[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՐԴԵԳՐԵԼ Է ԽՈՒՍԱՓՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մայիսի 13-ին ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում։ Ռուսաստանի այս նախաձեռնությունն ընդունվել է Արարատ Միրզոյանի կողմից՝ ապրիլի 29-ին ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Ընթացիկ ամսվա սկզբին Բրյուսելում հանդիպել էին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Գրիգորյանը Բրյուսել մեկնելուց առաջ տեղեկացրել էր, որ քննարկվելու են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հարցեր, և եթե հանդիպումն անցնի կառուցողական մթնոլորտում, դրան կարող է հաջորդել ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը։ Պաշտոնական Բաքուն, ինչպես հայտնի է, հայկական կողմին ներկայացրել է հինգ կետանոց առաջարկություններ՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու համար։ Երևանը դրանց պատասխանել է վեց կետերով։ Մայիսի 10-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը որակավորեց հայկական կողմի առաջարկությունները՝ ասելով, թե ներկայացված փաստաթուղթը եղել է հակազդման տեսքով՝ ընդդեմ Ադրբեջանի առաջարկների։ Նույն օրը հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ՙԱրմենպրես՚-ին տեղեկացրեց, որ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում Երևանը Բաքվին է փոխանցել 6 կետանոց փաստաթուղթ, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների պաշտպանության և ԼՂ վերջնական կարգավիճակի հարցը։ Հայկական կողմն առաջարկել է երկու օրակարգերի հիման վրա սկսել բանակցություններ՝ խաղաղության պայմանագրի ուղղությամբ, ինչին ադրբեջանական կողմը տվել է իր համաձայնությունը։ Դրանից հետո բանակցություններ ձեռնարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Փաստորեն, Բաքվում հայկական կողմի առաջարկների շուրջ երկար-բարակ մտածելուց հետո, ի վերջո, եզրակացրել են, որ դրանք հակազդման տեսքով են ներկայացված։ Այնտեղ, երևում է, հակազդեցություն են տեսնում ԼՂ կարգավիճակի քննարկման հարցն առաջ մղելու մեջ։ Բրյուսելյան վերջին հանդիպումից հետո Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե խաղաղության բանակցությունների սեղանին լինելու են միայն Բաքվի առաջարկները, սակայն դա հակասում է ձեռք բերված պայմանավորվածությանը, հայտարարեց ՀՀ վարչապետը մայիսի 11-ին Հաագայում Միջազգային հարաբերությունների նիդեռլանդական ինստիտուտում տեղի ունեցած հանդիպմանը։ Փաշինյանի խոսքով՝ մեկ ամիս առաջ Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպման ընթացքում ինքն Ալիևին հայտնել է, որ Բաքվի հինգ առաջարկները Երևանի համար ընդունելի են, սակայն չեն ներառում բոլոր կարևոր հարցերը։ Հայկական կողմն արձանագրել է, որ այդ կետերը չեն հասցեագրում հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգը, ուստի և, լրացրել է օրակարգը, որում ներառվում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների և ԼՂ վերջնական կարգավիճակի խնդիրը։

Դուշանբեի հանդիպմանը նախորդած իրադարձությունների ընդհանուր համատեքստից չենք կարող առանձնացնել ապրիլի 19-ին Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպան արդյունքները, որոնք ամփոփվել են համատեղ հայտարարության մեջ։ Այդ հայտարարության առանձին դրույթներ, որոնք վերաբերում էին հայ-ադրբեջանական հարաբերություններին ու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, կարելի է ասել, առավելապես դիվանագիտական ուղերձներ էին։ Մոսկվայում Պուտինն ու Փաշինյանը նաև պայմանավորվել էին ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով։ Նշենք նաև, որ մոսկովյան հանդիպումից 10 օր անց՝ ապրիլի 29-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ վարչապետն ասել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը։ Եվ հետևապես, այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, ուղղակի անտրամաբանական է, և նման բան երևակայելն ուղղակի անհնար է։ ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, որ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ, հավաստիացրել է ԱՀ նախագահը։

Վերադառնալով Դուշանբեի հանդիպմանը՝ փաստենք, որ Բաքուն ի ցույց է դնում ԼՂ կարգավիճակի հարցում իր խուսափողական քաղաքականությունը՝ անուղղակիորեն հայկական կողմին իրազեկելով, որ իր առավելապաշտական դիրքորոշումից հրաժարվելու մտադրություն չունի։ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը նաև մտադիր չէ հետևել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020թ նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պայմանավորվածություններին։

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ