Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ ՈՒ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ

 

Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մասին ոչ մի հիշատակում չկար։ Մինչ քաղաքական-փորձագիտական հանրությունը փորձում էր մեկնաբանել փաստը, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները չեղարկել են ձևաչափը՝ հայտարարելով, որ պատրաստ չեն Ռուսաստանի հետ շփվել այդ ձևաչափում։ Լավրովի հայտարարությունից երկու օր անց հրապարակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ News.am-ի բացառիկ հարցազրույցը։ Հաշվի առնելով Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի միջև առկա լարվածությունը` զարմանալի չէ, որ Մինսկի խումբը գործընկերային և համագործակցային ձևով այժմ չի կարողանում աշխատել, ասել է նախկին համանախագահը։ Սակայն դա չի նշանակում, որ այն ապագայում դեր չի խաղալու, այն կարող է գործել։ Ուորլիքն այնուհետև նշել է, որ այժմ կարող է դեր խաղալ Եվրոպական խորհուրդը կամ մեկ այլ կառույց։ ԵԽ-ն ցանկանում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել։ Ապրիլի 11-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Երկու կողմերն էլ իրենց խոսքում շեշտել են համանախագահության հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը։ Ռոքֆոյը վերահաստատել է Ֆրանսիայի շահագրգռվածությունը ձևաչափի պահպանման և հիմնախնդրի համապարփակ կարգավորման հարցում։ Ամերիկյան ու ֆրանսիական ազդակները մեկնաբանելու կարիք չկա։ Համանախագահող արևմտյան պետությունները ռուս-ուկրաինական շարունակվող պատերազմի ու ՌԴ-ի դեմ օրեցօր ավելացող պատժամիջոցների պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից Ռուսաստանին դուրս մղելու հնարավորություն են տեսնում։ Մինչդեռ, մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ներկայությունը ստիպում են հաշվի նստել 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։ Վկայակոչենք բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո Լավրովի և Բայրամովի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը, որի ընթացքում ՌԴ արտգործնախարարն ընդգծել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը։ Այդ առնչությամբ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում շեշտվում է, որ քննարկվել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին փետրվարի 22-ին բարձր մակարդակով ստորագրված հռչակագրի դրույթների իրականացումը։ Սա մեսիջ է առ այն, որ Բաքվի գործողությունները հակասում են նշված հռչակագրի տրամաբանությանն ու ոգուն, այսինքն՝ ադրբեջանական կողմն անտեսում է այն պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են դաշնակցային փոխգործակցության մասին փաստաթղթում։ Մոսկվան Բաքվին զգուշացնում է, որ Ադրբեջան-Եվրամիություն կապերի խորացումը կարող է խնդրահարույց լինել Բաքվի համար։ Լավրով-Բայրամով հեռախոսազրույցին հետևել է Չավուշօղլու-Բայրամով հեռախոսազրույցը։ Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները։ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունն իր տեղեկատվության մեջ նշում է, որ երկու երկրների նախարարներն անդրադարձել են Ուկրաինայում տիրող իրավիճակին, ինչպես նաև քննարկել բազմակողմ հարթակներում համագործակցությունն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Բաքուն այս պարագայում ի ցույց է դնում Անկարայի հետ իր գործողությունները համակարգելու պրակտիկան, ինչը հույժ կարևոր է հատկապես ուկրաինական իրադարձությունների խորապատկերին։ Պարզ է, որ երկու երկրները համատեղում են քայլերը նաև բազմակողմ համագործակցության կարևոր հարթակներում։ Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքն, իրոք, վկայում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ծրագրված միասնական օրակարգի առաջ մղման մասին։ Թուրքիան, ակնհայտորեն, փորձում է օգտվել աշխարհաքաղաքական զարգացումներից և ուժային վերադասավորումներից։ Աշխարհաքաղաքական այս իրավիճակում Թուրքիայի և Ադրբեջանի զավթողական ծրագրերի առաջին զսպողը Ռուսաստանն է։ Ամենևին պատահական չէր Մոսկվայում Լավրով-Միրզոյան հանդիպմանը ռուսական կողմի հավաստիացումը, որ Ռուսաստանը որպես Հայաստանի առանցքային դաշնակից շարունակելու է օգնել ՀՀ պաշտպանունակությունը հզորացնելու և սահմանների պաշտպանությունը երաշխավորելու հարցում։ Մոսկվայում ՀՀ արտգործնախարարը հանդիպել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Հայկական կողմը ներկայացրել է մարտի 24-ին ադրբեջանական զինուժի կողմից շփման գծի խախտումը Փառուխ գյուղի հատվածում, ինչի հետևանքով ՊԲ երեք զինծառայող է զոհվել, ևս 15-ը վիրավորվել են։ Կողմերի ուշադրությունը սևեռվել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության իրավիճակին ու առկա մարտահրավերներին։ Վերադառնանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության սառեցման վերաբերյալ Ուորլիքի մեկնաբանությանը, ինչից ենթադրվում է, որ ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում Արևմուտքն անցնում է նոր մարտավարության։ Ամերիկացի նախկին համանախագահն ասում է, որ Մինսկի խումբն այժմ չի կարողանում աշխատել համագործակցային առումով, ապագայում այն կարող է գործել ու իր դերը խաղալ։ Հիշեցնենք նաև Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանի խոսքը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՂ հարցի լուծման միակ հարթակն է, և որպեսզի այլընտրանքներ լինեն, պետք է գոյություն ունենան բոլորի համար ընդունելի հարթակներ։

  Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ