Պետք է կարողանանք նաեւ թշնամուց սովորել

 

 

 

Արտասահմանյան ուղեւորությունից վերադարձի մի տպավորություն դեռ ինձ հետ է. Լոնդոն-Երեւան-Տաշքենդ ինքնաթիռի երկու սրահներն զբաղեցրել էր միջինասիական երիտասարդությունը։ Անգլիայում ծննդյան տոներ էին, ուսումնական հաստատությունները՝ փակ։ Նրանք երկշաբաթյա արձակուրդի էին գնում։ Երեւան վերադառնում էր Ազգային ժողովի պատվիրակությունը, Լոնդոնում Հայաստանի դեսպանատան մի քանի աշխատակից։ Նույն ժամին օդ էր բարձրանալու նաեւ Լոնդոն-Ստամբուլ թռիչքի օդանավը, որի ուղեւորների մի զգալի մասը ադրբեջանցի երիտասարդություն էր։ Մենք գրեթե միաժամանակ էինք գրանցում անցել։

Ոչ մի երկիր Ադրբեջանին արդիական սպառազինություններ չէր վաճառի, եթե մինչ այդ տեղեկատվաքարոզչական, դիվանագիտական ահռելի աշխատանք կատարված չլիներ, Բաքուն համոզած չլիներ, որ «ագրեսիայի զոհ է, ունի ինքնապաշտպանական պատերազմի իրավունք»։ Ի՞նչ ենք մենք աշխարհին մատուցել 1994-2020 թվականներին։ «Հերթական այցով Արցախում է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը»,- այս տեղեկատվությունը քանի՞ անգամ է տարածվել, որքա՜ն ժպիտներ է մեզ շռայլել նա...
Այնուամենայնիվ, լոնդոնյան քաղաքական «միջանցքներում» իշխել է ադրբեջանական խոսույթը։ Իսկ մենք բավարարվել ենք արձանագրելով, որ «Աթկինսոնի զեկույցից նավթի հոտ է փչում» կամ շրջանառության ենք դրել «խավիարային դիվանագիտություն» բնորոշումը։ Որպես թե՝ Ադրբեջանը կաշառում է ԵԽԽՎ պատգամավորներին։ Հետո՞։ Հանուն սեփական շահի գործադրված բոլոր միջոցներն արդարացված են։
Ինքնին, ունիվերսալ ճշմարտություն չկա։ Ճշմարտությունն այն է, ինչ ընդունվում է եթե ոչ բոլորի, ապա գոնե մեծամասնության կողմից։ Իսկ դրան հասնելու համար պետք է նախ ձեւակերպել խոսույթ, բանաձեւ, տեղեկատվական «մատրիցա», ինչը մեզ չի հաջողվել, երեւի թե կամ առաջին հերթին՝ այն պատճառով, որ մենք չենք ունեցել եւ չունենք իրավիճակի եւ հնարավոր ելքի մեկ միասնական գնահատական, ընկալում, խոսքային ձեւակերպում։ Անկախության միջազգային ճանաչման ձգտող մեր երկրում հպարտություն էր ասել, որ «դա կլինի առաջին քայլը՝ հասնելու միասնական Հայրենիքի կերտմանը» կամ՝ «անկախության ճանաչումը միջոց է, որպեսզի իրականանա 88-ի մեր հռչակած նպատակը»։
Մեզ չի հետաքրքրել, թե աշխարհն ինչպես է դա ընկալում, գնահատում, մեր այդ խոսույթից ի՞նչ եզրակացություն է բխեցնում։ Եւ ինչպես է թշնամի երկիրը դա օգտագործում մեր դեմ՝ միջազգայնացնելով, որ «չկա ինքնորոշման խնդիր, հայերը փորձում են ստեղծել Մեծ Հայաստան, հաջորդ ագրեսիայի զոհ է դառնալու Վրաստանը, ապա՝ Թուրքիան, Իրանը»։ Աշխատե՞լ է այդ քարոզչությունը։ Իհարկե։ Աշխատում է նաեւ այսօր։ Որովհետեւ հայերս Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը որակում ենք «Հայաստանի կապիտուլյացիա»։
Մի վաթսուն տարի առաջ Գեւորգ Էմինը խորհուրդ էր տալիս խոսքը զենքի պես զգույշ գործածել, որովհետեւ նույն արճճից են ձուլվում գնդակն ու տառը։ Արճճից այլեւս տառ չեն ձուլում, փոխվել են քարոզչամիջոցները, բայց խոսքը դարձյալ պետք է զենքի պես զգույշ գործածել, միայն՝ նպատակային, միայն՝ թիրախային։ Միայն այնպես, որ «կրակոցը» բումերանգի պես չվերադառնա մեզ։ «Կուզենայի ստեղծել իմ ժամանակի լեզուն»,- Հայաստանի անկախության արշալույսին փափագում էր Հրանտ Մաթեւոսյանը։ Այդ լեզուն, ցավոք, չստեղծվեց։ Երբ «Դրուժբա նարոդով» ամսագրի թղթակիցը «Քարե երազներ» վեպի հեղինակ Աքրամ Այլիսլիին հարցրեց, թե ի՞նչ նպատակ է ունեցել, նա պատասխանեց, որ գրել է, որպեսզի «թեկուզ մեկ հայի մեջ սպանի թրքատյացությունը»։ Սա շատ մեծ դիվանագիտություն է։ Պետք է կարողանանք նաեւ թշնամուց սովորել։

Վահրամ Աթանեսյան