Հարավային Կովկասում՝ ռուս-թուրքական «համատիրություն»
ԱՄՆ նախագահ Բայդենը հանձնարարել է նախապատրաստել Ուկրաինային ռազմական աջակցության նոր փաթեթ։ Չնայած հանրային որոշակի դիմադրությանը՝ Ուկրաինային ռազմական աջակցությունը շարունակում են նաեւ Եվրամիության առաջատար երկրներ Գերմանիան եւ Ֆրանսիան։ Ըստ չճշտված տեղեկությունների՝ Լեհաստանից տասնյակ հազարավոր կամավորներ արդեն իսկ ռազմական գործողությունների թատերաբեմում են՝ ընդդեմ Ռուսաստանի։ Ուկրաինան վերջին մի քանի օրերին լրջագույն հարվածներ է հասցրել ոչ միայն Դոնբասի, այլեւ Ղրիմում ռուսական ռազմական ենթակառուցվածքներին։ Գերագույն ռադան օրենքով ռազմական դրությունը երկարաձգել է եւս 90 օրով։ Ռուս-ուկրաինական պատերազմը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի առնվազն մինչեւ տարեվերջ։ Այս համատեքստում «Նեզվիասիմայա գազետա»-ն կարեւորել է Կենտրոնական Ասիայի երկրների կողմից անվտանգության այլընտրանքային երաշխիքների որոնումները։ Մատնանշվում է, որ Տաջիկստան է այցելել ԱՄՆ ռազմական պատվիրակություն, որի ներկայությամբ անցկացվել են Ուզբեկստանի եւ Ղրղըզստանի ԶՈՒ մասնակցությամբ «Համագործակցություն 2022» անվանմամբ զորավարժություններ։ Ուշագրավ է, որ Ռուսաստանի ԱԳՆ կամ ՊՆ կողմից այդ առթիվ որեւէ հայտարարություն չի հետեւել։ Ուկրաինական պատերազմը խլում է ոչ միայն ֆինանսական, մարդկային եւ նյութական, այլեւ՝ դիվանագիտական ռեսուրսներ։ Լրջագույն հայտարարություն է արել Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը, որտեղ ամփոփված է Մերձդնեստրում ռուսական խաղաղապահ զորախմբի 30-ամյա գործունեությունը։ Պաշտոնական Քիշնեւի գնահատմամբ՝ ռուս խաղաղապահները հիմնականում կատարել են իրենց առաքելությունը, բայց քանի որ նրանք «սատարում են կողմերից մեկին՝ Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետությանը»՝ ապա «անհրաժեշտություն է, որ այն փոխարինվի միջազգային խաղաղապահ առաքելությամբ»: Դիտարժան է, որ այս տեղեկատվությունը «Նեզավիսիմայա գազետա»-ն զուգորդել է օրերս Երեւանում հանրահավաքի անցկացմանը, որտեղ նույնպես հնչել է ԼՂ-ում միջազգային խաղաղապահ զորախումբ տեղաբաշխելու անհրաժեշտության գաղափարը։ Բավական է հետեւել ռուսաստանյան բաց աղբյուրներին, որպեսզի պարզ լինի, որ Ուկրաինայում «հատուկ ռազմագործողության» հետ կապված նախնական էյֆորիան տեղը զիջել է պրագմատիկ դիտարկումներին։ «Բլից-կրիգը» բոլոր առումներով ձախողված է, ռազմական գործողությունների ելքը մնում է չափազանց անորոշ։ Ոչ ոք, իհարկե, չի բացառում, որ X պահի Ռուսաստանը կարող է «մարտավարական միջուկային զինանոց կիրառել»՝ ինչպես «նրբանկատորեն» ձեւակերպվում է, բայց դա արդեն կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմ։ Ստեղծված իրավիճակում հստակ դիտարկվում է ռուս-թուրքական, կարելի է ասել՝ արդեն ռազմավարական բնույթի, համագործակցություն։ Սեւ ծովի ավազանում, Արեւելյան Եվրոպայում եւ Հարավային Կովկասում հավաքական Արեւմուտքի զսպումը համապատասխանում է թե Ռուսաստանի, թե Թուրքիայի ազգային շահերին։ Սեպտեմբերին ենթադրվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի կունենա ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահների «աշխատանքային շփում»: Արեւմտյան մամուլը դրա հետ առանձնակի հույսեր չի կապում։ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, վճռական ընտրության շեմին է։ Ըստ երեւույթին, Էրդողանը քայլ կանի Ռուսաստանի ուղղությամբ։ Հավային Կովկասում կլինի ռուս-թուրքական «համատիրությու՞ն»:
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ