[ARM]     [RUS]     [ENG]

Ստեփանակերտի ընտրությունը․ ռուս-թուրքական «ապահարզա՞ն», թե՞․․․

 

 

 

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղեկալ Կոսաչեւը թելեգրամ-ալիքում սկզբունքային նշանակության գրառում է կատարել՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի այն տեսակետի, որ «պետք է ստեղծվի գլոբալ ՆԱՏՕ՝ ապահովելու աշխարհակարգը»։ Կոսաչեւի տեսակետի ամենաուշագրավ ձեւակերպումը, թերեւս, այն է, որ նա նույն հարթության վրա է գնահատում Կոսովոն, Ուկրաինան եւ Իդլիբը։ Խոսքը Սիրիայի հյուսիսի մասին է, որտեղ ներկայումս «համատեղ պարեկություն են իրականացնում» Ռուսաստանը եւ Թուրքիան։

Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյան, այսպիսով, սիրիական ճգնաժամից ի վեր, թերեւս առաջին անգամ բաց խոսում է ՆԱՏՕ-ի ընդհանուր գծին Թուրքիայի ներգրավվածության մասին։ Ճիշտ է, նա Իդլիբը համարում է Սիրիայի դեմ ՆԱՏՕ-ամերիկյան «խոյահարում», բայց, նկատի ունենալով սիրիական հարցում Ռուսաստանի վճռորոշ ներգրավվածությունը, ենթատեքստով, կարծես, արձանագրվում է նաեւ ռուս-թուրքական դիմակայություն։

Կոսաչեւն այս գրառումը կատարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եւ Ռուսաստանի նախագահի միջեւ բանակցություններից հետո։ Գլխավոր քարտուղարը Մոսկվա է այցելել Անկարայում բանակցություններից հետո։ Թուրքիայի նախագահ Էրդողանը Գլխավոր քարտուղարի հետ բանակցություններից հետո վերահաստատել էր Ստամբուլում ՌԴ եւ Ուկրաինայի նախագահների հանդիպում միջնորդելու պատրաստակամությունը։ Ըստ երեւույթին, Պուտինը մերժել է Էրդողանի նախաձեռնությունը։ Այս իմաստով ուշագրավ է, որ Թուրքիան ապրիլի վերջին օդային տարածքը փակում է ռուսական ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքացիական օդանավերի համար։ Թուրքիան նաեւ դիտարկման սարքավորումներ է տեղադրել Բոսֆորի նեղուցում։

Պաշտոնապես ասվում է, որ այդ քայլը «լողացող ականները հայտնաբերելու» համար է։ Բացառված չէ սակայն, որ դիտարկման սարքավորումները կարող են օգտագործվել ոչ ռազմական բեռնանավերի նկատմամբ վերահսկողության նպատակով։ Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների խորհրդաժողովին, որտեղ քննարկվել է Ուկրաինային ռազմական աջակցության հարցը։

Բարդ իրավիճակ է նաեւ Ադրբեջանում։ Անցած շաբաթ ոստիկանությունը խոչընդոտել է Ռուսաստանի դեսպանության մոտ բողոքի ակցիան։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին բացահայտ դժգոհություն է հայտնել, որ Ադրբեջանը խուսափում է դաշնակցային պարտականությունները կատարելուց, հանդես չի գալիս որպես «Ուկրաինայի անվտանգության երաշխավոր՝ ի տարբերություն Թուրքիայի»։ Բաքվում քաղաքական-հանրային տրամադրությունները հիմնականում հակառուսական են։ Իլհամ Ալիեւի «գրպանային ընդդիմադիր»՝ այսպես կոչված Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ջալալօղլուն հայտարարել է, որ եթե Ռուսաստանը դաշնակից է, ապա «պետք է Ադրբեջանին վերադարձնի Դերբենտի շրջանը»։

Ադրբեջանը նաեւ շատ որոշակի քայլեր է ձեռնարկում Եվրամիության հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ Ծրագրվում է, որ մինչեւ տարեվերջ Բուլղարիան կստանա ադրբեջանական բնական գազ՝ Թուրքիա-Հունաստան «հաբի» միջոցով։ Անսպասելի հրաժարական է տվել «Լուկօյլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքպերովը։ Ըստ երեւույթին, նրան չի հաջողվել համատեղել նախագահ Պուտինի շրջապատի օլիգարխի եւ Իլհամ Ալիեւի քաղաքական լոբբիստի կարգավիճակը։ Ռուսաստանի էներգետիկ համակարգում «Լուկօյլը» միակն է, որ տնտեսա-պայմանագրային կապ ունի Ադրբեջանի նավթա-գազային ծրագրերի հետ։

Շաբաթասկզբին Ադրբեջանի հասցեին կոշտ հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը՝ անընդունելի համարելով Լեռնային Ղարաբաղում «միակողմանի քայլերը»։ Դա որոշակի ոգեւորության տեղիք է տվել հայաստանյան փորձագիտական հանրությանը։ Մինչդեռ բացառված չէ, որ դա ենթատեքստային ուղերձ է Ադրբեջանին՝ կողմնորոշվելու ուկրաինական հարցում։ Եվրամիության «էներգետիկ անվտանգության» նախագծի պրովայդերը Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան են, եւ Կասպյան ավազանից դեպի Եվրոպա գազի տարանցման հարցը մնում է գերխնդիր։

Ուրվագծվող բազմաքայլ եւ ենթաշերտային աշխարհաքաղաքականության մի ուղղություն են հայ-թուրքական «հաշտեցումը» եւ Հայաստան-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» բանակցությունները, որոնց մեկնարկի հավանականությունը բարձր է։ Իրավիճակը, բնականաբար, տրանսֆորմացվում է Հայաստանում ներքաղաքական դիմակայության։ Դատելով ընդդիմության քարոզչությունից՝ հակափաշինյանական շարժման մեջ առանցքային տեղ է  հատկացվում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշմանը։ Իրավիճակն այնպիսին է, որ պետք է կողմնորոշվել՝ ի՞նչ է հնարավոր Փաշինյանի իշխանությամբ եւ ի՞նչ, եթե նա հեռանում է։ Պաշտոնական Ստեփանակերտը չի կարող որոշում ընդունել «քաղաքական համերաշխության» կամ «ոչ նպատակահարմարության» սկզբունքով։

 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ