Logo
Print this page

Խերսոնի «անկումը» եւ Հարավային Կովկասի «պարեկության» խնդիրը

 

Նոյեմբերի առաջին օրերին ամերիկյան մամուլը գրեց, որ Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Սալիվանը «գաղտնի բանակցություններ է  վարում» Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովի եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւի հետ։ Մեկնաբանություններ տարածվեցին, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցությունների նախապայման է դնում «Խերսոնի հանձնումը»։ Նոյեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ ՌԴ պաշտպանության նախարարը զորքերը «Դնեպրի ձախափնյակ փոխադրելու» ցուցում է տվել։ Հաջորդ օրը Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ դա «բարի կամքի դրսեւորում է»։ Տպավորություն կար, որ «Խերսոնի հանձնումից» հետո Ռուսաստանի նախագահը կկայացնի Ինդոնեզիա մեկնելու եւ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին մասնակցելու որոշում, սակայն Մոսկվան պաշտոնապես ծանուցեց, որ «պատվիրակությունը կգլխավորի արտաքին գործերի նախարար Լավրովը»։

Պարզ է դառնում, որ առայժմ ռուս-ուկրաինական բանակցություններ չի հաջողվում կազմակերպել։ Պետական դեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այդ հարցով «Ուկրաինային չի համոզում, որոշում պիտի ընդունի Կիեւը»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունների «հարցում Մոսկվան բաց է»։ Դիվանագիտական այս «փոխհրաձգությունը» տեղի է ունենում Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիեւ եւ Վաշինգտոնում պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո։ Ռուսաստանյան փորձագետները Սոչիի հանդիպումը գնահատում են «անսպասելի» եւ ընդգծում, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական եւ ԼՂ կարգավորման «միջնորդությունը լիովին իր վրա վերցնելու նախաձեռնողականություն չցուցաբերեց»։

Երեւում է, ՌԴ նախագահի դիվանագիտական «հնարքը» Վաշինգտոնում գնահատել են «պատասխանատվությունը Միացյալ Նահանգների վրա բարդելու» քայլ։ Միրզոյան-Բայրամով բանակցություններից հետո պետքարտուղար Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կողմերին ոչինչ չի պարտադրում» եւ միայն օգնում է, որպեսզի գտնվեն փոխադարձաբար ընդունելի կարգավորումներ։ Ամենայն հավանականությամբ, ամերիկյան դիվանագիտության այս «սպասողական» կեցվածքը ուղղորդելու  է նաեւ Եվրամիությանը։ Կա մինչեւ նոյեմբերի վերջ Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահի միջնորդությամբ Փաշինյան-Ալիեւ եւս մեկ հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն։

Այդուհանդերձ, նոյեմբերի 8-ին Իլհամ Ալիեւը մի քանի կոշտ հայտարարություններ է արել, որ ընդհանուր առումով հանգում են հետեւյալին՝ կա՛մ «Հայաստանը Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքների հիման վրա ստորագորւմ է խաղաղության պայմանագիր, կա՛մ ամեն ինչ մնում է ինչպես կա, իսկ ինչ կլինի՝ պարզ կդառնա հետո»։ Ընդսմին, Ալիեւը հավաստիացրել է, որ ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման ստանձնած պարտավորությունը մնում է ուժի մեջ՝ մինչեւ կլրանա նոյեմբերի 9-ի Հայտարարությամբ սահմանված ժամկետը։ Նոյեմբերի 9-ին կայացել է Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում, անկասկած, անդրադարձ է կատարվել նաեւ Իլհամ Ալիեւի նախօրեին հնչեցրած մտքերին։

Նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ներածական ելույթում իրավիճակի հետ կապված ծավալուն մեկնաբանություններ է արել եւ հնչեցրել սկզբունքային տեսակետներ՝ հիմնականում ծանրանալով ԼՂ խնդրի վրա։ Դրանից կարելի է եզրակացնել, որ «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցություններում կողմերի տեսակետները հակադիր են հատկապես ԼՂ-ին վերաբերող հարցում։ Փաշինյանն ասել է, որ Սոչիում Ադրբեջանին է փոխանցել ԼՂ շուրջ եւ հայ-ադրբեջանական սահմանին «ապառազմականացված գոտի ձեւավորելու նորացված առաջարկ»։ Ամենայն հավանականությամբ՝ խոսքը «զորքերի հայելային հետքաշման» մասին է, որ Հայաստանը առաջարկել էր դեռեւս 2021 թվականին Սեւ լճի մոտ ադրբեջանական ագրեսիայից հետո։ Նորություն է, թերեւս, որ այս անգամ խոսվում է  նաեւ ԼՂ շուրջ «ապառազմականացված գոտի ստեղծելու» մասին։

Ուշագրավ է, որ նման հայտարարություն Նիկոլ Փաշինյանն արել է Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո եւ նրա Հայաստան այցին ու Երեւանում ՀԱՊԿ գագաթնաժողովի գումարմանն ընդառաջ։ Կարելի է զգուշորեն ենթադրել, որ բանակցությունների վաշինգտոնյան եւ հատկապես բրյուսելյան հարթակներին համաձայնություն տալու եւ դրանք որպես «հայկական նախաձեռնություն» ներկայացնելու, այդ կերպ հայ-ռուսական հարաբերությունները լիովին խաթարելու՝ Իլհամ Ալիեւի դիվանագիտական հնարքը կորցնում է հրատապությունը։ Արեւմուտքը, երեւում է, Հարավային Կովկասում Ռուսաստանի հետ բաց առճակատման գնալու ծրագիր գոնե այս փուլում չունի կամ չկա իրավիճակի կառավարման պատասխանատվության ցանկություն, գուցե թե՝  նաեւ ռեսուրս։

Մոսկվան, Վաշինգտոնը եւ Փարիզը հրապարակային ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորված չէ, այն չպետք է շաղկապվի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հաստատման եւ «խաղաղության պայմանագրի» նախապատրաստման բանակցություններին։ Հնարավո՞ր է, որ այդ արձանագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին բերի կոնսենսուսի։ Regnum-ի մեկնաբանը, որ Ադրբեջանի քաղաքական եւ փորձագիտական շրջանակների հետ սերտ առնչություններ ունի, ենթադրում է, որ «Բաքուն հազիվ թե ընդունի Լեռնային Ղարաբաղում միջազգային մանդատի ներքո կառավարման անցնելու սցենարը, բայց դիվանագիտական ճանապարհով հաջողություններն ամրագրելու նրա ռեսուրսներն էլ բավարար չեն»։

Անշուշտ, նոր էսկալացիայի հավանականությունը շարունակում է մնալ բարձր։ Բացառված չէ, որ Ադրբեջանը սադրանքի դիմի նաեւ ԼՂ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում եւ Լաչինի միջանցքում, որտեղ կարող է ստեղծել ենթակառուցվածքների հուսալիության հետ կապված խնդիրներ։ Այս փուլում չափազանց կարեւորվում են ռուս-թուրքական հարաբերությունները։ Էրդողանը ողջունել է «Խերսոնը հանձնելու» Ռուսաստանի որոշումը։ Միաժամանակ, սակայն, հայտնի է դարձել, որ Ղազախստանը եկող տարի Բաքու-Ջեյհան խողովակաշարով 1,5 միլիոն տոննա նավթ կարտահանի։ Դա ակնհայտորեն Ռուսաստանի շահերի դեմ քայլ է։ Մամուլում «թռուցիկ» տեսակետ  է հնչել, որ Բաքուն Մոսկվային առաջարկում է ԼՂ-ում խաղաղապահ առաքելության «ծանրությունը վերապահել  Աղդամի  մոնիթորինգային կենտրոնին»։

 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.