Logo
Print this page

Թուրք-իսրայելական տանդե՞մ․ Ուկրաինան «աշխարհագրություն է փոխում»

 

Միջազգային մամուլը փոխանցել է Եվրամիության արտաքին եւ անվտանգային հարցերով հանձնակատար Բորելի՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման քաղաքական քննարկումներում Թուրքիայի  դերակատարությունը գնահատող տեսակետը։ Ստամբուլում մարտի վերջին Էրդողանի անձնական միջնորդությամբ կազմակերպված ռուս-ուկրաինական առկա բանակցություններից հետո, որքան դիտարկվում է, սա Եվրամիության առաջին պաշտոնական  արձագանքն է Թուրքիայի «դրական դերակատարությանը»։ Միացյալ Նահանգներից նման գնահատական դեռեւս չի հնչել։ Կարելի է ենթադրել, որ ուկրաինական կարգավորման հարցում «դասական» Եվրոպայի եւ ԱՄՆ մոտեցումներում արձանագրվում է «դիվանագիտական ճեղքվածք»։

Դրա վկայությունն է Միացյալ Նահանգների նախագահի կողմից «լենդ-լիզի» օրենքի ստորագրումը եւ Ուկրաինային մոտ 40 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնության հատկացումը։ Ըստ այդմ, Վաշինգտոնը ծրագրում է, որ Ուկրաինայում «պատերազմը կշարունակվի ամիսներ, գուցե՝ տարիներ»։ Եվրամիությունը, ի դեմս առաջատար երկրներ Գերմանիայի ու Ֆրանսիայի, կարծես, հակված է խնդրի հնարավորինս արագ կարգավորմանը։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, պարզվում է՝ «երկսայրի սուր են», տուժում է նաեւ եվրոպական երկրների տնտեսությունը։

Խնդիրն առավելապես կապվում է էներգակիրների հավելյալ աղբյուրների ներգրավման հարցում բարդությունների հետ։ Այս իմաստով դիտարժան է, որ Թուրքիան, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Սեւ ծովի իր հատվածում հետախուզել է բնական գազի պաշարներ։ Նախնական տվյալներով՝ դրանք շուրջ 40 տարի կծառայեն Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը, եթե տարեկան արտահանվի 10 միլիարդ խորանարդ մետր։ Մեծ հաշվով դա քաղաքական նշանակություն չի ունենա։ Հարցին հավելյալ ինտրիգ է հաղորդում Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման Թուրքիայի ուղեգիծը։ Վերջերս Թուրքիա է այցելել Իսրայելի նախագահը։ Նախապատրաստվում է Թուրքիայի արտգործնախարարի այցը Իսրայել, որից հետո, ենթադրվում է, կկարգավորվեն դիվանագիտական հարաբերությունները։

Այս «ջերմացումը», պարզվում է, ունի հստակ տնտեսաքաղաքական հետագիծ։ Իսրայելը Միջերկրական ծովի իր հատվածում հետախուզել է բնական գազի հանքավայր։ Այդ պաշարները կարող են զգալի չափով փոխարինել Եվրոպայում ռուսական գազին։ Խնդիրը դեպի Եվրոպայի հարավ գազի տարանցումն է։ Թուրքիան նախաձեռնողականություն է ցուցաբերում՝ իր տարածքը տրամադրելու իսրայելական գազատարի կառուցմանը։ Թուրքիան, առհասարակ, նպատակ ունի դառնալ դեպի Եվրոպա էներգակիրների տարանցման լոգիստիկ «հաբի»։ Թուրքիայի տարածքով է անցնում նաեւ դեպի Եվրոպա ադրբեջանական գազատարը։

Ստացվում է բավականին բարդ խճանկար։ Իսրայելական կամ ցանկացած այլ երկրի գազի մուտքը եվրոպական շուկա լրջորեն հարվածում է Ադրբեջանի ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական շահերին։ Ադրբեջանը վերջերս դադարեցրել է նավթի առաքումը Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով, թեեւ փետրվարի 22-ին դաշնակցային հարաբերությունների մասին Հռչակագրով պարտավորված է էներգետիկ ծրագրերը համաձայնեցնել Ռուսաստանի հետ։ Բայց ավելի ինտրիգային է իսրայելա-թուրքական «գազային միջանցքի» գաղափարը։ Գործնականում դա կչեղարկի Եվրոպայի համար Ադրբեջանի՝ որպես էներգակիրներ արտահանող երկրի, կարեւորությունը, իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը «մեկ ազգ, երկու պետություն են»։

Ըստ երեւույթին, Էրդողանի Բաքու այցի անոնսավորումը կապված է իսրայելա-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ կոնսենսուսային որոշման գալու անհրաժեշտության հետ։ Վերջերս Բաքու է այցելել Իսրայելի ֆինանսների նախարար Լիբերմանը։ Նախկինում նա զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը, անձնական սերտ կապեր ունի Ալիեւների ընտանիքի հետ։ Հավանական է, որ նա քննարկել է նաեւ Թուրքիայի տարածքով «իսրայելական գազային միջանցքի» թեման։ Եվրամիության անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնակատարի՝ Թուրքիայի դրական դերակատարության մասին գնահտականը, կարծես, պետք է դիտարկել թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման հեռանկարով։

Պետք է, այդուհանդերձ, նկատի ունենալ մի կարեւորագույն հանգամանք․ թուրք-իսրայելական կարգավորման եւ համատեղ գազային ծրագիր իրականացնելու շուրջ մամուլի հրապարակումներին անմիջապես հաջորդել է հունական Կրետե կղզում F-35 եւ F-15 կործանիչներ տեղաբաշխելու ամերկա-հունական գործարքը։ Ավելի վաղ Միացյալ Նահանգները պաշտպանում էր դեպի Եվրոպա գազատարի կառուցման իսրայելա-հունա-կիպրական նախագիծ, ինչը թուրք-հունա-կիպրական սուր լարվածության տեղիք էր տվել։ Հունական Կրետե կղզում մեծացնելով հարվածային օդուժի առկայությունը՝ ԱՄՆ-ը, հավանաբար, ազդակ է հղում առաջին հերթին Թուրքիային, որի հավակնությունները Միջերկրական ծովի արեւելյան հատվածում ավելին են, քան՝ զուտ տարածաշրջանային դերակատարությունը։

Ըստ էության, Միացյալ Նահանգները Կրետ կղզում ծանր կործանիչներ է տեղաբաշխում Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումից մի քանի օր հետո։ Դա խորհրդանշական քայլ չէ, ուղղված է տարածաշրջանում Թուրքիայի էքսպանսիայի զսպմանը։ Եթե ԱՄՆ-ին հաջողվի չեզոքացնել իսրայելա-թուրքական «գազային միջանցքի» նախագիծը եւ հրեական պետությունը վերադառնա Հունաստանի եւ Կիպրոսի հետ նախկին համաձայնություններին, ապա Եվրամիությունը կկորցնի Թուրքիայի եւ հատկապես Ադրբեջանի հանդեպ հետաքրքրությունը։

Ինչպե՞ս դա կարելի է համատեղել Կասպից ավազանում Մեծ Բրիտանիայի եւ որոշ առումով նաեւ ամերիկյան նավթագազային ընկերությունների շահերի հետ՝ չափազանց բարդ խնդիր է։ Ուկրաինական ճգնաժամը, տրամաբանորեն, դեռ երկար է մնալու չկարգավորված։ Եւ այս «ճամփաբաժանի» իրավիճակում Հայաստանից պահանջվում է դիվանագիտական ճկունություն, որպեսզի ունենա «թիկունքային ապահովություն»՝ միաժամանակ մնալով եռակողմ ձեւաչափի մեջ։ Մայիսի 16-17-ին Մոսկվայում մեկնարկում է սահմանազատման եւ սահմանագծման հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողովների աշխատանքը։ Սպասվում է կոմունիկացիաների բացման աշխատանքային խմբերի նոր հանդիպում, մեկնարկային գծին շատ մոտ են Հայաստան-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» նախապատրաստական աշխատանքները։ 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.