ՄՈՍԿՎԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՓԱԿ ՌԵԺԻՄՈՎ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն օգոստոսի 6-ին հայտարարեց, որ Կիևը ռազմական սադրանք է նախապատրաստում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում։ Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից Ալչևսկ քաղաքի գնդակոծության հետևանքով վնասվեցին բազմաբնակարան շենքեր, մանկապարտեզներ ու դպրոցներ, տուժեցին խաղաղ բնակիչներ։ Ռուսական կողմն էլ երկու անգամ հրթիռակոծեց Զապորոժիեի ատոմակայանը, որն ամենախոշորն է Եվրոպայում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պահանջեց դադարեցնել ատոմակայանի հրթիռակոծումը, որն այժմ գտնվում է ռուսական կողմի վերահսկողության տակ, և թույլ տալ միջազգային տեսուչներին մուտք գործել այնտեղ։
Ուկրաինական կողմի տվյալներով՝ վերջին օրերին միայն Դոնեցկի մարզում զոհվել է 10 խաղաղ բնակիչ, 25-ը՝ վիրավորվել։ Օգոստոսի 8-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Մոսկվայի և Կիևի միջև այժմ բանակցային որևէ գործընթաց չկա, հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է։ Պուտին-Զելենսկի հանդիպումը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ բանակցողները կավարտեն իրենց ՙտնային աշխատանքը՚, ասել է Պեսկովը։
Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում Ռուսաստանին խիստ անհրաժեշտ է ոչ միայն Ուկրաինայում զբաղեցրած դիրքերի, այլև մյուս տարածաշրջաններում ունեցած ազդեցության պահպանում։ Սոչիում ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումը հարկ է դիտարկել հենց այդ տեսանկյունից։ Լրատվամիջոցները մեջբերել են Թուրքիայի նախագահի խոսքը, ըստ որի՝ այդ բանակցությունները նոր էջ կբացեն երկու երկրների հարաբերություններում՝ ներառյալ համագործակցությունն էներգետիկ բնագավառում, առևտրի ծավալի մեծացում, տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության խորացում։ Թուրքիայի էներգետիկ ռազմավարության տեսանկյունից՝ բավականին մեծ նշանակություն ունի ՙՌոսատոմ՚ ընկերության մասնակցությամբ Թուրքիայի հարավում Աքքոյու ատոմային էլեկտրակայանի կառուցումը։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային հակամարտություններին, ապա Էրդողանը փորձել է առիթն օգտագործել՝ քրդական հարցը վերստին արծարծելու համար՝ շեշտելով, որ իր համար կարևոր է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարը։ Այս իմաստով, ըստ Թուրքիայի նախագահի, կարևոր է նաև Սոչիի հանդիպումը։ Ինչպես հայտնի է, Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություն սկսելու թուրքական նախաձեռնությունը բացասական արձագանքի է արժանացել Մոսկվայի ու Վաշինգտոնի կողմից։ Իսկ Անկարայի համար անընդունելի է Ռուսաստանի դրական վերաբերմունքը Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման հարցում։ Չնայած Պուտին-Էրդողան հանդիպմանը հետևած հայտարարության մեջ առկա է այս հարցում երկկողմ պայմանավորվածության մասին արձանագրում, դա, ակնհայտորեն, ձևական բնույթ է կրում։
Սոչիի հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ Վլադիմիր Պուտինի հրավերով ինքը կմասնակցի Տաշքենդում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։ ՙՌԻԱ Նովոստի՚-ի փոխանցմամբ՝ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել մեկնել Ուզբեկստանի մայրաքաղաք, որտեղ ներկա կլինեն նաև կազմակերպությանն անդամակցելու նպատակ ունեցող այլ պետություններ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան։ Կազմակերպության հետ Թուրքիան ունի երկխոսող գործընկերոջ կարգավիճակ։ Գործակալության տեղեկություններով՝ հնարավոր է, որ ՇՀԿ-ի գագաթնաժողովում դիտորդի կարգավիճակ տրվի նաև Հայաստանին ու Ադրբեջանին:
Ղարաբաղյան թեման վերջերս շփման գծում ծավալված ռազմական գործողությունների ֆոնին չէր կարող շրջանցվել երկու երկրների ղեկավարների կողմից։ Տեղեկատվությունում ընդամենը նշվել է, որ կողմերը ձեռք են բերել շատ կարևոր պայմանավորվածություններ երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի շուրջ։ Սոչիի հանդիպումից հետո, այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահը դրան անդրադարձել է՝ ասելով, որ ԼՂ-ն գտնվում է Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական սադրանքը նաև հրատապ դարձրեց Հայաստանի հետ Արցախի Հանրապետության կապն ապահովող միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման խնդիրը, ինչը նշանակում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխում։ Վերջինս, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, եռակողմ և բարդ գործընթաց է, իսկ հայկական կողմին նման պլանի նախագիծ չի ներկայացվել։ Վարչապետը նաև ասել է, որ ԼՂ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ խիստ անհրաժեշտ են դարձնում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։ Նա չի բացառել խաղաղապահների մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ միջոցների ձեռնարկումը։ Վարչապետին ի պատասխան` Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ինքը չի տեսել հստակ առաջարկներ հայկական կողմից, որոնք ՀՀ վարչապետը ցանկանում է քննարկման դնել։ Վկայակոչելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները` արտգործնախարարը շեշտել է, որ կողմերից յուրաքանչյուրն, իհարկե, իրավասու է հանդես գալ հավելյալ նախաձեռնություններով, բայց առայժմ որևէ առաջարկ իրենք չեն տեսել։
Հայկական կողմն իր մտահոգությունները Ռուսաստանին է ներկայացրել՝ կոնկրետ պատասխանի ակնկալիքով։ Հավանաբար, այդ նպատակն է հետապնդել օգոստոսի 8-ին Փաշինյանի՝ սեփական նախաձեռնությամբ Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցը։ Սրա վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել։ ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջի տեղեկություններով՝ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր։ Մոսկվայի մեսիջներից երևում է, որ այնտեղ գերադասում են իրավիճակը քննարկել փակ ռեժիմով։
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ