ՓՈՐՁԱԴԱՇՏՈՒՄ
Լարվածությունը մեր տարածաշրջանում և նրա շուրջ շարունակում է պահպանվել, մինչև անգամ նկատելի են աճի միտումներ: Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմը, Մերձավոր Արևելքում իր դերը բարձրացնելու Թուրքիայի բացահայտ նկրտումները, այդ համապատկերում Թուրքիայի ու Սիրիայի, Թուրքիայի ու Իրաքի միջև հարաբերությունների սրումը լուրջ մարտահրավերներ են մեր տարածաշրջանի մյուս պետությունների, այդ թվում և մեր հանրապետության համար:
Լարվածության մյուս օջախի՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը և Իրանի կողմից պատասխան գործողություններ իրականացնելու սպառնալիքը հակամարտությունը մեր սահմաններին մոտեցնելու անմիջական վտանգ են պարունակում: Նման պայմաններում, նենգադավ մարդասպանի հերոսացմամբ հակահայկական նոր հիստերիա ապրող Ադրբեջանում վերստին աշխուժացել են ռազմամոլները, ինչը մեծացնում է պատերազմը վերսկսելու սպառնալիքները կյանքի կոչելու վտանգը: Ուստի մեր հանրապետության պաշտպանունակությունը, Զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու, հնրավոր մարտահրավերները ժամանակին դիմագրավելու նպատակով անցկացվում են հերթական մարտավարական զորավարժությունները կենտորանական ենթակայության զորամասերի հետ:
Տիգրանակերտի զորավարժարանը մեծ, եռացող կաթսա էր հիշեցնում: Տարատեսակ տեխնիկա, ամրաշինական աշխատանքներ կատարող զինվորների խմբեր, վրաններ և դրանց շուրջ զանազան տնտեսական աշխատանքներ կատարող զինծառայողներ:
Վարչության վրանում ականատես եղանք ըստ զորավարժության իրադրության գնահատման շուրջ ծավալված բուռն քննարկումներին: Հրետանու պետ, գնդապետ Գ. Բաղդասարյանը օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Բ. Դավիդովին առաջարկություններ էր ներկայացնում, վերջինս ծանրութեթև էր անում դրանք, իր դիտարկումներն էր ներկայացնում, ապա համատեղ որոշում էր կայացվում:
Դաշտում տարբեր ստորաբաժանումներ կրակային դիրքեր ու խրամատներ էին փորում, նախապատրաստելով զորավարժության բեմագրով նախատեսված խնդիրների կատարմանը: Գնդապետ Գ. Սահակյանի հրամանատարությամբ գործող զորամասի հակատանկային ստորաբաժանման դասակի հրամանատար, լեյտենանտ Միխայիլ Բալիյանը ղեկավարում էր ենթակաների աշխատանքները:
ՙՍահմանված ժամկետի դեռ կեսը չանցած՝ մեր դասակը պատրաստ է լինում մարտի՚,- ասում է լեյտենանտ Բալիյանը:
Կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ականանետային դասակը ևս կրակային դիրքեր էր փորում: Նշանառու շարքայիններ Սերգեյ Բաբայանը և Սուրեն Սարգսյանը հմուտ են իրենց գործում և գիտեն իրենց անելիքը տարբեր իրավիճակներում: Ականանետի հրամանատար, կրտսեր սերժանտ Հովհաննես Վարդանյանը ևս զինակից ընկրների հետ համահավասար ամրաշինական աշխատանքներ է կատարում, որովհետև միայն համատեղ ջանքերով է հնարավոր հասնել առաջադրված նպատակին:
Դաշտային խոհանոցում նյութաապահովման դասակի հրամանատար, ենթասպա Ռուդիկ Սարգսյանից տեղեկացանք, որ սննդի պատրաստման կետում ներգրավված ողջ անձնակազմը անում է ամեն ինչ՝ անձնակազմին որակյալ սննդով ապահովելու համար։
Ջոկի տղաների՝ հրաձիգ-զենիթայիններ Նարեկ Հակոբյանի, Կորյուն Ռաֆայելյանի, վարորդներ Սերոբ Գրիգորյանի, Լևոն Բաբյանի, Ալբերտ Աբգարյանի, խոհարար Գաբրիել Եղիազարյանի տրամադրությունները բարձր են, մարտականին մոտ, մանավանդ որ մի քանի օր առաջ հանդիսավորությամբ նշվել է զորամասի կազմավորման 20-ամյակը և նրանցից աչքի ընկածները պարգևների են արժանացել. սերժանտ Գ. Մելքումյանը՝ ձեռքի ժամացույց, շարքային Ն. Հակոբյանը՝ պատվոգիր և այլն:
Զինվորական ծառայության արդյունքն արտահայտվում է զորավարժության ժամանակ, ուստի ամեն ինչ պետք է անեն, որ լավ ցուցանիշներ ունենան:
Ընդհանրականը բոլոր զինծառայողների համար առաջադրված խնդիրների կատարման վճռականությունն է, ինչը, համոզված ենք, օգնելու է սպասված արդյուքներն արձանագրելուն:
Մ. ԱՀՅԱՆ