Նոր «եռյակ միությու՞ն»․ մարտահրավեր եւ հնարավորություն
Regnum-ի Բաքվի թղթակիցը ներկայացրել է ադրբեջանական մամուլի եւ սոցիալական մեդիայի անցած շաբաթվա առավել էական հրապարակումների ամփոփ պատկերը։ Տեղեկատվաքարոզչական մատրիցայի կտրուկ փոփոխությունն անկնառու է։ Փոխվել է ադրբեջանցի քաղաքական վերլուծաբանների եւ օգտատերերի դիսկուրսի տոնայնությունը։ Եթե մինչեւ բոլորովին վերջերս այն ակնհայտ հակառուսական էր, ապա այսօր արդեն Բաքվում կարծում են, որ Ադրբեջանի «լավագույն ընտրությունը կլիներ Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ եռյակ դաշնակցությունը»։ Կարեւոր է, որ այս փոփոխությունը տեղի է ունենում մայիսի 28-ին Թուրքիայի պաշտպանության նախարարի, ապա եւ նախագահի Բաքու այցից հետո։ Կարելի է եզրակացնել, որ մամուլը եւ սոցիալական ցանցերը հիմնականում արտահայտում են քաղաքական քննարկումներից բխող տրամադրվածություն։
Բաքու այցելությունից հետո Էրդողանը չափազանց կոշտ հռետորաբանություն է օգտագործել Հունաստանի հասցեին՝ խորհուրդ տալով «չպարել Թուրքիայի հետ», որովհետեւ հույները «կարող են հոգնել եւ մնալ կես ճանապարհին»։ Թուրք-հունական լարվածությունը կապված է Էգեյան ծովում մի քանի փոքրիկ կղզիների «ապառազմականացման» թուրքական պահանջի հետ։ Փաստացի դա տարածքային հավակնություն է, ինչին ի պատասխան Հունաստանը սերտացնում է Միացյալ Նահանգների հետ ռազմական համագործակցությունը։ Շուտով Հունաստանում կտեղակայվեն ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ, որոնցից Թուրքիան զրկվել է՝ իր տարածքում ռուսական C-400 ՀՕՊ հրթիռահամակարգեր տեղաբաշխելու պատճառով։
Թուրքական մամուլի մի շարք հրապարակումներ, ինչպես թարգմանաբար փոխանցում է inosmi.ru կայքը, տեսակետ է շրջանառվել, որ Հունաստանի հետ «լարվածությունը սրում է Էրդողանը, եւ դա արվում է ներքաղաքական նկատառումներով»։ Ըստ այդմ, խնդիրը սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են։ Վերլուծաբանները Էրդողանի հաղթելու հավանականությունը ցածր են գնահատում, եթե ընդդիմադիր վեց կուսակցություններին հաջողվի համաձայնության գալ, եւ նախագահի մեկ-միասնական թեկնածու առաջադրվի։ Ըստ երեւույթին, Էրդողանի գլխավոր մրցակից կլինի Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։
Թուրքիայի ընտրությունները, երեւում է, ունեն ոչ միայն ներքին, այլեւ արտաքին, կարելի է ասել՝ անգամ աշխարհաքաղաքական կարեւորություն։ ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների հետ Էրդողանի հարաբերությունները մնում են «առկախված վիճակում»։ Փոխարենը ծագում է ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ ընդլայնման, Չինաստանի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության հետ «Մեծ Եվրասիա» նախագծի հնարավորություն, որտեղ, ի տարբերություն արեւմտյան աշխարհի, Թուրքիան ունի էթնիկ-քաղաքակրթական ընդհանրություններ։ Չինական «Սինխուա» պետական գործակալությունը կարեւորում է Կենտրոնական Ասիան, որտեղ «Ռուսաստանի դոմինանտ ազդեցությունը պահպանվում է, եւ դա տեւելու է երկար»։
«Մեծ Եվրասիա» նախագծում Թուրքիան կարող է ավելի լուրջ դերակատարություն ունենալ, քան այսօր նրան վերապահված է ՆԱՏՕ-ում։ Թուրքիան հույն-ամերիկյան ռազմական համագործակցությունը, որ ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս է, համարում է սպառնալիք։ Ռուսական աղբյուրները սկսել են ակնարկել Մոսկվա-Աթենք հարաբերություններում «չհասկացվածության տարրերի» մասին։ Հունաստանը ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ է, որ ավանդաբար բարեկամական հարաբերություններ ուներ Ռուսաստանի հետ, բայց ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցերում որեւէ կերպ առանձնահատուկ մոտեցում չի դրսեւորում։ Ավելին, վերջերս Հունաստանի վարչապետ Միցոտակիսը գտնվել է Վաշինգտոնում եւ արժանացել Կոնգրեսում ելույթ ունենալու պատվի։ Մոսկվայում դա չի կարող աննկատ անցնել։
Մեզ համար Թուրքիայի գլոբալ կողմնորոշման հարցը չափազանց սկզբունքային նշանակություն ունի։ Եթե իրադարձությունները զարգանան այնպես, որ Թուրքիան ավելի սերտ հարի Ռուսաստանին եւ «Մեծ Եվրասիա» նախագծին, որին այս կամ այն ձեւով կարող է նաեւ Իրանը մաս կազմել, ապա Հայաստանի ընտրությունը սահմանափակվելու է բացառապես ԵԱՏՄ-ով եւ ՀԱՊԿ-ով, իսկ այդ կառույցներում անկասկած մեծանալու է «Թուրքական աշխարհի» դերակատարությունը։ Եթե Թուրքիայում հաղթեն արեւմտյան ուղղության կողմնակից ուժերը, ապա Ադրբեջանը կանգնելու է չափազանց բարդ երկվության առաջ, իսկ դա կարող է Հայաստանին դիվանագիտական «պատուհան» ապահովել։
Իրադարձությունները կարող են նաեւ արագ զարգանալ։ Թուրքիայում չեն բացառում նոյեմբերին նախագահի եւ խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացումը։ Ներքին իրավիճակը կառավարելի պահելու համար Էրդողանը ստիպված է լինելու ապավինել Ռուսաստանի նախագահի անձնական աջակցությանը, որովհետեւ արեւմտյան աշխարհը նրան չի սատարում։ Ի՞նչ դեր կունենա Իլհամ Ալիեւը՝ դրանից էլ, հավանաբար, կախված է ռուս-ադրբեջանական հարաբերությունների ապագան։
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ