[ARM]     [RUS]     [ENG]

Ուկրաինայում հատուկ գործողության երկարաձգումը Հարավային Կովկասում «պրոյեկցիա՞ է փոխում»

Օգոստոսի 24-ին լրացավ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» վեց ամիսը։ Այդ ընթացքում Ռուսաստանին հաջողվել է լիովին վերահսկողության տակ առնել Լուգանսկի մարզը, մեծացնել Դոնեցկի մարզում վերահսկողության գոտին, որոշակի տարածքներ գրավել Զապորոժիեի, Խերսոնի եւ Խարկովի մարզերում։Հուլիսից սկսած՝ Ուկրաինայի զինված ուժերը մի շարք ցավոտ հարվածներ են հասցրել ՌԴ ԶՈՒ զինապահեստներին, ռազմական ենթակառուցվածքներին։ Թիրախավորվում է արդեն նաեւ Ղրիմը։ Ուկրաինայի հետ սահմանամերձ Կուրսկի եւ Բելգորոդի մարզերի տասնյակ բնակավայրեր նույնպես հայտնվել են ուկրաինական հրթիռա-հերտանային հարվածների հասանելիության գոտում։ Դիտարժան է, որ «հատուկ ռազմական գործողության» յոթերորդ ամսվա սկիզբը համընկավ Ուկրաինայի անկախության հերթական տարեդարձին։ Այդ առթիվ ԱՄՆ նախագահ Բայդենը հայտարարեց, որ Կիեւին տրամադրում է մոտ երեք միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ։ Ընդ որում, ինչպես ԱՄՆ ԶՈՒ պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մակգրեգորն է կարծում, դա «երկարաժամկետ ռազմական նորացման աջակցություն է»։ Այսպիսով, ինչպես ռազմական փորձագետն է կարծում՝ ԱՄՆ-ը Ուկրաինային  «նախապատրաստում է տարիների հաշվարկով պատերազմի»։ Որեւէ հեռանկար չկա, որ տեսանելի ապագայում կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Ըստ էության, լիովին ձախողված պետք է համարել Թուրքիայի նախագահ Էրդողանի «միջնորդական առաքելությունը»։ Եթե իրավիճակը գնահատելու լինենք այն իրողությամբ, որ Լվովում Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահների բանակցություններից մի քանի օր անց Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել է Սիրիայի ընդդիմադիր գործիչների հետ, ապա կդիտարկվի, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը պաշտոնական Կիեւի հետ երկխոսությունը պայմանավորել է թուրք-սիրիական բարձր մակարդակի հանդիպումով, ինչը տեղի չի ունեցել։ Թուրքիան վերստին հայտարարել է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ սկսելու մտադրության մասին։Անկարայի այդ դեմարշը հակասում է ռուս-թուրք-իրանական՝ Թեհրանում ձեռք բերված պայմանավորվածություններին, որից հետո Իրանը հայտարարեց Սյունիքի մարզկենտրոն Կապանում հյուպատոսություն բացելու մասին։ Չափազանց ուշագրավ է, որ դրան զուգահեռ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության անցակետեր են տեղադրվել, իսկ Տավուշի մարզում սկսվել է ռուսական ԶՈՒ նոր հենակայանների կառուցումը։ Խիստ խորհրդանշական է նաեւ, որ հենց օգոստոսի 24-ին Հայաստանում Չինաստանի դեսպանը առաջին անգամ այցելել է Սյունիքի մարզ։Այս համապատկերին նույն օրը բավական աղմկոտ հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարարը՝ վերստին բարձրացնելով «Զանգեզուրի միջանցքի» թեման՝ որպես Թուրքիայի համար Ադրբեջանով Կենտրոնական Ասիա մուտք գործելու նախագծի ենթակառուցվածքային ապահովման միջոցի։Այս խճանկարին հավելյալ ինտրիգ է ավելացրել ԱՄՆ-ը՝ հայտարարելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակում։ Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը բավական նյարդային եւ իրավական ու դիվանագիտական առումով խոցելի է։Մանավանդ այն տեղեկատվության համատեքստում, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում ծրագրված է Փաշինյան-Ալիեւ հանդիպում, իսկ Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը ԼՂ եւ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում գործընկեր է անվանել Եվրամիությանը։ Զուգահեռաբար սպասվում է, որ մինչեւ օգոստոսի վերջ Մոսկվայում տեղի կունենա սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի լիազորված պատվիրակությունների երկրորդ հանդիպումը։Հայկական փորձագիտական որոշ աղբյուրներ մտահոգված են, որ Ադրբեջանը ձգտում է Արցախի հետ «տեխնիկական մակարդակի շփումներով Հայաստանին լիովին մեկուսացնել ԼՂ խնդրի քաղաքական քննարկումներից»։ Ամենեւին բացառված չէ, որ Բաքվի այդ դիրքորոշումը որոշակիորեն ուղղորդվում է։Այլապես Ադրբեջանի ԱԳՆ-ն չէր հայտարարի, որ ԼՂ կարգավորման մասին պնդումները Միացյալ Նահանգներին «կարող են հեռացնել հայ-ադրբեջանական կարգավորումից»։ Ստեփանակերտում քաղաքական-հանրային լրջագույն դիսկուրսի անհրաժեշտություն կա։

 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ