Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Իրան-Թուրան-սիոնիզմ․ «եռանկյունու» ո՞ր կողմում կլինի Ռուսաստանը

 

 Իսրայելում տեղի են ունեցել երկու տարվա ընթացքում չորրորդ խորհրդարանական ընտրությունները։ Գործող վարչապետի քաղաքական կոալիցիան, ըստ նախնական արդյունքների, Քնեսեթում կունենա փոքրամասնություն։ Եթե նախկին վարչապետ Նեթանյահուին հաջողվի համաձայնության գալ այլ ուժերի հետ, ապա հնարավոր է ձեւավորվի նոր մեծամասնություն՝ ունենալով պատգամավորական 120 մանդատներից 65-ը։  Գլխավոր ինտրիգը նրանում է, որ 14 մանդատ ստացած եւ Նեթանյահուին աջակցող «Կրոնական սիոնիզմ» կուսակցությունը Միացյալ Նահանգներում համարվում է «աջ ծայրահեղական» եւ նրան կառավարությունում պորտֆելներ տրամադրելու հարցում Վաշինգտոնի եւ Երուսաղեմի միջեւ կարող են տարաձայնություններ ծագել։

Իսրայելի ապագա կառավարության խնդիրը չափազանց սկզբունքային նշանակություն ունի Ռուսաստանի համար։ Հոկտեմբերի 17-ին ՌԴ ԱԽ նախագահի տեղակալ Մեդվեդեւը սպառնացել էր հարաբերությունների փլուզմամբ, եթե Իսրայելը գերժամանակակից ՀՕՊ համակարգեր տրամադրի Ուկրաինային։ Երկու օր անց Իսրայելի պաշտպանության նախարարը ուկրաինացի գործընկերոջը տեղեկացրել էր, որ պատրաստ են «հրթիռային հարձակման նախազգուշացնող միջոցներ տրամադրել միայն»։ Մոսկվայում Իսրայելի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները զգուշավոր լավատեսությամբ են մեկնաբանել՝ հավելելով, որ անկախ նրանից, թե ինչ կառավարություն կձեւավորվի՝ Ռուսաստանը պատրաստ է «բոլոր ուղղություններով համագործակցության»։

Նեթանյահուն հայտնի է որպես Ռուսաստանի նախագահի «անձնական մտերիմ»։ Նախկինում նրան հաջողվել է Սիրիայի հարցում սկզբունքային համաձայնության հասնել։ Այս փուլում, սակայն, ռուս-իրանական ռազմավարական համագործակցությունը Իսրայելում չափազանց մեծ անհանգստություն է առաջացրել, եւ Նեթանյահուն չի կարող դա նկատի չունենալ։ Մանավանդ որ ենթադրյալ կոալիցիայում նրա գործընկեր կուսակցությունները խիստ արմատական են «ահաբեկչության եւ իսլամական արմատականության դեմ պայքարի» հարցերում։  Իսրայելը Մերձավոր Արեւելքում լուրջ դերակատար է։ Ըստ էության, Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը Միացյալ Նահանգները առկախել են Իսրայելի կոշտ դիմադրության պատճառով։

Կարեւոր է նաեւ արձանագրել, որ Իսրայելում խորհրդարանական ընտրություններին զուգահեռ՝ Ադրբեջանը Իրանի հետ սահմանին զորավարժություններ է  սկսել։ Ավելի վաղ նույն քայլին դիմել էր Իրանը, իսկ Թեհրան Հայաստանի վարչապետի այցի օրը Ադրբեջանի հատուկ ծառայությունները հայտարարել են «իրանական գործակալական ցանց վնասազերծելու» մասին։ Միլլի մեջլիսում վերստին հնչեցրել են «Հարավային Ադրբեջանի» թեման։ Խորհրդարանական ընտրություններից երկու շաբաթ առաջ Բաքու էր այցելել Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը։ Հայտնի է դարձել, որ Բաքու կայցելի Իրանի խորհրդարանի նախագահը։ Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիեւ բանակցություններից ժամեր առաջ ադրբեջանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարարը՝ վերստին պնդելով «տարածաշրջանում օտար ուժերի ներկայության անթույլատրելիությունը»։

Ինչ կառավարություն էլ որ  Իսրայելում ձեւավորվի՝ Իրանի նկատմամբ քաղաքականությունը մնալու է նույնը։ Դա գրեթե կասկածից դուրս է։ «Միջակայքն» այն է, թե վարչապետի պաշտոնն ստանձնելու դեպքում Նեթանյահուն կգնա՞ էսկալացիայի, թե՞ կմնա կայուն կոշտ դիրքորոշման շրջանակներում։ Փորձագիտական որոշակի աղբյուրներ չեն բացառում, որ «Իրանի դեմ պատժիչ գործողություններ կսկսվեն»։ Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ներգրավվածության դեմ Իրանի անզիջում կեցվածքը պայմանավորված է այդ անհանգստությամբ։ Իրան-Ադրբեջան վերջին շրջանի լարվածությունը, ամենայն հավանականությամբ, ածանցված է իսրայելա-ադրբեջանական ռազմատեխնոլոգիական համագործակցությունից։

Հայաստանի վարչապետի թեհրանյան վերջին այցի տպավորությունը հուսադրող է։ Հրապարակային համաձայնությունը, որ վերաբերում է էներգետիկ ոլորտին, պետք է ենթադրել, չի բնորոշում բանակցությունների ամբողջ դիսկուրսը։ Ընդհանուր առմամբ, Իրան-Հայաստան հետագա համագործակցությունը ներգրվում է Իրան-Ռուսաստան՝ կարծես թե առարկայացող ռազմավարական դաշնակցությանը։ Բայց այս դեպքում կարող են խնդիրներ ծագել հայ-ամերիկյան եւ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում։ Իլհամ Ալիեւի՝ Սոչիի եռակողմ հանդիպմանը նախորդած այցը Վրաստան, կարծես, վկայում է, որ Ադրբեջանը խնդիր է դրել կանխել Պարսից ծոց-Սեւ ծով «միջանցքի» շուրջ հայ-վրաց-իրանական համաձայնությունը։

Իսրայելի ապագա կառավարության խնդիրը կարեւորվում է նաեւ Հայաստանի հարավում հաղորդուղիների թեմայի համատեքստում։ Եթե իսրայելա-իրանական լարվածությունը գնա աճի գծով, ապա իրավիճակը կարող է բերել Իրան-Ադրբեջան չափազանց լուրջ հակասությունների։ Այդ դեպքում Թուրքիան կձեռնարկի պատասխան քայլեր, կմեծանա թուրք-իրանական ռազմական բախման սպառնալիքը։ Էսկալացիայի պարագայում Հայաստանի հարավը կվերածվի «ռազմադաշտի»։ Սա նվազ հավանական սցենար է, բայց՝ ոչ լիովին բացառելի։ Իրականում ոչ ոք չի կարող կանխատեսել, թե առաջիկա տարիներին աշխարհաքաղաքական ինչ տրանսֆորմացիաներ են տեղի ունենալու, ուժերի ինչ հարաբերակցությամբ են այսօրվա իրավիճակից դուրս գալու Արեւմուտքը, Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան։

Առաջիկայում սպասվում է «Թուրքական պետությունների կազմակերպության» գագաթնաժողով, որին հրավիրված է նաեւ Ռուսաստանի նախագահը։ Կմեկնի՞ նա Սամարղանդ, կմասնակցի՞ «թուրքական աշխարհի շնորհանդեսին»։ Պետք է սպասել ենթադրվող  զարգացումների, ինչպես նաեւ ակնկալել, որ Նեթանյահուին, թերեւս, չի հաջողվի ձեւավորել կայուն մեծամասնության կոալիցիա։ Այդ դեպքում, հավանաբար, Իրանի շուրջ լարվածությունը կթուլանա՝ Թեհրանի համար Հարավային Կովկասում ավելի համարձակ գործելու հնարավորությամբ։ Իրան-Թուրան-սիոնիզմ «եռանկյունու» ո՞ր կողմում կլինի Ռուսաստանը, ի՞նչ ընտրություն է սպասվում Հայաստանին։

 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ