհրդաժողովի շրջանակներում Թուրքիայի միջնորդությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպում։ Նախօրեին Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել է, որ պատերազմը հնարավոր է կանգնեցնել միայն նախագահների մակարդակով բանակցությունների արդյունքում։ Զելենսկին ակնարկել է, որ պատրաստ է քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի թեման, եթե տրվեն անվտանգության երաշխիքներ։ Ընդ որում, նա գտնում է, որ Ռուսաստանից բացի երաշխավոր պետք է լինեն ԱՄՆ-ն, եվրոպական երկրներ։ Զելենսկին նկատել է տվել, որ կարող է «միջանկյալ լուծում տալ» Ղրիմի եւ Դոնբասի հարցերին, բայց «դա չի լինի դավաճանություն ժողովրդին»։ Գրեթե համաժամանկյա ռեժիմում տարածվել է Ուկրաինայի հետ բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության անդամ Սլուցկիի հարցազրույցը, որտեղ նա հայտարարել է, որ Մոսկվան «ոչ մի ստորակետ չի զիջի նախապայմաններից»։ Ռուսաստանի նախապայմանները չափազանց կոշտ են՝ Ղրիմի եւ Սեւաստոպոլի ռուսաստանապատկանության ճանաչում, ամբողջ Դոնբասի անջատում, չեզոք երկրի կարգավիճակի սահմանադրական ամրագրում։ Այս նկատառմամբ Անթալիայում Լավրով-Կուլեբա բանակցությունները հազիվ թե որեւէ արդյունք արձանագրեն, թեեւ չի բացառվում, որ կարող են քննարկվել Պուտին-Զելենսկի բանակցությունների գոնե ընդհանուր օրակարգ։ Նախնական տպավորությունը, որ Ռուսաստանն ուկրաինական հարցում չի ընդունում Թուրքիայի միջնորդական դերակատարությունը, վերահաստատվեց Անթալիայում։ Լավրովը հայտարարեց, որ թուրքական կողմի խնդրանքով Ուկրաինայի արտգործանախարարի հետ հանդիպումը «չի փոխակերպում հիմնական բանակցային տրեկը, որ ընթանում է երկու երկրների նախագահների կողմից հաստատված պատվիրակությունների ձեւաչափով»։ Անթալիայում է նաեւ Իլհամ Ալիեւը, ինչպես նաեւ նրա արտգործնախարար Բայրամովը։ Հայաստանը ներկայացնում է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Անթալիայի խորհրդաժողովի նախօրյակին Փարիզում կայացել է Ֆրանսիայի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպումը։ Ադրբեջանական մամուլը Ֆրանսիայի նախագահի հետ Փաշինյանի բանակցություններին չափազանց սուր է արձագանքել՝ համարելով, որ Հայաստանը «փորձում է արդեն իսկ համաձայնեցված՝ 3+3 ձեւաչափը փոխարկերպել 3+4-ի եւ ներգրավել Ֆրանսիային»։ Տպավորություն է, որ փորձ է արվում Արցախում վերջին օրերի սրացումները պատճառաբանել Փաշինյանի Փարիզ այցելությամբ եւ Ֆրանսիայի նախագահի հետ Ռուսաստանից «անջատ պայմանավորվածությունների գալու մտադրությամբ»։ Այսպիսով, դիտարկվում է նաեւ թշնամական կողմի սադրանքների՝ Հայաստանում եւ Արցախում ներքաղաքական իրավիճակ սրելու նպատակ։ Ուկրաինայի հարցում Ալիեւը հայտնվել է բարդ կացության մեջ եւ նրան պետք է Մոսկվայի դժգոհության սլաքները վերահասցեագրել Հայաստանին եւ Արցախին, ինչպես նաեւ արցախահայության շրջանում ռուս խաղաղապահ զորախմբի նկատմամբ հարուցել դժգոհություն։ Մենք, այսպիսով, խնդիր ունենք Հայաստանի հետ քաղաքական լուրջ քննարկումների միջոցով ճշտել, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ի՞նչ «կարմիր գծեր» է սահմանում Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն, կա՞ երաշխիք, որ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը բաց է պահում ԼՂ քաղաքական կարգավորման ապագան։ Երկրորդ, ո՞րն է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափում քաղաքական քննարկումների հեռանկարը, եթե ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ն, Ֆրանսիան Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով խոր առճակատման մեջ են։ Փաշինյանը հայտարարել է Մոսկվա պաշտոնական այցի մասին։ Ի՞նչ «թղթապանակ» ունի նա ԼՂ հարցով։ Հրատապ անհրաժեշտություն է, որպեսզի Հայաստան-Արցախ լայնաֆորմատ քաղաքական դիսկուրս բացվի։ Արցախի Ազգային ժողովը կարող է հանդես գալ նման նախաձեռնությամբ։