[ARM]     [RUS]     [ENG]

Թուրքիան ու Ադրբեջանը չեն հրաժարվել ցեղասպան քաղաքականությունից. Դավիթ Բաբայանը` Հայոց ցեղասպանության հետեւանքների եւ դասերի մասին

 Ցեղասպանության հետեւանքով հայ ժողովուրդը կորցրեց իր պատմական հայրենիքի ավելի քան 80 տոկոսը եւ, փաստորեն, հայրենազուրկ դարձանք: Այս մասին ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը` Ստեփանակերտի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո։ «Առ այսօր միջազգային հանրությունը պատշաճ կերպով չի դատապարտել և չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սա, փաստորեն, միջազգային հանրության համար մի խարան է, որը կարող է մաքրել միայն ճանաչելով և դատապարտելով միջազգային մակարդակով: Նաև շատ կարևոր է, որպեսզի մենք ճիշտ պատկերացնենք իրականությունը։ Դժբախտաբար, 1915թ. ցեղասպանությունը դրանով չի եզրափակվել, վերջակետը դրվել է 1920թ. Շուշիի կոտորածի ժամանակ: Իրենց ցեղասպան քաղաքականությունից չեն հրաժարվել նաև 100 տարի հետո»,-նշեց Դ. Բաբայանը` հավելելով, որ ադրբեջանաթուրքական տանդեմը 2020 թվականի ագրեսիայի ժամանակ փորձել է նորից ցեղասպանություն իրականացնել: Արցախի արտգործնախարարի խոսքով` ընդհանրպես մինչ այսօր, նրանք չեն հրաժարվել իրենց ցեղասպան քաղաքականությունից: «Պետք է այս ամենը հաշվի առնենք և ամեն ինչ անենք, որպեսզի թույլ չտանք նոր ողբերգություններ: Դա հնարավոր է, եթե վարենք ճիշտ աշխարհաքաղաքականություն, եթե լինենք միասնական, եթե մեր արժեհամակարգը պահպանենք»,- ասաց արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

 «ԱԱ»