Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՆԴԵՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԽԱՓԱՆՈՒՄ

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի հարձակման հետևանքով կրակի տակ են հայտնվել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը, Վայոց ձորը։ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունների համաձայն՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղություններում տեղակայված դիրքերը։ Հակառակորդը նպատակային հարվածներ է հասցրել նաև բնակավայրերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի դիմելով՝ Ադրբեջանը հետապնդել է մեկ նպատակ՝ ուժի կիրառմամբ ստիպել հայկական կողմին կատարելու իր քաղաքական պահանջները։ Բաքվի հաշվարկների հիմքում Ուկրաինայում ստեղծված իրավիճակն է ու դրա հետ կապված աշխարհաքաղաքական զարգացումները։ Մոսկվան հայտարարեց Հայաստան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելություն ուղարկելու մասին։ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը սեպտեմբերի 15-ին հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրը պետք է կարգավորվի քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ Այսինքն՝ խոսքը ՀԱՊԿ-ի ներգրավմամբ ռազմական ուժ կիրառելու մասին չէ։ Մեկ օր առաջ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն իրազեկեց, որ Միացյալ Նահանգները բավական ապացույցներ է տեսել այն մասին, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը և զգալի վնաս հասցնում ենթակառուցվածքներին։ Նա մատնանշել է պետքարտուղար Բլինքենի հայտարարությունը, որում կոչ է արվել Ադրբեջանի նախագահին անհապաղ դադարեցնել կրակը, դադարեցնել ռազմական ուժերի ներգրավումը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևոր հարցերի կարգավորման գործում։ Հավելենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները նույնպես միակամ կողմ են արտահայտվել հրադադարին և քաղաքական-դիվանագիտական ճանապարհով իրավիճակի կարգավորմանը։ Հայ հանրության շրջանում առկա մտավախությունը, որ Ադրբեջանի հարձակումը կարող է ավարտվել Հայաստանի և Արցախի համար խիստ անցանկալի փաստաթղթի ստորագրմամբ, թերևս, հիմնավորված էր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ հեռարձակմամբ հանրությանը վստահեցրեց, որ որևէ փաստաթուղթ ինքը չի ստորագրել, որևէ փաստաթղթի նախագիծ անգամ չկա, և ինքը ՀՀ զինծառայողներին հրամայում է կանգնել երկրի սահմանների, տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերում։ «Հայաստանի տարածքով միջանցք որևէ մեկին չենք տալու, մենք թուղթ չենք ստորագրելու, որը ՀՀ տարածքային ամբողջականությունը որևէ ձևով կդնի կասկածի տակ։ Բացառվում է նման բան»,- ասել է վարչապետը։ Փաշինյանի խոսքին հետևել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումն առ այն, որ ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նրանց կողմից ստորագրվելիք՝ Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում անպայման պետք է հաշվի առնվեն Արցախի Հանրապետության ժողովրդի շահերն ու կարծիքը։ Նախագահն ընդգծել է, որ որևէ փաստաթղթի նախագիծ անգամ առկա չէ։ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական ագրեսիան անտարբեր չթողեց նաև իրանական կողմին։ ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Իրանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ դեսպան Լևոն Ճաղարյանի հետ հանդիպմանը հայտարարեց, որ տարածաշրջանի յուրաքանչյուր աշխարհաքաղաքական փոփոխություն Իրանի համար անընդունելի է։ Խնդրի հետ կապված՝ հարկ ենք համարում հիշեցնել Թեհրանում Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների 7-րդ գագաթնաժողովը, որի շրջանակներում հանդիպել են Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հոգևոր առաջնորդը հստակ դիրքորոշում է ներկայացրել, ըստ որի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հանգեցնում են Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը։ Խամենեին այս հայտարարությունն արել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը։ Բացի այդ, իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, ի գիտություն միջազգային հանրության, ասել է, որ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի, իսկ հաղորդակցության ուղիները պետք է լինեն պետությունների սուվերենության ներքո։ Անկարան ցույց է տալիս, որ չի նահանջելու Բաքվի հետ իր բոլոր գործողությունները համակարգելու որոշումից։ Մևլութ Չավուշօղլուն արդեն Հայաստանին մեղադրել է զինված բախումներ սկսելու մեջ։ Նա հայկական կողմի քայլերին «սադրիչ» որակումն է տվել՝ շեշտելով, որ Ադրբեջանն իր հերթին պատասխանում է դրանց։ Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանին մեղադրեց նաև ադրբեջանական կողմի առաջարկներն անպատասխան թողնելու մեջ։ Ներկայիս իրավիճակում տարածաշրջանային և գլոբալ դերակատարների համար առաջնահերթ խնդիր է դառնում թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական ծրագրերի խափանումը, քանի որ դրանք Հարավային Կովկասն աղետի առաջ կանգնեցնելու վտանգ են իրենց մեջ պարունակում։

 Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ