Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀՆԱՐԱՎՈՐ ԷՍԿԱԼԱՑԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԿԱՆԽԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐԸ

Բրյուսելում Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ Եվրոպական խորհրդի նախագահի տարածած հայտարարությունում ընդգծվել է, որ քննարկումները կենտրոնացած էին Հարավային Կովկասի վերջին զարգացումների և երկու երկրների հետ Եվրամիության հարաբերությունների վրա։ Պաշտոնական Երևանը բրյուսելյան հանդիպումը կարևորեց Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման, սահմանազատման ու սահմանային անվտանգության ապահովման, տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման տեսանկյունից։ Ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այս մասով հայկական կողմի դիրքորոշումը հստակ ներկայացվեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձում՝ Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո է, մյուս բոլոր քննարկումներն իրականության հետ կապ չունեն»։ Սրանով Երևանն ուժային կենտրոններին ազդակ հղեց առ այն, որ մյուս ձևաչափերում հիմնախնդրի քննարկումն անընդունելի է։ Այն ժամանակ, երբ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Բրյուսելում քննարկվում էին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, Մոսկվայում հանդիպեցին Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը։ Հանդիպման արդյունքներով անցկացված մամուլի ասուլիսին ՀՀ արտգործնախարարն ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» շուրջ որևէ բանակցություններ չեն վարվում։ Միրզոյանի խոսքով՝ եթե Հայաստանն ու Ադրբեջանը որևէ պահի բանակցություններ սկսեն դրա շուրջ, ապա օրակարգում անպայման պետք է լինի ԼՂ կարգավիճակի հարցը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արձանագրված սկզբունքների վրա։ Իսկ բրյուսելյան եռակողմ հանդիպման առնչությամբ նա հայտարարեց, որ բանակցությունների կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունները ու նաև պայմանավորվածությունների կատարումից խուսափելը թույլ են տալիս մտածել, որ «Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը և ուժի կիրառման միջոցով շարունակելու էթնիկ զտումների իր քաղաքականությունը»։ Հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի կողմից առաջարկված հինգ կետերի վերաբերյալ անփոփոխ է։ Այդ տեսակետը չլսելը կամ չլսելու փորձերը հայկական կողմին հիմք են տալիս կասկածել Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու մտադրության անկեղծության մեջ, եզրակացրել է նախարարը։ Անշուշտ, խաղաղության գործընթացի տրամաբանությունից դուրս էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հերթական ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը, սովորաբար, ռազմական սադրանքի է դիմում նման կարգի ապատեղեկատվություն հրամցնելուց հետո։ Տարածաշրջանային զարգացումների առումով ուշադրության արժանի են բրյուսելյան հանդիպման օրը Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև տեղի ունեցած բանակցությունները։ Քննարկումներին հետևած մամուլի ասուլիսում Լավրովը հայտարարեց, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներից բաղկացած եռակողմ աշխատանքային խոմբը զգալի առաջ է գնացել Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրի շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերման հարցում։ Ամենակարևորը, նրա խոսքով, այն է, որ այդ աշխատանքն իրականացվում է ոչ թե վակուումում, մեկուսացված, այլ ավելի լայն տրանսպորտային նախագծերի համատեղությամբ՝ ներառյալ «Հյուսիս-Հարավ» միջանցքը։ Ռուսաստանի արտգործնախարարը նկատի է ունեցել վերջինիս կյանքի կոչման հարցում նաև իրանական կողմի շահագրգռվածությունը։ Երկուստեք ընդգծվել է Ռեշտ-Աստարա մայրուղու երկաթուղային փոքր հատվածի վերականգնման կարևորությունը։ Ռուսաստան-Արևմուտք հակասությունների շրջանակում դիտարկենք «Հյուսիսային հոսք-1» գազատարի աշխատանքի դադարեցման մասին Ռուսաստանից հնչած հայտարարությունը։ Պատճառը «միակ ակտիվ տուրբինի խափանումն է»։ Փորձագետները նախազգուշացնում են, որ այս տարի եվրոպացիներին սպասվում է ամենածանր ձմեռը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Մոսկվայի հայտարարությունից առաջ «Մեծ յոթնյակի» երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան ու Ճապոնիան՝ ֆինանսների նախարարների մակարդակով տեղեկացրին, որ մտադիր են Ռուսաստանի նավթի ու նավթամթերքի համար սահմանել գնային շեմ։ Գազով պայմանավորված այս «փոխհրաձգությունը» ուղղակիորեն կապված է Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների հետ։ Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը՝ մի կողմից, մյուս կողմից՝ Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների գործընթացին, Մինսկի խմբի համանախագահության ջանքերին ու նաև 2020թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների կատարմանը խոչընդոտելու քաղաքականությունը բարձրացնում են էսկալացիայի հավանականությունը մեր տարածաշրջանում։ Այս պարագայում հնարավոր էսկալացիան կարող է կանխել տարածաշրջանի գլխավոր դերակատարը։

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ