Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՂԾԵԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՑ ԴՈՒՐՍ ՉՄՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

bolotov250.jpgՀոկտեմբերի 19-20-ը Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարը, որին մասնակցում էին
 ԱՊՀ անդամ 9 պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղըրղըզստանի, Թուրքմենիայի և Մոլդովայի ավելի քան 500 պատվիրակներ, ԱՊՀ անդամ պետությունների քաղաքական և հասարակական հայտնի գործիչներ, կրթության կառավարման մարմինների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, դասախոսներ, մեթոդիստներ, կրթական և գիտական հանրույթի անդամներ։ 
Համագումարի մասնակիցներին ողջունել են ՀՀ վարչապետ Տ.  Սարգսյանը, ԱՊՀ անդամ պետությունների գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Ս. Լեբեդևը և ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահ Վ. Ստրաժևը։ Համագումարի ընթացքում համապատասխան զեկուցումներով հանդես են եկել նույն օրերին Երևանում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների համաժողովին մասնակից կրթության նախարարները։
Ռազմավարական նշանակություն ունեցող միջոցառմանը մասնակցել է նաև Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ,  ՌԿԱ ակադեմիկոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր ԲՈԼՈՏՈՎԸ։
Մեր հարցազրույցը։
 
- Վիկտոր Ալեքսանդրի, ո՞րն էր Հայաստան և Արցախ Ձեր այցի նպատակը։
- Ես և իմ գործընկերը, ով նույնպես Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ է՝ Բորիս Մարտիրոսյանը, մասնակցել ենք երևանյան կայացած  համագումարին։ Իսկ Լեռնային Ղարաբաղ եկել եմ նրա՝ Բորիս Պաստերովիչի հրավերով։ Նա ղարաբաղցի է և ամեն անգամ առիթը բաց չի թողնում գալ և այցելել հայրենի գյուղ՝ Տոնաշեն։ 
Մեզ համար այդ համագումարն անչափ կարևոր էր հատկապես տարբեր երկրներում կրթության իրավիճակը գնահատելու տեսանկյունից։ Անհրաժեշտ էր իմանալ՝ որ երկրներում որքանով է պահանջված այն։ Ճիշտ է, ոլորտի ներկայացուցիչների հետ հաճախակի շփման արդյունքում պատկերը մոտավորապես հասկանալի էր, բայց կարևոր էր տեղեկանալ, թե ինչ են մտածում իրենք՝ ուսուցիչներն այդ առթիվ։ Գաղտնիք չէ, որ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում և մյուս երկրներում ոչ բոլոր ուսուցիչներն են գոհ կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներից... 
- Ի՞նչ հարցեր են քննարկվել համագումարում։ Ո՞րն էր կրթության ոլորտի մասնագետներին հուզող ամենահրատապ հարցը, եթե, իհարկե, եղել է այդպիսին...    
- Ես կասեի՝ չի եղել հրատապ լուծում պահանջող թիվ 1 խնդիր։ Բայց կուզենայի նշել, որ կար մի ընդհանուր միտում՝ մեր երկրների փորձն օգտագործելու առումով։   Կարծես վերջապես հասկացել են, որ անցնել այդ ճանապարհը միայնակ կամ ասիական, ամերիկյան երկրների աջակցությամբ՝ սխալ է... Որ անհրաժեշտ է հավաքվել միասին՝ քննարկել ընդհանուր հիմնախնդիրները, չնայած լուծման եղանակները տարբեր են։ Բազային գործընթացն այսօր անընդհատ փոփոխվում է, և պետք է ստեղծել համապատասխան համակարգ՝ համաշխարհային զարգացման ընթացքից դուրս չմնալու համար։ Այդուհանդերձ՝ չի եղել այնպիսի իրավիճակ, երբ որևէ մեկին պարտադրվի ինչ-որ մոտեցում։ Համագումարը բաց էր շահագրգիռ քննարկումների համար։ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում առաջ քաշեց մի ցավոտ հարց. որակյալ կրթությունը չճանաչված պետությունների ժողովուրդների համար մատչելի դարձնելու հարցը, ինչը լայն արձագանք գտավ մասնակիցների կողմից։ Կրթության իրավունքը մարդու իրավունքների անբաժանելի մասն է և ամենևին էլ կապված չէ պետական-իրավական կարգավիճակի հետ։ Պետք է մտածել այն մասին, որ երեխան մեղավոր չէ ստեղծված իրավիճակի համար և լուծել այդ հիմնախնդիրը։ Մենք, իհարկե, չենք զբաղվի քաղաքականությամբ, չենք քննարկի, թե ով է արդար և ով՝ մեղավոր։ Բայց որ երեխաները հաստատ մեղավոր չեն, և չպետք է ձևական փաստաթուղթ լինի, որպեսզի նրանք կարողանան նորմալ ապրել և որակյալ կրթություն ստանալ՝ պարզից էլ պարզ է։ Ուստի, մի կողմ թողնելով քաղաքականությունը, պետք է օգնել այն մարդկանց, ովքեր ունեն կրթության իրավունքի խնդիր, ԱՊՀ նախագծերով կրթական միասնական տարածք ներառել ոչ թե պետություններին, այլ մարդկանց, որովհետև պետության, այդ թվում՝ չճանաչված, գլխավոր արժեքը մարդն է։ 
Համագումարն արդյունավետ էր տարբեր ուղղություններով լավագույն փորձի փոխանակման առումով։ Պատվիրակներին հետաքրքրել է Հայաստանի փորձը ավագ դպրոցների ցանցի ստեղծման, 12-ամյա կրթության, հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման, բարձրագույն կրթության վկայականի միջազգային ճանաչման, Բոլոնիայի գործընթացին ներգրավվածության տեսանկյունից։  Ուրախալի է, որ Հայաստանն այսօր ոչ միայն ներմուծում է միջազգային առաջավոր փորձը, այլև ստեղծում ու ստանում է սեփական արդյունքը. որպես ազգային նախագիծ՝ ներկայացվեց հանրակրթական դպրոցների 2-4-րդ դասարաններում շախմատը պարտադիր առարկա բարձրացնելու գործընթացը։ 
Ընդհանուր առմամբ՝ համատեղ աշխատելու ձգտումը վառ արտահայտված էր բոլորի մոտ։ Հուսով ենք, որ Երևանում ծավալված երկխոսությունը կնպաստի մեր պետությունների կրթության զարգացման քաղաքականությամբ զբաղվողների միջև արդյունավետ ռազմավարության մշակմանը։ Մենք, ի դեմս Ռուսաստանի կրթության ակադեմիայի, պատրաստ ենք աջակցել կրթության ոլորտի համագործակցության ընդլայնման նպատակով նախատեսված բոլոր միջպետական նախագծերին։  
- Ինչպե՞ս եք գնահատում բոլոր այն բարեփոխումները, որոնք իրականացվել են հանրակրթության և բարձրագույն կրթության բնագավառներում։ Ի դեպ, ե՞րբ կավարտվեն դրանք։ Մարդիկ կարծես ՙհոգնել են՚...
- Բարեփոխումներն անխուսափելի են և իրականացվում են բոլոր երկրներում։ Քանի դեռ մարդկության հասարակական և տնտեսական զարգացումները շարունակվում են, փոփոխվող աշխարհը և հասարակությունը մեր առջև մշտապես նոր հարցեր և մարտահարվերներ են դնելու։ Դրանք առաջին հերթին ստիպում են մեծ ուշադրություն դարձնել լեզուներին՝ այդ թվում օտար։ Գրեթե բոլորն ասում են, որ պետք է առավելությունը տալ բազային ֆունդամետալ գիտությանը՝  մաթեմատիկային։ Շատերը գտնում են, որ ավագ դպրոցում պետք է համառորեն առավել ուշադրություն դարձնել մասնագիտական ուսուցմանը, որպեսզի երեխաներն արդեն իսկ պատրաստ լինեն բուհ ընդունվելուն կամ աշխատելուն։ Չկա մի այնպիսի երկիր, որտեղ բոլոր նմանատիպ հարցերը լուծված լինեն։ Բայց յուրաքանչյուր երկիր սեփական պրակտիկայից թեկուզ մի փոքր լավ մասնիկ ունի, որը հետաքրքրություն է առաջ բերում մյուսների համար, և որին կարելի է նույնիսկ նախանձել։  
Ինչ վերաբերում է բարձրագույն կրթությանը, անչափ ուրախալի է, որ Բոլոնիայի գործընթացին ինտեգրվել են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը։ Երկու տարուց հետո նախատեսվում է մեծ համագումար անցկացնել Բոլոնիայի գործընթացի կապակցությամբ, որին կմասնակցեն նաև հայաստանյան մեր գործընկերները։ Եվրոպական կրթությունը մեր երեխաներին հնարավորություն է տալիս սովորել տարբեր երկրների առաջատար բուհերում։ Գնում, սովորում և վերադառնում են՝  համոզված, որ փաստաթուղթը ճանաչվում է բոլոր երկրներում։   
- Այսինքն՝ Դուք գտնում եք որ դա՞ է միակ ճշմարիտ ուղին՝ եվրոպական կրթահամակարգին  ինտեգրվելը... Իսկ ինչո՞վ էր վատ խորհրդային տարիների կրթությունը...
- Անշուշտ, եվրոպական կրթությունը ճշմարիտ ուղին է։ Բարձրագույն դպրոցի բարեփոխումներից խոսելիս ես կուզենայի ընդգծել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի շրջանակներում գործող ինստիտուտների փորձը՝ կոնկրետ որոշարկված  մասնագիտությունների գծով և միայն մագիստրատուրայի բաժնով։ Բնականաբար, ճշգրիտ գիտությունների գծով մասնագիտություններ են՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի, քիմիայի... Ինձ իմ գործընկերները պատմել են, որ ընդունելությունն այստեղ չափազանց մեծ է՝ ուսանողներ կան Ռուսաստանից, Իրանից, և ի զարմանս ինձ՝ Հնդկաստանից... Չէ՞ որ Հնդկաստանը միշտ հակված է եղել դեպի Անգլիան, Ամերիկան... Ինչ վերաբերում է խորհրդային կրթությանը՝ եկեք անկեղծ լինենք։ Մենք ձեզ հետ միասին ավարտել ենք խորհրդային դպրոցը։ Մեր դասարաններում բոլո՞րն էին փայլուն տիրապետում  ֆիզիկային, քիմիային, մաթեմատիկային... Իհարկե, ոչ։ Խորհրդային դպրոցը լավ է եղել նրանց համար, ովքեր հակված են եղել խորացված գիտելիքներ ստանալու։ Խորհրդային դպրոցն այդ հարցում չուներ անհատական մոտեցում։ Մեր դասագրքերը, եթե լուրջ խոսենք, խորացված գիտելիքների համար էին։ Այսօր այլ են պահանջները։ Միության փլուզումից հետո մեր երկրների տնտեսական, կրթական համակարգերը փոխվել են, և այն թյուր կարծիքը, թե խորհրդային մոդելը կարող է  արդյունավետ լինել այսօր՝ սխալ է։    
- Գաղտնիք չէ, որ կրթությունն ու գիտությունը ժամանակակից պետության հիմքն են։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում միջպետական համագործակցությունն այդ ուղղությամբ զարգացնելու համար։
- Դեռևս երկու տարի առաջ հայկական մեր գործընկերների հետ պայմանավորվել ենք, որ Ռուսաստանը և Հայաստանը մի շարք նախագծերի ուղղությամբ կհամագործակցեն։ Մի նախագծի ուղղությամբ մենք արդեն իսկ աշխատում ենք՝ կապված 15-ամյա դպրոցականների տեղեկատվական  գրագիտության գնահատման հետ։ Լուրջ նախագծեր կլինեն կրթության որակի գնահատման ասպարեզում։ Թեստավորման հայկական կենտրոնի թիմը՝ պարոն Բաղդասարյանի գլխավորությամբ, սերտորեն  համագործակցում է ՌԴ կրթության ակադեմիայի հետ։ Նրանք հետաքրքիր նախագծեր ունեն ինչպես ԱՊՀ երկրների համար, այնպես էլ միջազգային մակարդակով։ 
Ինչ վերաբերում է համալսարաններին՝ այստեղ համագործակցությունն ավելի տարածված բնույթ ունի։ Դա առաջին հերթին համատեղ գիտական ծրագրեր են։ Այս բնագավառում հպարտանալու դեռևս քիչ բան կա։ 
- Դուք եղել եք Մատաղիս գյուղի դպրոցում։ Ի՞նչ պատկերացում եք կազմել արցախյան գյուղական դպրոցների մասին։ 
- Սկսեմ փոքր-ինչ հեռվից։ Ինձ հայտնի է, որ 90-ականներին՝ Ղարաբաղի համար ծանր տարիներին, այս երկրի դպրոցներում չի լռել դպրոցական զանգի ձայնը։ Հետպատերազմյան տարիներին շարունակվել են պարապմունքները՝ անգամ նվազ թվով աշակերտներ ունեցող գյուղական դպրոցներում։ Այսինքն, չնայած թվաքանակին՝ մեծ ծախսեր են արվել  կրթօջախները պահելու համար։ Սա խոսում է այստեղ ապրող ժողովրդի համառ կամքի, ամեն գնով հայրենի հողը պահել-պահպանելու ցանկության մասին։ Եթե կա դպրոց՝ ուրեմն կանգուն է տվյալ գյուղը։ Այսօր էլ գտնվելով Մատաղիսի պես փոքր գյուղի դպրոցում՝ ես ցնցված էի այդ կրթօջախի շենքային պայմաններից, դասասենյակների ու նստարանների մաքրությունից... Պատկերացնո՞ւմ եք՝ ոչ մի գրություն, խզբզանք չգտա դրանց վրա։ Մայրենիի կաբինետն ու նրա ձևավորումը, համակարգչային դասարանը, գրադարանը... Այս ամենն ինձ վրա մեծ տպավորություն թողեց։ Ըստ իս՝ Ռուսաստանի գյուղական դպրոցները կնախանձեին... Հատկապես երբ մեր այցը հանկարծակի էր, ու դպրոցում անտեղյակ էին դրան, այսինքն՝ նրանց նախապես ոչ ոք չէր զգուշացրել։ Ես երկար ժամանակ աշխատել եմ ռուսական վերահսկողական ծառայություններում՝ կրթության գծով, և ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ Ռուսաստանի դպրոցներում հանկարծակի այցի դեպքում նման բան չի լինում։ 
- Իսկ ի՞նչ կասեիք Արցախի պետական համալսարանի մասին, որտեղ նույնպես հասցրել եք լինել։
- Ինչպես դպրոցում, այստեղ նույնպես ինձ հիացրեց լսարանների արտաքին տեսքն ու կահավորանքը։ Պարզ երևում է, որ պետությունը ներդրումներ է անում համալսարանի համար. հոյակապ նիստերի դահլիճ, ժամանակակից համակարգչային կաբինետներ՝ ժամանակակից ծրագրային սպասարկումով... Մեծ տպավորություն թողեցին ռուսաց և օտար լեզուների կենտրոնները՝ ճաշակով, նպատակային կահավորվածությամբ։ Կարելի է ասել՝ հումանիտար բլոկը  զարգանում է հաջողությամբ, իսկ ինչ վերաբերում է գիտականին՝ պարզ է, որ  համալսարանը միայնակ չի հասցնի այս ոլորտում, քանզի անչափ թանկարժեք  սարքավորումներ են անհրաժեշտ։ Այս պարագայում հարցերը պետք է լուծվեն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի հետ մեկտեղ։ Մենք էլ  Բորիս Պաստերովիչի հետ միասին կփորձենք աջակցել ԱրՊՀ-ին՝  նմանատիպ խնդիրների լուծման համար։ Ռեկտոր Ստեփան Դադայանի հետ զրույցի ժամանակ մենք պայմանավորվեցինք հատուկ տեղեր հատկացնել մագիստրատուրան ավարտած արցախցի շրջանավարտներին՝ Մոսկվայում՝ ասպիրանտուրայում շարունակելու համար։ Բացի այդ, հեռավար ուսուցում կկազմակերպենք մագիստրանտների համար, համագործակցության եզրեր կգտնենք ՌԴ կրթության ակադեմիայի Ուշինսկու անվան և ԱրՊՀ գրադարանների միջև։ Բնականաբար, ձեռք բերված պայմանավորվածություններն այսքանով չեն ավարտվի. մենք դեռ կշարունակենք շփման եզրեր գտնել և մեր աջակցությունը ցուցաբերել Արցախի մայր բուհում տեղ գտած՝ հրատապ լուծում պահանջող խնդիրներին։    
Ընդհանուր առմամբ՝ անչափ տպավորված եմ Ղարաբաղից։ Ստեփանակերտի փողոցների մաքրությունը, մարդկանց հանգիստ, խաղաղ անցուդարձը ստիպում են մտածել, որ այստեղ բնակվողները սիրում են իրենց երկիրը։ Ինձ համար կարևորը մարդկանց դեմքին ժպիտ տեսնելն է։ Գիտեք, թվում է՝ չճանաչված պետություններում ապրողների դեմքը պետք է մի տեսակ մտահոգված, մռայլ լինի։ Բայց ղարաբաղցիների մոտ նման բան չտեսա։ Նաև ուրախալի է, որ շատ փոքրիկ երեխաներ կան։ 
Մշտական խաղաղություն եմ մաղթում ղարաբաղցիներին ։
 
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ