[ARM]     [RUS]     [ENG]

Ադրբեջանը «կողասահում է» դեպի Արեւմուտք, ռուս-հայկական համաձայնություն հնարավոր է

 

Ուկրաինայի նախագահ Զելենսկին հունական Հանրային հեռուստատեսությանը հարցազրույցում քննադատել է Թուրքիային՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու համար։ Զելենսկին ասել է, որ Թուրքիան պետք է Ուկրաինայի հետ հետագա հարաբերությունները հաշվի առնի։ Ավելի վաղ նա դժգոհել էր նաեւ Ադրբեջանի դիրքորոշումից, որին հետեւեց Իլհամ Ալիեւի հայտարարությունը, որ Ուկրաինան «պայքարում է իր տարածքային ամբողջականության համար»։ Անցած ամիս ուշագրավ տեղեկատվություն էր տարածվել, որ Թուրքիայի նախագահի միջնորդությամբ ռուսական հատուկ նշանակության ջոկատը Խերսոնից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիների դուրս է բերել անվտանգ վայր։ Մամուլում երբեմն տեղեկություններ են տարածվում ուկրաինական կողմից ռուսների դեմ կռվող վարձկան ադրբեջանցիների մասին։ Իրական է, որ Ադրբեջանը Ուկրաինային նավթամթերք եւ վառելիք է մատակարարում։

Ըստ երեւույթին, գոյություն է ունեցել խորքային ծրագիր, որ Հարավային Կովկասում պետք է սկսեր Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին։ Այդ մասին գրեթե բաց հայտարարել է Վրաստանի վարչապետը։ Ադրբեջանի երկակի պահվածքը նույնիսկ նախկինում Ալիեւի տեսակետները գեներացնող ռուս փորձագետներն են արձանագրում։ Կարեւոր տեղեկություն է ստացվել Մոսկվայից․ պետական «Աէորոֆլոտ» ընկերությունը մայիսի 6-ից վերսկսում է դեպի Թուրքիա կանոնավոր չվերթները։ Ավելի վաղ թուրքական կողմը հայտարարել էր երկրի օդային տարածքը ռուսական ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքացիական ինքնաթիռների համար փակելու մասին։

Իշխող կուսակցության պատգամավորական խմբակցության հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը վերստին հավաստիացրել է մոտակա օրերին Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույց անցկացնելու մասին։ Էրդողանը վստահաբար ասել է, որ Ուկրաինայի արեւելքի հարցով կողմերը կարող են համաձայնության գալ՝ դեմ առ դեմ հանդիպելով Ստամբուլում կամ Անկարայում։ Այդ հայտարարությունը հաջորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մոսկովյան այցին, որի ընթացքում որեւէ առաջընթաց չի արձանագրվել։ Թուրքիան, երեւում է, դժգոհ է Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների հետ ԱՄՆ իշխանությունների շփումներից եւ վերստին փորձում է Ռուսաստանի աջակցությունն ստանալ իր համար չափազանց կարեւորության այդ հարցում։

Ռուսաստանի նախագահ Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ բանակցություններում վկայակոչել է կազմակերպության խարտիան, ինչպես նաեւ Կոսովոյի հարցով միջազգային դատարանի որոշումը, որոնք ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականության նկատմամբ գերակա են ճանաչում։ Ռուսական մամուլում թեմայի շուրջ բազմաթիվ հրապարակումներ են արվում, որպեսզի հիմնավորվի Ղրիմի եւ Դոնբասի անջատումն Ուկրաինայից։ Եթե ռուս-ուկրաինական բանակցություններում Մոսկվան առաջնորդվի ինքնորոշման իրավունքի գերակայությամբ, ապա ռուս-ադրբեջանական հարաբերություններում բարդություններ են առաջանալու։ Թերեւս այդ անհանգստությամբ է, որ Իլհամ Ալիեւը նախապես աջակցություն է հայտնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։

Ռուս-ուկրաինական բանակցություններում հարցի նման դրվածքը Միացյալ Նահանգների եւ Եվրամիության համար անընդունելի է, նրանք միասնաբար սատարում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, իսկ Ուկրաինայի ռուսախոս շրջանների համար նկատի է առնվում «հատուկ կարգավիճակ», որը թույլ կտա պահպանել էթնիկ, մշակութային եւ քաղաքակրթական ինքնությունը։ Ներկա փուլում դժվար է կողմնորոշվել, թե ԼՂ կարգավիճակի հարցով ո՞րն է Ռուսաստանի պաշտոնական մոտեցումը կամ ձեւակերպվա՞ծ է նման տեսակետ՝ գոնե որպես աշխատանքային փաստաթուղթ։ Հայաստանի փորձագիտական մի քանի աղբյուրներ միաժամանակ տեսակետ են հատնում, որ ԼՂ հարցով արեւմտյան կենտրոնների հանդեպ «գայթակղությունը հիմնավոր չէ»։ Դա միանգամայն տրամաբանական է․ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը զինված աջակցությամբ պաշտպանող Միացյալ Նահանգները հազիվ թե ԼՂ անկախություն կամ Հայաստանին միավորում առաջարկի, առավել եւս՝ պաշտպանի։

Գործնական հարթությունում ռուս-թուրքական լայն համաձայնություն  այս փուլում դեռեւս չի դիտարկվում, բայց հնարավորությունը պահպանվում է։ Հայկական դիվանագիտությունը պետք է առավելագույն ջանքեր գործադրի՝ Թուրքիայի հետ երկխոսությունը, Հայաստան-Ադրբեջան ենթադրյալ սահմանազատումը ԼՂ հիմնախնդրից առանձնացնելու՝ շեշտը դնելով արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին, որովհետեւ համանախագահությունը փաստացի չի գործում։ Նպատակահարմար կլիներ, եթե Ստեփանակերտը ռուսական կողմի հետ խորհրդատվություններ սկսեր՝ փաստացի վերականգնելու ԼՂ կարգավորման ռուսաստանյան միջնորդությունը, որ գործել է մինչեւ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմամբ ՄԽ համանախագահության ինստիտուտի ստեղծումը։

 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ