Logo
Print this page

Թուրքիայի «անակնկալին» սպասելի՞ս

 

Թուրքիայի նախագահի հետ Սոչիի եռակողմ բանակցությունները քննարկելուց հետո Պուտինը չեղարկել է «հացահատիկային միջանցքը» փակելու որոշումը, որ մեկ օր առաջ էր ընդունել՝ Սեւաստոպոլի ծովախորշում ռուսական նավատորմը հարձակման ենթարկվելուց հետո։ Դա տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Թուրքիա այցին գրեթե զուգահեռ։ Ստոլտենբերգը պետք է Թուրքիային համոզեր, որպեսզի արագացնի Ֆինլանդիային եւ Շվեդիային Հյուսիս-ատլանտյան դաշինք ընդունելու պաշտոնական համաձայնությունը՝ այն ներկայացնելով խորհրդարանի վավերացմանը։ Բանակցությունները, երեւում է, անցել են լարված։ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆինլանդիայի հարցում «առանձնակի խնդիրներ չկան, բայց Շվեդիան պետք է կատարի Մադրիդում ստանձնած բոլոր պարտավորությունները»։

Թուրքիան պնդում է, որ Շվեդիան կապերը խզի Քրդական բանվորական կուսակցության հետ եւ արտահանձնի իր տարածքում ապաստան գտած «քուրդ ահաբեկիչներին»։ ՆԱՏՕ-ն ունի Ֆինլանդիային եւ Շվեդիային միասին իր կազմ ընդունելու մտադրություն։ Ընդ որում, դա նաեւ սկանդինավյան այդ երկու երկրի ցանկությունն է։ Արգելափակելով Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության որոշումը, Թուրքիան փաստացի կասեցնում է Ռուսաստանի հյուսիսային սահմանների մերձակայքում ծավալվելու՝ Հյուսիս-ատլանտյան դաշինքի ռազմավարական նախագծի իրականացումը կամ առնվազն անորոշ ժամկետով հետաձգում այն։ Փոխարենը Թուրքիան ստանում է ուկրաինական նավահանգիստներից հացահատիկ արտահանելու բացառիկ հնարավորություն, ինչը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական լուրջ ձեռքբերում է։

Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հարցում Թուրքիայի դիրքորոշումն, ինչ խոսք, ավելի խորքային դրդապատճառներ ունի։ Անկարայի «բանավեճն», ըստ էության, Վաշինգտոնի հետ է։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Էրդողանը չկարողացավ ԱՄՆ նախագահից ընդունելության հասնել։ Այս պահին փորձ է արվում նման հանդիպում կազմակերպել Ինդոնեզիայում՝ G20 գագաթնաժողովի շրջանակներում։ Առայժմ որեւէ պաշտոնական հավաստիացում չկա, որ Վաշինգտոնում պատրաստ են դրան։ Թուրք-ամերիկյան հարաբերությունները հասել են աննախադեպ ցածր մակարդակի։ ԱՄՆ-ն շարունակում է միակողմանիորեն արդիականացնել Հունաստանի օդուժը, մատակարարել ՀՕՊ միջոցներ։ Թուրքիան դա գնահատում է «սպառնալիք»։

Տասնամյակներ շարունակ Անկարան Աթենքի հետ խոսում էր ուժի դիրքերից։ Ներկայումս ռազմաքաղաքական հնարավորությունների հավասարակշռություն է ստեղծվում։ Իսկ դա ենթադրում է նաեւ Կիպրոսի հետ հակամարտության մեջ Թուրքիայի դիրքերի ընդգծված թուլացում, որովհետեւ Միացյալ Նահանգները միաժամանակ չեղարկել է նաեւ Կիպրոսի միջազգայնորեն ճանաչված հունական կառավարությանը սպառազինությունների մատակարարման արգելքը։ Թուրքիան չափազանց բարդ հարաբերություններ ունի նաեւ Ֆրանսիայի հետ, որին, կարծես, վերապահվում է Միջերկրական ծովի արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում  Արեւմուտքի քաղաքականության հիմնական մոդերատորի դեր։ Տարածաշրջանային այդ «ալյանսին» ներգրավվում են նաեւ Եգիպտոսը եւ Իսրայելը։

Խորհրդանշական իրադարձություն է տեղի ունեցել Աղդամի «մոնիտորինգային կենտրոնում», որտեղ ռուս եւ թուրք զինվորականները համատեղ «պատվո տողան» են կազմակերպել՝ ի նշանավորումն Թուրքիայի հանրապետության հռչակման տարեդարձի։ Թուրքիայի խորհրդարանը մեկ տարով երկարաձգել է «մոնիտորինգային կենտրոնում» զինվորական առաքելության ժամկետը։ Վերլուծաբանական հանրության որոշ ներկայացուցիչներ տեսակետ են հայտնել, որ «քննարկվում է ապագայում ռուս-թուրքական խաղաղապահ գործողության ծրագիր»։ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության ժամկետի լրանալուց երեք տարի առաջ Սոչիում թեմայի քննարկումը վկայում է, որ խնդիրն, ամենայն հավանականությամբ, շատ ավելի բազմաշերտ է, քան թվում է առաջին հայացքից։

Մեզ համար ստեղծվում է  խնդրահարույց իրավիճակ։ Հայտարարված է, որ մոտակա օրերին Վաշինգտոնում տեղի է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում՝ պետքարտուղար Բլինքենի անմիջական մոդերացիայով։ Միաժամանակ նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ գումարելու Հարավային Կովկասի 3+3 «պլատֆորմի նիստ»։ Ըստ երեւույթին, այս հարցում նախաձեռնողականություն է ցուցաբերում Իրանը։ Հայաստանը սկզբունքորեն չի մերժում այդ ձեւաչափը, բայց Վրաստանը մեծ վերապահումներ ունի։ Իրավիճակի դելիկատությունը Թուրքիայի կողմնորոշումն է։ Եթե Էրդողանին հաջողվի «կոտրել» Վաշինգտոնի սառնությունը, ապա Անկարան կարող է ստանձնել Հարավային Կովկասում Արեւմուտքի «պրովայդերի» պարտավորություն։

Այդ դեպքում ռուս-թուրքական համագործակցությունը պայմանավորված կլինի նրանով, թե որքանո՞վ է Թուրքիան հակադրվելու պոստխորհրդային տարածքում Ռուսաստանի շահերին կամ կարողանալու «միջնորդ լինել» Մոսկվա-Վաշինգտոն հարաբերություններում, որտեղ ինքնահաստատման շատ էական քայլեր է անում Ֆրանսիան։ Փորձագիտական շրջանակներում գերիշխող տպավորություն է, որ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ Էրդողանը «կտրուկ շրջադարձի չի գնա»։ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի մերձեցումն ինքնին կբարձրացնի քեմալական-աշխարհիկ-արեւմտամետ ընդդիմության հեղինակությունը։ Սա, թերեւս, քաղաքագիտական հիմնավորված կանխատեսում է, բայց չպետք է մոռանալ, որ Թուրքիան  ցանկացած անակնկալ կարող է մատուցել։

 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.