Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՄԱԿ-Ը ԵՎ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ

ԱԱ-ի հարցազրույցը Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, «Իրավագիտակից հասարակություն» ՀԿ նախագահ Արմեն Բաղդասարյանի հետ

- Պարոն Բաղդասարյան, միջազգային իրավունքի տեսանկյունից ինչպիսի՞ գնահատական կարող եք տալ դեկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրավիրած նիստում  Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման արդյունքների վերաբերյալ:

-Ցավով պետք է արձանագրեմ, որ Միջազգային իրավունքն այսօր քաղաքականացված է, մարդու իրավունքներն այսօր քաղաքականացված են, և քանի որ մարդու իրավունքներից վեր  ոչինչ չի կարող և  չպետք է լինի, ապա ստիպված եմ սուբյեկտիվ կարծիքս հայտնել առ այն, որ ամբողջ աշխարհում գրեթե ամեն ինչ քաղաքականացված է:

Իմ այս խոսքի գինը  քաջ գիտակցում է յուրաքանչյուր արցախցի: Երբ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, առանց հայտարարելու և առանց նախապես զգուշացնելու, վաղ առավոտյան սկսեց հրետակոծել խաղաղ բնակավայրերը և դեռևս քնած վիճակում խաղաղ բնակչությանը, երբ Ադրբեջանն ուղիղ 44 օր ավերում էր հայկական եկեղեցիները, մշակութային օբյեկտները, միջազգային իրավունքով արգելված  զենքեր էր  կիրառում մի ժողովրդի դեմ, որն  աշխարհում առաջինը  քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն,  և այդ նույն միջազգային կազմակերպությունները, ասել է թե` միջազգային հանրությունը, այդ թվում` ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և այլն, հանդես էին գալիս լոկ հայտարարություններ տարածելով:

Հայտարարություններ կարող է տարածել երկրագնդի վրա ցանկացած պետություն, այդ թվում` Արցախի Հանրապետությունը, որը չունի ճանաչում: Հայտարարություն կարող է տարածել նույնիսկ Արցախի Հանրապետության  իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված` ասենք «Իրավագիտակից հասարակություն» հասարակական կազմակերպությունը: Հարցն այն է, թե որքանո՞վ է այդ հայտարարությունը լսելի, ի՞նչ ծավալով լսարան ունի, որքանո՞վ է այդ հայտարարությունը ծանրակշիռ և ամենակարևորը` ու՞մ է ուղղված այդ հայտարարությունը: Հայտարարության հասցեատերը ադեկվա՞տ է, հարգու՞մ է մարդու իրավունքները, հայտնի՞ է որպես մարդու իրավունքները հարգող սուբյեկտ, թե՞ ընդհակառակը` ամբողջ աշխարհում հայտնի է որպես ագրեսոր, Հայաստանի սուվերեն տարածք ամիսներ շարունակ ներխուժած, մարդուն քնած վիճակում կացնահարած, պատերազմի ընթացքում զոհված կնոջ դիակը պղծած: Սա է կարևորը:

Անդրադառնալով առաջադրված հարցադրմանը` հարկ է նշել հետևյալը. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում, «ցավի տիրոջ» իրավունքով, իհարկե, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն  փաստահավաք առաքելություն ուղարկելու և տեղում ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար ՄԱԿ-ի կառույցներին ուղղված հասցեական կոչով հանդես եկավ  միայն Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը: Չպետք է անտեսել նաև Ֆրանսիայի ներկայացուցչի հայտարարության առանցքում ՄԱԿ-ի կառույցներին տարածաշրջան մուտք գործելու հնարավորության ընձեռնման կոչը: Իհարկե, հնչեցին նաև առավել հասցեական հայտարարություններ և կոչեր Իռլանդիայի, Միացյալ Նահանգների, Արաբական էմիրությունների և մի քանի այլ երկրների ներկայացուցիչների կողմից, սակայն կոչերից և հայտարարություններից զատ, ցավոք, ոչինչ չընդունվեց:  Հրավիրված նիստի արդյունքներին  սրտի  թրթիռով  և մեծ հույսերով  սպասում էր  Արցախը և Հայաստանը:

Միջազգային իրավունքի և արդարության կշեռքի նժարի վրա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրավիրած նիստի արդյունքներն անհամեմատ «թեթև» են Արցախում շրջափակման մեջ գտնվող, հումանիտար աղետի առջև կանգնած 120.000 մարդու իրավունքների համեմատությամբ:

-Դուք նշեցիք 2020թ. Նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության մասին: Նշված հայտարարությունն, ըստ Ձեզ, իրավական տեսանկյունից նախատեսու՞մ է պատասխանատվության միջոցներ, կողմերից որևէ մեկի կողմից հայտարարության պայմանների խախտման դեպքում ո՞վ է իրավասու միջոցներ ձեռնարկել:

-Նախ, հարկ է նշել, որ միջազգային իրավունքն ունի մի շարք սկզբունքներ, որոնք պարտավոր է պահպանել իրեն հարգող, ժողովրդավարական և մարդասիրական համարող յուրաքանչյուր պետություն: Այդ սկզբունքների մեջ առանցքային դեր ունեն մարդու իրավունքների համընդհանուր հարգման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարման սկզբունքները: 

2020թ. նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարությունն, ըստ էության, միջազգային պայմանագիր է, քանի որ միջազգային պայմանագիրը համաձայնություն է միջազգային իրավունքի սուբյեկտների միջև, որոնց միջոցով դրանք ստեղծում, փոփոխության են ենթարկում կամ դադարեցնում են փոխադարձ իրավունքներ և պարտավորություններ:

Տվյալ դեպքում նոյեմբերի 9/10-ի հայտարարությունը ստորագրած երեք պետությունները` Հայաստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանը, միջազգային իրավունքի սուբյեկտներ են` որպես սուվերեն և միջազգային իրավունքի տեսանկյունից` անկախություն հռչակած  երկրներ: Նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարությունը տեղավորվում է նաև «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի կարգավորման ոլորտում, քանի որ նույն օրենքի համաձայն`միջազգային պայմանագիրը ՀՀ-ի և պայմանավորվող մյուս կողմի /կողմերի/ միջև մեկ փաստաթղթի տեսքով գրավոր ձևակերպված և միջազգային իրավունքով կարգավորվող հայտարարություն է` անկախ դրա անվանումից: Հետևաբար, 9 կետից բաղկացած քննարկվող եռակողմ հայտարարության 5-րդ կետով ամրագրված է, որ հակամարտության կողմերի պայմանավորվածությունների կատարման վերահսկողության արդյունավետության  բարձրացման նպատակով տեղակայվում է հրադադարի վերահսկման  խաղաղապահ կենտրոն:  Նույն փաստաթղթի 6-րդ կետը հռչակում է. «Լաչինի միջանցքը /մոտ 5 կմ լայնությամբ/, որն ապահովելու է Արցախի կապը Հայաստանի հետ, բայց միաժամանակ շրջանցելու է Շուշին, մնում է ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ: Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:

Ավելին, փաստաթղթի վերջին` 9-րդ կետով ամրագրված է, որ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են ՌԴ սահմանապահ ծառայության մարմինները:

Ինչպես նկատեցինք, եռակողմ փաստաթղթով ուղղակիորեն ամրագրված են վերջինիս պայմանների պահպանությունն ապահովող համապատասխան իրավասություններ ունեցող մարմինները: Փաստաթուղթն ուղղակիորեն չի նախատեսում, սակայն, պատասխանատվության միջոցները, որոնք պետք է կիրառվեն պայմաններից որևէ մեկի խախտման դեպքում: Իմ գնահատմամբ` խնդրո առարկա եռակողմ փաստաթուղթը շտապողականության դրսևորման վառ օրինակ է, ընդամենը մեկ էջի վրա ձևակերպված այդ փաստաթղթի անզեն աչքով անգամ զննմամբ կարելի է միանշանակ արձանագրել, որ նրանում բացակայում է պրոֆեսիոնալիզմը: Սա առաջին հերթին ողջամիտ կասկածներ  է հարուցում  առ այն, որ փաստաթուղթը կազմվել և կողմերի կողմից  ստորագրման  էր  ներկայացվել   խիստ  շտապողականությամբ, նրա տեքստի ձևակերպումն իրականացվել է առանց որակյալ մասնագետների ներգրավմամբ, կամ պարզապես շահագրգիռ կողմի կանխամտածված  անգործության հետևանք է: