ԽԱՂԱՂԱՐԱՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԵՆ
ՀՀ պատգամավորները խոստացան Եվրամիությունում պաշտպանել
ԼՂՀ հասարակական կազմակերպությունների իրավունքները
Նոյեմբերի 23-ին Արցախ ժամանեց ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆԻ գլխավորությամբ։
Նույն օրը ԼՂՀ ԱԺ փոքր դահլիճում պատվիրակությունը հանդիպեց Արցախի հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամներին։ Հասարակական սեկտորը ներկայացնում էին ԼՂՀ ԱԳՆ-ին կից Միջազգային համագործակցության կենտրոնի տնօրեն Ժաննա Կրիկորովան, ՙԱրցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ՚ ՀԿ նախագահ Իրինա Գրիգորյանը, ԼՂՀ փախստականների կազմակերպության ղեկավար Սարասար Սարյանը, ՙԻնչ, որտեղ, երբ՚ ՀԿ ղեկավար Սերգեյ Մելքումյանը։
Ներկայացնելով հյուրերին՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նշեց, որ պատվիրակությունը մեր հանրապետություն է այցելել՝ ճշգրտելու և կոնկրետացնելու ղարաբաղյան կողմի դիրքորոշումը մի շարք հարցերի վերաբերյալ, մասնավորապես, ուշադրություն հրավիրեց Եվրամիության կողմից արդեն հռչակված այն գաղափարին, ըստ որի՝ Հարավային Կովկասի՝ միջազգայնորեն ճանաչված երեք երկրները պետք է ընդհանուր եվրոպական տարածքի մաս կազմեն։
Պատվիրակության ղեկավար Ս. Ֆարմանյանն ասաց, որ ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը մշտապես գործող խորհրդարանական ձևաչափ է ՀՀ ԱԺ-ի և Եվրախորհրդարանի միջև, որը տարին մեկ անգամ գումարում է լիագումար նիստեր Երևանում կամ Բրյուսելում ու Ստրասբուրգում և ընդունում եզրափակիչ հայտարարություն Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ընթացքի, օրակարգի, առաջնահերթությունների և ընդհանուր քաղաքական մոտեցումների վերաբերյալ։ Նրա խոսքերով՝ ՀՀ¬ի կողմից խորհրդարանական բոլոր ձևաչափերով ծավալված քննարկումների առանցքում Լեռնային Ղարաբաղի խնդիրն է։ Նախորդ տարիներին ընդունված հայտարարություններից և քննարկումների արձանագրություններից նրանք եզրակացրել են, որ ԼՂ-ի վերաբերյալ եվրոպացի գործընկերները պետք է իմանան ավելին։ Բայց շատ ավելի կարևոր են ուղիղ շփումները։ ՙԽնդիր ունենք Եվրախորհրդարանում տարբեր քաղաքական խմբակցություններ ներկայացնող գործընկերներին առավել հանգամանալիորեն տեղեկացնելու այն իրողություններին, որոնք առկա են ԼՂՀ-ում։ Մենք ունենք շատ մեծ և ազնիվ ձգտում՝ ավանդական դարձնելու մեր հանդիպումները Ղարաբաղի մեր գործընկերների, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի, Մարդու իրավունքների պաշտպանի, հասարակական սեկտորը ներկայացնող կազմակերպությունների հետ, որպեսզի յուրաքանչյուր նիստից առաջ՝ լինի դա Բրյուսելում թե Երևանում, ունենանք առավել թարմ տեղեկություններ ԼՂՀ-ում առկա կարծիքների վերաբերյալ՚,- ընդգծեց պատվիրակության ղեկավարը։
Ս. Ֆարմանյանն առաջարկեց պատրաստել մի փաստաթուղթ՝ Եվրախորհրդարանի գործընկերներին բաժանելու համար, որպես Արցախ կատարած այցի ամփոփում։ Եզրափակելով խոսքը՝ նա կարևորեց քաղաքացիական ինստիտուտների ակտիվ դերակատարությունը ԼՂՀ-ում, մեկ անգամ ևս փաստելով, որ Ղարաբաղը Եվրոպայի մաս է կազմում։
ՀՀ խորհրդարանի ՀԱԿ խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի շեշտադրումներից մեկն այն էր, որ Ղարաբաղի դիրքորոշումներն ու տեսակետները շատ կարևոր են, և Հայաստանում ինչ բանավեճեր էլ որ լինեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման այս կամ այն տարբերակի շուրջ, ի վերջո Հայաստանի համար պետք է ընդունելի լինի այն, ինչն ընդունելի կլինի Ղարաբաղի համար։ Անկյունաքարն այս հարցում Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն է։ Երկրորդ շեշտադրումը. Հայաստանի քաղաքական և հասարակական սեկտորների ներկայացուցիչները խնդիր ունեն բարձրացնել Ղարաբաղի անկախության գիտակցումը միջազգային հանրության շրջանում։
Թե ինչու պիտի Ղարաբաղը լինի անկախ կամ չլինի Ադրբեջանի կազմում՝ արևմտյան հանրության կողմից ընկալելի փաստարկն այն է, որ ժողովրդավարական երկիրը երբեք մուտք չի գործի բռնատիրական պետության կազմ։
ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ այցի ընթացքում գաղափարական մասով թերևս ամեն ինչ ասվեց, դրանից զատ կարևոր են նաև գործնական քայլերը։ Նրա դիտարկմամբ՝ Արցախի հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումն ինքնին երևույթ է, և եթե Եվրոպայի համար ժողովրդավարությունը գերակայություն է, մարդու հիմնարար ազատություններն ու հասարակական կազմակերպություններն էլ՝ քաղաքացիական հասարակության զարգացման ինստիտուտներ, ուրեմն՝ եվրոպացիները հարկադրված են հաշվի նստել հասարակական սեկտորի առկայության հետ։ Հարկ է Եվրոպայում գործածել բոլոր դիվանագիտական հնարքները՝ ԼՂՀ փաստացի իրավիճակի մասին ընկալումներն անաչառ դարձնելու նպատակով։
Կարեն Բոթոյանը հավելեց, որ ինքը նույնպես կարևորում է հասարակական սեկտորի դերը, և այդ իսկ առումով հարկ է ուշադրություն դարձնել ԼՂՀ հասարակական կազմակերպությունների խնդիրներին։
Ներկաներն այնուհետև լսեցին Արցախի ՀԿ-ների խորհրդի անդամների ելույթները։ Իրինա Գրիգորյանը նախևառաջ իրազեկեց, որ Ադրբեջանը մշտապես խոչընդոտում է ղարաբաղյան կողմի հետ միջազգային հասարակական կազմակերպությունների աշխատանքին։ Գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունները, որպես կանոն, նախապես պայմանավորվում են Բաքվի հետ, որից հետո սկսում շփվել ղարաբաղյան ՀԿ-ների հետ։ Ադրբեջանը մշտապես պահանջում է միջհամայնքային ձևաչափ՝ գտնելով, որ երկխոսությունը պետք է տեղի ունենա ոչ թե ղարաբաղյան և ադրբեջանական կողմերի, այլ ՙԼեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների միջև՚, ինչն անընդունելի է ղարաբաղյան հասարակական կազմակերպությունների համար։
Ժաննա Կրիկորովայի խոսքերով՝ ստեղծված իրավիճակին համարժեք էր Ղարաբաղի՝ միջազգային ծրագրերում ներառված հասարակական կազմակերպությունների ընդունած հռչակագիրը, համաձայն որի՝ ղարաբաղյան կողմը երբեք չի համաձայնի մասնակից դառնալ որևէ ծրագրի, եթե հիմքում լինի միջհամայնքային ձևաչափը։ Ժ. Կրիկորովայի առաջարկությունը հետևյալն էր. Եվրամիությունում պետք է բարձրաձայնել, որ բացարձակապես անընդունելի է քաղաքացիական խաղաղարար նախաձեռնությունների քաղաքականացումը։
Սարասար Սարյանն անդրադարձավ փախստականների ներքին ու արտաքին հիմնախնդիրներին։ Միջազգային մակարդակով շփումներում կազմակերպության ղեկավարը մշտապես հիշեցրել է, որ մինչ այսօր հայ փախստականներին փոխհատուցում չի տրվել Ադրբեջանում իրենց թողած բնակարանների և ունեցվածքի դիմաց։ Նա պատգամավորներին առաջարկեց Եվրախորհրդարանում հենց փոխհատուցման խնդիրն արծարծել, և բացի այդ, ուշադրություն հրավիրել հայ փախստականների կարգավիճակի խնդրի վրա։
ՀՀ -Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությունը նոյեմբերի 24-ին հանդիպում ունեցավ նաև ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի հետ։
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ