[ARM]     [RUS]     [ENG]

«Հայկական խաչմերուկի» հեռանկարը

 

ԱՄՆ-ի պետքարտուղար Բլինքենը եւ Մեծ  Բրիտանիայի արտգործնախարար Թրասը համաժամանակյա տեղեկություն են տարածել, որ ընթացիկ ամսում ծրագրված՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդաժողովին մասնակցության հրավեր են ստացել Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան եւ Նոր Զելանդիան։ Ուկրաինական ճգնաժամի բացահայտ խորացման համապատկերին այդ որոշումը միայն մի բան է նշանակում՝ Միացյալ Նահանգները նպատակադրվում է Ռուսաստանին «զսպել» նաեւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան հիպերտարածաշրջանում, եւ միաժամանակ «ազդակ է հղում» Չինաստանին, որտեղ, ինչպես կարծում են Արեւմուտքում, «Թայվանի բռնակցման նախապատրաստությունը մոտենում է ավարտին»։

Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողություն» սկսելու նախօրեին Մոսկվա էր այցելել Պակիստանի վարչապետ Իմրան Խանը։ Մեկ շաբաթ անց Պակիստանը ներքաղաքական ճգնաժամ ունեցավ, խորհրդարանը վարչապետին անվստահություն հայտնեց, եւ միջազգային մամուլը գրեց, որ դա տեղի է ունեցել «մի խումբ պատգամավորների ԱՄՆ կողմից հավաքագրելու հետեւանքով»։ Պակիստանը դիտարկվում է դեպի Հնդկական օվկիանոս տրանզիտային երկիր, որի հետ բավական արդյունավետ համագործակցում է նաեւ Չինաստանը։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ Թուրքիան, Պակիստանը եւ Ադրբեջանը ռազմաքաղաքական դաշինք կձեւավորեն։ Ըստ երեւույթին, դա այլեւս գործնական հեռանկար չէ։

Հարավ-արեւելյան Ասիայում ՆԱՏՕ-ի ազդեցության տարածումը, ինչի վկայությունն է դաշինքի անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդաժողովին վերոհիշյալ երկրներին արված հրավերը, գլոբալ աշխարհաքաղաքականության առումով առայժմ դիտարկվում է որպես «նախազգուշական ազդակ»՝ քանի դեռ Միացյալ Նահանգներին չի հաջողվում ներգրավել Հնդկաստանին։ Այս համատեքստում ռուսական փորձագիտական շրջանակներից արված մի դիտարկում, որ «Հնդկաստանը Ռուսաստանի «նուրբ փորատակ» հանդիսացող Հարավային Կովկասում որոշակիորեն զսպում է Թուրքիային», ամենայն հավանականությամբ, ակնարկ է Պարսից ծոց-Սեւ ծով տրանսպորտային միջանցքի մասին։

Ուկրաինական ճգնաժամին նախորդած քառասունչորսօրյա պատերազմից հետո շուրջ մեկ տարվա քննարկումներում Ռուսաստանը, մեղմ ասած, այնքան էլ ոգեւորված չէր Իրանի վրայով եւ Հայաստան-Վրաստան տրանզիտով դեպի Սեւ ծովի նավահանգիստներ ապրանքաշրջանառություն իրականացնելու հնդկական նախաձեռնությամբ։ Այսօր, կարծես, Մոսկվայում իրավիճակի այլ ընկալում է ձեւավորվում։ Եթե այդպես է, ապա Սյունիքում «տրանսպորտային խաչմերուկի» գաղափարը, որ հնչեցրել է Հայաստանը, կարող է համաժամանակյա աջակցություն ստանալ թե՛ Մոսկվայում եւ Թեհրանում, թե՛ նաեւ Դելիում, որտեղ, ի դեպ, վերջերս այցելել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Քաղաքական «կլիմայի» բարեխառնություն է նկատվում նաեւ ռուս-վրացական հարաբերություններում։ Վարչապետ Ղարիբաշվիլին միանշանակորեն հայտարարել է, որ իր երկրի տարածքում Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ չի բացվի»։ Ռուսական որոշ լրատվամիջոցներ ակնարկում են, որ հակառուսական քայլերից ձեռնպահ մնալու զգուշացում է ստացել նաեւ Ադրբեջանը, ընդ որում՝ Անկարայից։ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների հաջողությունը հակասում է Արեւելյան Եվրոպա-սեւծովյան-կասպյան տարածաշրջանում Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերին։ Թուրքիային, իհարկե, ձեռնտու չէ նաեւ Ռուսաստանի վճռական հաղթանակը, բայց կոնկրետ այս փուլում Էրդողանի կառավարությունը շատ ավելի «հեռավորություն է պահում» Վաշինգտոնից, քան՝ Մոսկվայից։

Հայաստանին ի՞նչ կարող է տալ ենթադրյալ վերադասավորումը։ Առարկայական հնարավորությունը, կարծես, Սյունիքի լոգիստիկ եւ կոմունիկացիոն նշանակության միջազգայնացումն է՝ որպես «հայկական խաչմերուկի», որ ոչ միայն արեւելք-արեւմուտք, այլեւ հյուսիս-հարավ շահագրգռվածություն է, ուստի եւ՝ հավասարակշռող։ Պարզ ասած, եթե Սյունիքը ոչ միայն Չինաստան-Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Թուրքիա, այլեւ՝ Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան հաղորդակցություն ապահովի, ապա «Զանգեզուրի միջանցք» զուտ թուրքական նախագիծը միջազգային քաղաքական օրակարգ չի մտնի, եւ «էքստերիտորիալության սպառնալիքը» կչեզոքացվի բացառապես դիվանագիտական խողովակներով։

Պետք է պարզորոշ նկատել, որ ԼՂ կարգավիճակի եւ, առհասարակ, ապագայի ծրագրավորումը պայմանավորված է Սյունիքի կոմունիկացիաների վերահսկողությամբ։ Եթե գլոբալ աշխարհաքաղաքականության իմաստով Սյունիքը դուրս բերվի թուրք-ադրբեջանական «նախապայմանների տրամաբանությունից», ապա Ադրբեջանը մեծ մասով կզրկվի ԼՂ կարգավիճակի չեղարկման իդեա-ֆիքսը գործնականացնելու գլխավոր հաղթաթղթից։ Այլեւս գաղտնիք չէ, որ Սյունիքի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելը Բաքուն փորձում է փոխհատուցել ԼՂ կարգավիճակի թեման հայ-ադրբեջանական բանակցություններից բացառելու եւ «Զանգեզուրի միջանցքի» էքստերիտորիալությանը հասնելու շուրջ արտաքին աջակցությամբ։ 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ