Բալթիկայից՝ Պարսից ծոց, Տիբեթից՝ Բոսֆոր «խառնարանում» մենք եւ հնարավորություն ունենք, եւ խուսանավելու իրավունք

«Նյու-Յորք թայմսի» վերլուծականը սեւեռվել է Մինսկում Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահների բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ «կողմերը քննարկել են միասնական պաշտպանական համակարգ ստեղծելու» հարցը։ Մեկնաբանի գնահատմամբ՝ «դա ավելին է, քան երկու երկրների քաղաքական, տնտեսական եւ ռազմական համագործակցությունը»։ Ուկրաինացի ռազմական փորձագետները կարծիք են հայտնում, որ «թեեւ Բելառուսը ուղղակիորեն չի ներգրավվի Կիեւի դեմ ռազմագործողությանը, բայց Ռուսաստանը հնարավորություն է ստանում վերահսկելու Լեհաստանից զենքի մատակարարման ուղիները»։

Հայտնի է դարձել, որ Բելառուսի տարածքում մարտական հերթապահության են կանգնել ռուսական «Իսկանդեր-Մ» տակտիկական հրթիռային համակարգեր։ Դրանք կարող են թիրախային հարվածներ հասցնել Լեհաստանից Ուկրաինա սպառազինությունների առաքման հաղորդուղիներին։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդեւը հայտարարել է. «Մենք կթրխկացնենք ամերիկյան Patriot ՀՕՊ կայանքը, հենց որ այն հայտնվի հասանելիության գոտում»։ Խոսքը դեռեւս խոստացված հակաօդային պաշտպանության համակարգի մասին է, որի առաքման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինայի նախագահի Վաշինգտոն  այցի ժամանակ։

Արեւմտյան մամուլը Ռուսաստանի «միասնական պաշտպանական համակարգի» հնարավոր մասնակից է տեսնում նաեւ Իրանը։ Մեկնաբանություններից մեկում դիտարկված է Ադրբեջանի «երկդիմի կեցվածքը»։ Հայտնի է, որ Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի «Հուշագիր» են ստորագրել, որ ենթադրում է երկաթուղային հաղորդակցություն։ Գործնականում, մինչդեռ, առկա են ֆինանսական եւ մաքսային բնույթի տարաձայնություններ։ Այդ է, հավանաբար, պատճառը, որ Ռուսաստանը նախատեսում է հզորացնել Կասպից ծովի նավատորմիղը։

«Նեզավիասիմայա գազետա»-ի խմբագրականը կարծիք է հայտնում, որ Ռուսաստանը «մոտ ապագայում Ազովի եւ Կասպից ծովերի միջեւ նավագնացություն կիրականացնի»։ Ուկրաինական ճգնաժամի համատեքստում սա հավելյալ պարզություն է մտցնում, մանավանդ եթե նկատի ենք ունենում, որ Թուրքիան ռուսական նավատորմի համար հաճախակի արգելքներ է սահմանում Բոսֆոր-Դարդանելի նեղուցն անցնելիս։ Բելառուսի ներառնումը միասնական ռազմատնտեսական համակարգում, ինչպես հասկացվում է, Ռուսաստանի նոր աշխարհաքաղաքական նախագծի մի բաղադրիչն է։

Աշխարհաքաղաքական բեւեռների միջեւ հիմնական մրցակցությունը տեղափոխվում է Մերձավոր Արեւելք եւ Պարսից ծոցի տարածաշրջան, որտեղ լրջագույն հայտ է ներկայացրել նաեւ Չինաստանը։ Իսրայելի նորընտիր վարչապետ Նեթանյահուն սպառնացել է թիրախային հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։ Արեւմտյան որոշ փորձագետներ համարում են, որ Իրանը «չափազանց մոտ է միջուկային մարտագլխիկ ունենալուն»։ Այս համապատկերին Ժնեւում տեղի են ունեցել Իրանի արտգործնախարարի եւ Եվրամիության բանագնաց Բորելի բանակցությունները։

Բորելը, երեւում է, Իրանին առաջարկել է գործարք՝ պատժամիջոցների որոշակի թեթեւացման դիմաց հրաժարվել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական եւ տեխնոլոգիական համագործակցությունից։ Irna գործակալության փոխանցմամբ՝ իրանական կողմը «հասկացրել է, որ Միացյալ Նահանգները չի կարող պայմաններ թելադրող լինել»։ Ըստ էության, դա Եվրամիության բանագնացի «գործարքային առաջարկության» մերժում է։ Ի՞նչ կեցվածք կընդունի Ադրբեջանը, հաղորդուղիները կբացի՞ Իրան-Ռուսաստան համագործակցության առաջ։

Կարելի է շատ զգուշորեն ենթադրել, որ Իլհամ Ալիեւը կտրուկ չի մերժի Ռուսաստանին, բայց գործնականում չի դառնա «կապող օղակ»։ Ադրբեջանը կաշկանդված է Եվրամիության հետ էներգետիկ ծրագրով, վճռորոշ է Թուրքիայի ազդեցությունը, որ փաստացի ամբողջական վերահսկողություն է հաստատել ադրբեջանական զինված ուժերի եւ ռազմական ենթակառուցվածքների վրա։ Իրանի հզորացումը ոչ մի առումով չի համապատասխանում Թուրքիայի շահերին։

Այս չափազանց բարդ իրավիճակում հայկական դիվանագիտությունը Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերի վերընկալման կարիք ունի։ Լաչինի միջանցքում իրավիճակը փորձություն է նաեւ այդ առումով։ Չափազանց կարեւոր է, որ  Ստեփանակերտը պետական, քաղաքական եւ հանրային մակարդակի յուրաքանչյուր խոսույթ ձեւակերպի առավելագույնս դիվանագիտորեն։ Բալթիկայից մինչեւ Պարսից ծոց, Տիբեթից մինչեւ Բոսֆոր-Դարդանել՝ եվրասիական մեգատարածաշրջանում, ինչպես Ռուսաստանի նախագահն է բնորոշել՝ «տեկտոնիկ փոփոխություններ են կատարվում, ձեւավորվում է նոր աշխարհակարգ»։ Այդ մեծ «խառնարանում» ոչ մի հնարավորություն չպետք է անտեսվի, բայց չի կարելի նաեւ բաց թողնել  «մանեւրի պահը»։

 Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ