[ARM]     [RUS]     [ENG]

Եվրասիական «ընդհանուր տունը» եւ «թուրքական աշխարհը»․ որտե՞ղ ենք մենք

 

Ղազախստանի նախագահ Տոկաեւը պաշտոնական այց է կատարել Թուրքիա։ Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ մեկ միլիարդ դոլարի ներդրումների մասին։ Արձանագրվել է, որ երկկողմ ապրանքաշրջանառության տարեկան ծավալը հատել է հինգ միլիարդ դոլարի սահմանը, բայց դա «սահման չէ»։ Հունվարին Ղազախստանում ծավալված իրադարձությունների խորքում վերլուծաբանները դիտարկում էին «թուրքական հետք»։ Ըստ երեւույթին, դա հիմնազուրկ տեսակետ չէ։ Մարտի վերջին հայտնի է դարձել, որ Ղազախստանի նախկին նախագահ Նազարբաեւը որպես «պատվավոր հյուր» գտնվում է Թուրքիայում։ Կարելի է ենթադրել, որ Թուրքիան ապաստան է տվել Նազարբաեւին՝ երաշխավորելով նրա անձնական եւ ֆինանսական ապահովությունը։

Ղազախստանի նախագահի Թուրքիա այցի ինտրիգը, սակայն, կողմերի միջեւ պաշտպանության նախարարների մակարդակով ստորագրված՝ ռազմատեխնիկական համագործակցության մասին փաստաթուղթն է։ Ամենակարեւորն այստեղ ոչ այնքան հարվածային ԱԹՍ-ների համատեղ արտադրության համաձայնությունն է, այլ`որ Ղազախստանը «անհրաժեշտության դեպքում կարող է ռազմական օգնություն խնդրել Թուրքիայից եւ ստանալ»։ Հունվարյան իրադարձությունները, որ շատ նման էին զինված հեղաշրջման փորձի, կասեցվեցին ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի, փաստացի՝ Ռուսաստանի ԶՈՒ օդադեսանտային ստորաբաժանումների միջամտությամբ։

Վերջին շրջանում ռուսական փորձագիտական շրջանակները սրված հետաքրքրություն են ցուցաբերում Ղազախստանում «ազգայնականության աճին»։ Տոկաեւը, երեւում է, Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրով ազդակ է հղում Ռուսաստանին։ Ռուս-ղազախական տարաձայնությունները բացահայտված են Ուկրաինայի հարցում ղազախական կողմի դիրքորոշմամբ։ Ղազախստանը սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, չի ճանաչում Ղրիմի Ռուսաստանին միացումը եւ Դոնբասի անջատումը։ Սա այլեւս պաշտոնապես հրապարակված դիրքորոշում է, որը լիովին համապատասխանում է Թուրքիայի, ինչպես նաեւ հավաքական Արեւմուտքի մոտեցումներին։

Ղազախստանում «Ինտերֆաքս» գործակալությանը պարզաբանել են, որ ԵԱՏՄ-ից հեռանալու մասին մամուլի տեղեկությունները «չեն համապատասխանում իրականությանը»։ Այդուհանդերձ, Ղազախստանը չափազանց զգուշություն է ցուցաբերում Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցների հարցում եւ, ինչպես իրազեկ վերլուծաբաններն են պնդում՝ «ամեն ինչ անում է, որպեսզի չենթարկվի ածանցյալ սահմանափակումների»։ Նույն մոտեցումն ունի, ի դեպ, նաեւ Չինաստանը։ Թուրք-ղազախական տնտեսական համագործակցությունը, կարծես, փորձ է, որպեսզի Կենտրոնական Ասիայում Չինաստանի եւ Թուրքիայի շահերը համադրվեն։

Ենթադրվող նոր իրավիճակը հնարավորություն է Ադրբեջանի համար, որ Թուրքիան կապում է Կենտրոնական Ասիային։ Արդեն իսկ գործում է Թուրքիա-Կենտրոնական Ասիա երկաթուղային հաղորդակցություն՝ Բաքվից Կասպից ծովի ղազախական ափ լաստանավային կապով։ Թուրքիան չափազանց շահագրգռված է Ադրբեջանի հետ ցամաքային հաղորդակցության երկրորդ «միջանցքով», որ ենթադրվում է ստեղծել Սյունիքում։ Այդ նախագիծը պաշտպանում է նաեւ Չինաստանը։ Հետխորհրդային տարածքում տնտեսական եւ անվտանգային համակարգերի ապաինտեգրացումը լիովին հավանական սցենար է։

Այդ դեպքում առարկայանում է «թուրքական առանցքի» աշխարհաքաղաքական նախագծի իրացման հնարավորությունը։ Բայց այդ դեպքում հարկ կլինի ավելի խորքային համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ, որ իր հերթին նախագծում է Ռուսաստանը «գոտեվորել» ռազմա-տնտեսա-կոմունիկացիոն նոր շղթայով՝ Հարավ-արեւելյան Ասիայից մինչեւ Արեւելյան Եվրոպա՝ ներառյալ Սեւծովյան-կասպյան տարածաշրջանը։ Այդ հեռանկարում Թուրքիային եւ «թուրքական աշխարհին» լուրջ դերակատարություն վերապահված չէ։

Աշխարհաքաղաքական վերադասավորումների տրամաբանությամբ՝ Թուրքիան եւ «թուրքական աշխարհը» պետք է որ Ռուսաստանի հետ համաձայնության եզրեր փնտրեն՝ օգտագործելով նաեւ ռուս-չինական համագործակցության ներուժը։ Որտե՞ղ են հատվում Ռուսաստան-Թուրքիա-Չինաստան շահերը եւ որտեղ համընկնում՝ Հարավային Կովկասի հեռանկարի համար չափազանց կարեւոր է այս հարցում կողմնորոշումը։ Տեսանելի ապագայում այստեղ ավելի լուրջ հայտ է ներկայացնելու նաեւ Իրանը։ Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի միջեւ ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը, հայ-վրացական անվտանգային եւ ինտեգրացիոն հարցերով քննարկումները կարող են եթե ոչ՝ այլընտրանք, ապա առնվազն «պահուստային բարձիկ» լինել։

 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ