[ARM]     [RUS]     [ENG]

Ռուս-թուրքական հարավկովկասյան «էսպերանտո՞»

 

Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Դարչիաշվիլին վերջերս այցելել է Բաքու եւ Երեւան։ Ադրբեջանում նրան ընդունել է Իլհամ Ալիեւը, Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանը։ Դա վկայում է, որ Դարչիաշվիլիի «տուռնեն» ամենեւին էլ ճանաչողական չէ։ Դրան հաջորդել է Հայաստանի նախ ԱԽ քարտուղարի, ապա՝ պաշտպանության նախարարի այցը Վրաստան։ Երկու դեպքում էլ հայկական կողմն արժանացել է վարչապետ Ղարիբաշվիլիի ընդունելությանը։ Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են ընթացիկ տարվա համագործակցության ծրագիր։ Վրաստանը միաժամանակ ռազմական համագործակցություն ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։

Հարավային Կովկասի հեռանկարի առումով նշանային հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին։ Մինչ այդ վերջինս իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ Ուկրաինայի հարցով բացահայտ տարաձայնություն ուներ։ Երեւում է` Զուրաբիշվիլին վերագնահատել է մոտեցումները։ Նա ուկրաինական կողմին «կշտամբել է» Վրաստանին պահանջներ ներկայացնելու համար եւ ասել, որ «ռազմական օգնության մասին խոսք չի կարող լինել»։ Զուրաբիշվիլին Ուկրաինայի իշխանություններին հորդորել է բավարարվել Վրաստանի «քաղաքական եւ մարդասիրական աջակցությամբ»։

Ստեղծված իրավիճակի մասին ավելի բաց մեկնաբանություն է արել Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում պատերազմը «պետք է սկսվեր անցյալ տարվա նոյեմբերին կամ դեկտեմբերին», եւ նախկին նախագահ Սաակաշվիլին Ուկրաինայից վերադարձել էր, որպեսզի «Ռուսատանի դեմ երկրորդ ճակատ բացի»։ Ղարիբաշվիլին վկայաբերել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Երմակի՝ անցյալ տարվա դեկտեմբերին թույլ տված արտահայտությունը, թե «ժամանակն է, որ Վրաստանը վերադարձնի Աբխազիան եւ Հարավային Օսեթիան»։ Ղարիբաշվիլին կտրուկ հայտարարել է, որ Վրաստանում «Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ չի բացվի»։

Regnum-ի մեկնաբանը Վրաստանի վարչապետի այս հավաստիացման ֆոնին անդրադարձել է մարտի 24-ի Փառուխի դեպքերին, երբ ադրբեջանական կողմը «հատեց ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտին», որից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ հեռախոսազրույց ունեցավ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն։ Ըստ մեկնաբանի՝ Ադրբեջանը «զգուշացում է ստացել նաեւ Անկարայից, որը չի միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին»։ Ռուսաստանի փորձագիտական հանրության կողմից նման ենթատեքստային զուգահեռ, որքան կարելի է դիտարկել, առաջին անգամ է արվում։ Փաստացի ակնարկվում է, որ Մոսկվայում ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունների մասին Հռչակագիր ստորագրելուց մեկ ամիս անց Իլհամ Ալիեւը փորձել է ԼՂ-ում Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ բացել»։

Հայ-վրացական բարձր մակարդակի շփումները, ինչպես նաեւ ռազմական համագործակցության մասին պայմանավորվածություններն, այսպիսով, ներգրավում են Ռուսաստանի նկատմամբ Վրաստանի չեզոք դիրքորոշմանը։ Առավել էական է, թե ինչ հարթությունում են այսօր ռուս-ադրբեջանական հարաբերությունները։ Ապրիլի 28-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները հերթական հեռախոսազրույցն են ունեցել, շփումները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Մոտ ապագայում Էրդողանը կուղեւորվի Բաքու։ Դա, թերեւս, սկզբունքային նշանակություն կունենա։

Բանն այն է, որ Թուրքիային բավարարում է ուկրաինական ճգնաժամի այնպիսի հանգուցալուծում, երբ «հաղթող եւ պարտվող չի լինի»։ Ադրբեջանի պարագայում սպասելիքներն այլ են։ Եթե ձեռք բերվի ռուս-ուկրաինական այնպիսի համաձայնություն, որը կճանաչի Ղրիմի ռուսաստանապատկանությունը եւ Դոնբասի ինքնորոշումը, ապա ԼՂ հարցում Բաքվի մաքսիմալիստական մոտեցումը կվերածվի անիրացնելի գաղափարի։ Ադրբեջանում, իհարկե, հասկանում են, որ Ռուսաստանը ռազմական պարտություն չի կրի, բայց, ամենայն հավանականությամբ, փորձում են «լոյալությունը թանկ վաճառել»։

Թերեւս նաեւ այդ պատճառով է, որ Իլհամ Ալիեւը ձգտում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն արագացնել։ Բաքվում անհանգստանում են, որ ուկրաինական ճգնաժամի երկարաձգման դեպքում Ռուսաստանը եւ Արեւմուտքը կարող են հանգել «մոդելային համաձայնության»։ Regnum-ի մեկնաբանը, որ սերտ կապեր ունի Ադրբեջանի փորձագիտական հանրության հետ, համարում է, որ մարտի 24-ի միջադեպը «կարող էր փորձություն լինել ադրբեջանական պետականության համար»։

Թե' Արեւմուտքը, թե' Ռուսաստանը մեր տարածաշրջանը դիտարկում են որպես մեկ-ամբողջական աշխարհաքաղաքական միավոր։ Դատելով Վրաստանի պահվածքից՝ Թբիլիսին այլեւս եվրաինտեգրացման եւ ՆԱՏՕ-ի «ապահովության հովանոցի» հանդեպ չափազանցված սպասելիքներ չունի։ Իրավիճակն այնպիսին է, որ Հարավային Կովկասի «ներքին բացման» մոդելավորում կարող է տեղի ունենալ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ սկզբունքորեն նոր համաձայնությամբ։ Դա կլինի «մրցակցային համագործակցություն», բայց հենց այդտեղ էլ հնարավոր է գտնել ԼՂ օպտիմալ կարգավորման հնարավորություն։

 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ