[ARM]     [RUS]     [ENG]

Քաղտեխնոլոգիական սադրանքի «գայթակղությունը»

 

Երեւանում շարունակվող «դիմադրության» ֆոնին մայիսի 10-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը խոսել է Բաքվի կողմից «խաղաղության պայմանագրի հինգ սկզբունքներին» Հայաստանի պատասխանի մասին։ Բայրամովը դրանք գնահատել է Ադրբեջանի «առաջարկություններին արձագանք», որ «դժվար է առաջարկություն համարել»։ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկու օր առաջ ասել էր, որ Երեւանի եւ Բաքվի առաջարկությունները պետք է կազմեն «ընդհանուր փաթեթ» եւ դառնան խաղաղության պայմանագրի բանակցությունների հիմք։ Հայաստանը ներկայացրել է ԼՂ անվտանգությանը, հայ բնակչության իրավունքներին վերաբերող առաջարկություն, որից, ինչպես ինքն  է ձեւակերպել, պետք է բխի նաեւ Արցախի կարգավիճակը։

Ինչպես հասկացվում է Բայրամովի ձեւակերպումներից, Ադրբեջանը ԼՂ անվտանգության, հայ բնակչության իրավունքների եւ կարգավիճակի հարցերը չի դիտարկում որպես բանակցությունների առարկա։ Բաքվի մոտեցումն այն է, որ պետք է իրականացվի հայ-ադրբեջանական միջպետական սահմանի դելիմիտացիա եւ դեմարկացիա, կնքվի խաղաղության պայմանագիր, հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, իսկ ԼՂ հայ բնակչությունը «կարող է ապրել որպես Ադրբեջանի քաղաքացիներ՝ օգտվելով այն իրավունքներից եւ ազատություններից, որ երաշխավորում է երկրի սահմանադրությունը»։

Ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասել է, որ միջազգային հանրությունը խոստանում է ԼՂ հարցում ապահովել կոնսոլիդացիա, եթե Հայաստանը «կարգավիճակի հարցում մի փոքր իջեցնի նշաձողը»։ Փաստացի նա խոստովանել է, որ երկկողմ ֆորմատով Ադրբեջանի հետ ԼՂ կարգավիճակին վերաբերող հարց անհնար է քննարկել։ Ըստ երեւույթին, ռուսական կողմի մոտեցումն այն է, որ ԼՂ կարգավիճակի հարցը «քաղաքական սառեցման դրվի»։ Դիտարկվում է, որ Միացյալ Նահանգներն էլ իր հերթին ոգեւորված չէ հայ-ադրբեջանական սահմանազատման-սահմանագծման գործընթացով։

Այս «միջակայքում» Հայաստանը ակնհայտորեն ձգտում է «դիվանագիտական թիկունք» ապահովել՝ նվազագույնի հասցնելու Ադրբեջանի հետ բանակցությունների հետաձգման դեպքում վերջինիս կողմից ուժի սպառնալիքի կամ ուղղակի կիրառման հավանականությունը։ Նման ակնարկ հասկացվում է «լարվածությունը չվերսկսելու» մասին կողմերին ԱՄՆ պետքարտուղարի վերջին հայտարարություններից։ Հայաստանը տասը օրվա ընթացքում ռազմական համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել նախ՝ Վրաստանի, ապա՝ Հունաստանի եւ Կիպրոսի հետ՝ եռակողմ ձեւաչափով։

Գործնական առումով դրանք, գուցե, մեծ աջակցություն չեն, բայց անվտանգային «բարձիկ» կարող են հանդիսանալ՝ ի հակակշիռ Ադրբեջանի, որի ռազմատեխնոլոգիական գործընկերների շրջանակը նկատելիորեն սահմանափակվում է։ Հետկոնֆլիկտային Ռուսաստանը, ըստ պրագմատիկ հաշվարկների, տեւական ժամանակ զբաղված է լինելու սեփական բանակի արդիականացման եւ վերազինման հարցերով։ Ռազմավարական պահուստների մի զգալի մասը Ուկրաինային է տրամադրել Միացյալ Նահանգները։ Բելառուսը, որ Ադրբեջանի ռազմական մատակարարներից մեկն է, ինքն է բախվել անվտանգային լրջագույն մարտահրավերների։ Ադրբեջանի միակ հուսալի գործընկեր մնում է Իսրայելը, որի հետ ռազմատեխնոլոգիական հետագա ծրագրերը, սակայն, արժանանում են Իրանի չափազանց կոշտ հակազդեցությանը։

Աշխարհաքաղաքական կանխածրագրումը, որ Ուկրաինայում ճգնաժամի հետ միաժամանակ պետք է «պայթեր» նաեւ Հարավային Կովկասը, բախվել է Վրաստանի դիմադրությանը։ Ադրբեջանը, եթե առաջնորդվելու լինենք մեղսունակության կանխավարկածով, Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ բացելու» ռեսուրս եւ համարձակություն չի ունենա։ Բայց ռուսաստանյան որոշ քարոզչամիջոցներ վերջին մի քանի օրերին հետեւողականորեն հայկական միջավայր են մուծում Ադրբեջանի «պետականությանը սպառնացող վտանգի» գաղափարը։ Քաղտեխնոլոգիայի իմաստով դա, ամենայն հավանականությամբ, Բաքվի «մշակում է», որի թիրախը Հայաստանի օրվա իշխանությունն է։

Ամենայն հավանականությամբ՝ Ադրբեջանին Ռուսաստանի կողմից «պատժելու» քարոզչակաղապար ներդրվելու է առաջին հերթին Ստեփանակերտում, որտեղ նման սպասումները միշտ շրջանառվել եւ հանրայնորեն նույնիսկ պահանջված են եղել։ Այդ գայթակղության հաշվարկով փորձ է արվելու Հայաստանի իշխանության դեպի անվտանգության այլ համակարգեր «կողասահքը» ներկայացնել որպես «թուրք-ամերիկյան ծրագիր, որի նպատակը Հարավային Կովկասից Ռուսաստանի հեռացումն է»։ Դա կարող է Հայաստանում «դիմադրության» ներքին ռեսուրս ծառայել, ինչը տրամաբանորեն հանգեցնելու է Երեւան-Ստեփանակերտ չափազանց վտանգավոր բաժանարարի։ Այս իմաստով չափազանց պահանջված է Հայաստան-Արցախ միջքաղաքական կոնսենսուսի որոնումը՝ բոլոր դերակատարների ներգրավմամբ։ Երեւանում օրվա իշխանությունը կաշկանդված է եւ վստահության լիարժեք մանդատ չունի։ Նախաձեռնությունը պետք է բխի Ստեփանակերտից։ 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ