[ARM]     [RUS]     [ENG]

ՙԽԱՂԱՂ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՐԴ ՍՊԱՆԵԼԸ ՈՉ ԹԵ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է, ԱՅԼ ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ՚

Վերջին ժամանակներս ԶԼՄ-ներում, խորհրդաժողովներում, հայտնի հայ քաղաքագետների, փորձագետների ելույթներում հաճախ է հնչում միտքն այն մասին, որ տեղեկատվական դաշտում երկու հիմնախնդրի՝ ԼՂՀ-ի անկախության ճանաչման և 1915 թվականի Հայոց ցեղասպանության գծով հայկական կողմը տանուլ է տալիս։ Դրա հետ դժվար է չհամաձայնել, հատկապես եթե հարցը դիտարկենք այն հսկայական վնասի լույսի ներքո, որը համաշխարհային հանրության մտքին ու տրամադրությանը հասցնում է Ադրբեջանի քարոզչական մեքենան, որը միջոցներ չի խնայում ոչ միայն իր, այլև հարևան ժողովուրդների պատմության վերաձևման համար։ 
Եվ ամեն անգամ հայկական ԶԼՄ-ները ստիպված են լինում պայքարել փաստերի նենգափոխումների, մոգոնվածքների, իսկ հաճախ էլ բացարձակ ստի դեմ։ Տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների դարում նման ՙպաշտպանական՚ դիրքորոշումը հայկական կողմի համար միայն ամենաբացասական հետևանքներով է հղի, և իրավիճակն արմատապես փոխել է պետք՝ ավելի շատ միջոցներ ներդնելով տեղեկատվական ոլորտում այն հաշվով, որ համաշխարհային հանրակցությունն ավելի լայնորեն տեղեկացված լինի ճշմարիտ փաստերի, ճշմարիտ պատմության, մի խոսքով՝ իրերի ճշմարիտ դրության մասին։
Safarov.jpgՎերն ասվածի լույսի ներքո տեղին է վերստին խոսել այն ցինիկ գործարքի մասին, որը համեմատաբար վերջերս տեղի է ունեցել Հունգարիայի և Ադրբեջանի միջև։
Խոսքը Ռամիլ Սաֆարովի՝ ինչպես համաշխարհային ԶԼՄ-ներն են արդեն նրան մկրտել՝ կացնավոր մարդասպանին հայրենիք արտահանձնելու մասին է։ Նոյեմբերի առաջին տասնօրյակում ՙԳոլոս Արմենիի՚ թերթում (NN18,19) հրապարակվել են դատական նիստի նյութերը, որոնք, ինչպես ասում են, առանց գունազարդումների (որ թագավորը մերկ է՝ մեզ վաղուց է հայտնի), փաստագրական ժամանակագրության ակնբախությամբ ու անվիճելիությամբ վկայում են Ադրբեջանի պետության իսկական դեմքի, իսկական նպատակների, իսկական գաղափարախոսության մասին։ Նույնիսկ ամենահավասարակշռված մարդու համար դժվար է ցասումով չհամակվել՝ ծանոթանալով անպաշտպան, խաղաղ քնած մարդու սպանության՝ արյուն պաղեցնող մանրամասնությունների, դահճի շիտակ խոստովանությունների հետ, ով բացարձակ սառնասրտությամբ, վայրագի դաժանությամբ է կատարել սպանությունը, ըստ որում, ոչ մի չափով էլ զղջումի զգացում չունի։ Ընդհակառակը, ամեն անգամ, իմա՝ ի լուր ամբողջ աշխարհի, նա պաթոլոգիական հպարտությամբ անդադրում կրկնում էր, որ հարմար առիթի դեպքում կրկին ու կրկին կկատարեր այդպիսի ոճրագործություն։ Տեսեք, թե ինչքան շիտակ է դահիճը. ՙԻմ կոչումն է՝ սպանել բոլոր հայերին։ Քանի դեռ նրանք ողջ են՝ մենք տառապելու ենք՚ (359-րդ էջի 5-րդ պարբերություն)։ Ռ.Սաֆարովի նմանները և նրան սատարող պետությունը (ինչպես և հարյուր տարի առաջ օսմանյան Թուրքիայում և հարյուրավոր տարիներ առաջ նրանց հեռավոր նախնիները) հայ սպանելը ոչ թե հանցագործություն, այլ հերոսություն են համարում։ Դրա թարմ հաստատումներից մեկն է հայրենիք վերադարձվելուց հետո կացնավոր մարդասպանին հերոսացնելը։ Ես ինձ մի փոքր շեղում եմ թույլ տալիս, քանզի ակամայից միտքս եկավ այդ նույն ՙԳԱ՚-ում ընթերցածս պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանի ՙԷպիկական հերոսը՚ հոդվածը (11.02.2011), որում վերլուծվում է հայկական ընթերցող միջավայրին անհայտ (կամ քիչ հայտնի)՝ 1962 թվականին հրատարակված ՙԻմ Կորկուտ պապի գիրքը՚։ ՙՄենք գիտե՞նք, արդյոք, վերջին հազար տարում մեզ զոռով հարևան դարձած թուրքերի ու ադրբեջանցիների էպոսը՚,- հարցնում է պրոֆեսորը և ինքն էլ պատասխանում. ՙԻմ Կորկուտ պապի գիրքը՚ օղուզական հերոսական էպոսի գոյությանն, անշուշտ, քչերն են տեղյակ։ ՙԿորկուտի գիրքը՚ սկիզբ է առնում թուրքմենների, թուրքերի, ադրբեջանցիների նախնիներից և հանդիսանում է 9-15-րդ դարերի ընթացքում այդ ժողովուրդների մոտ սերնդից սերունդ փոխանցված ավանդազրույցների գրառումը՚։ Գրքում ամբողջ շարադրվածի լրիվ ընդգրկմանը չհավակնելով՝ Հ. Միրզոյանն ուշադրություն է հրավիրում մի շարք միտումների վրա, որոնք ՙընթերցման ժամանակ անզեն աչքով են նշմարվում՚։ Ցանկացած ժողովրդի էպոսում ընդունված է փառաբանել ՙյուրայինների՚ ֆիզիկական ուժը, գեղեցկությունը, խելքը, վեհանձնությունը, իսկ ՙօտարները՚ շատ հաճախ ներկայացվում են նվաղուն, այլանդակ տեսքով, նենգաբարո, անազնիվ, վերլուծում է պրոֆեսորը՝ ընդհանրացնելով, որ այդ իմաստով բացառություն չի կազմում նաև օղուզական էպոսը, թեև ՙքաջության մասին պատկերացումն այստեղ բացառապես ասոցացվում է թափված ՙանմաքուր՚ արյան գետերի և թռցված գլուխների սարերի հետ, ինչին աճող պատանիներին վարժեցնում են մանուկ հասակից՚։ Ապշեցնում է այն, գրում է պրոֆեսորը, որ, զննելով տեքստի բոլոր 105 էջերը, հնարավոր չէ գտնել նրանցից ոչ մեկը, որտեղ օգտագործված չլինեն ՙսպանել՚, ՙգլխատել՚, ՙարյուն՚, ՙմահ՚ և դրանցից ածանցված բառերը, որոնք իմաստով կապված են դրանց հետ և բացահայտում են քոչվորի՝ ուրիշինը ոչնչացնելու և զավթելու անշիջական մղումը... Նման քաջության օրինակներ են պարունակվում, նկատում է Հ. Միրզոյանը, էպոսի բոլոր 12 գլուխներում. ՙՕրինակ, 3-րդ  գլխում (էջ 33) խոսվում է Բայ-Բուրա-բեկի որդու մասին. ՙԱյն ժամանակները պատանուն անուն չէին տալիս՝ մինչև որ նա գլուխ չկտրեր, արյուն չթափեր...՚։ 4-րդ (էջ 49) և ուրիշ գլուխներում քաջության մի տարողունակ բանաձև կա. ՙ...նա գլուխներ կտրեց, արյուն հեղեց, պարգև ստացավ, փառքի հասավ՚։ 6-րդ գլխում (էջ 64) Կանլը-Կոջան իր Կան-Թուրալի որդուն ասում է. ՙՈրդիս, քաջություն է պետք, քաջություն՚։ Կան-Թուրալին ասում է. ՙՀայր, ես կթամբեմ իմ սևաբաշ կովկասյան նժույգը, կհարձակվեմ արյամբ ջերմացած գյավուրների ժողովրդի վրա, գլուխներ կթռցնեմ, արյուն կհեղեմ, գյավուրներին կստիպեմ արյուն փսխել, ստրուկներ ու ստրկուհիներ կբերեմ, քաջություն կցուցաբերեմ՚։ ՙԻմ Կորկուտ պապի գիրքը՚ հայերեն չի թարգմանված, ինչը լուրջ բացթողում է հանդիսանում,- համոզված է պրոֆեսորը,- ինձ կարող են առարկել, ասել, թե նրանից ի՞նչ նոր բան կքաղեն 1896-1921թթ. ցեղասպանությունն ապրած հայերը, երբ տառացիորեն հայկական արյան գետեր էին թափվում...Նոր, իհարկե, ոչինչ, բայց, յուրաքանչյուր էջում խրվելով գյավուրների արյան լճերի մեջ՝ հայ ընթեցողը կհասկանա ակունքներն այն ամենի, ինչ տեղի է ունենում, կյուրացնի օղուզական արժեքների հազարամյա սանդղակը, կճանաչի նրանց էպիկական հերոսներին և կհամոզվի (արդեն 20-րդ և 21-րդ դարերի իրադարձություններով), որ ժամանակը ոչինչ չի փոխել։ Բառափոխելով հայտնի ասույթը՝ գալիս ես հետևյալ եզրահանգման. ՙԻնձ ասա՝ ով է քո հերոսը, և ես կասեմ՝ ով ես դու՚... Այդ բոլոր ՙէպիկական հերոսներն՚ էին անպաշտպան հայ ՙգյավուրներին՚ խոխղողում Սումգայիթում, Մարաղայում, Բաքվում, փշրում Ջուղայի խաչքարերը, որպեսզի ՙմզկիթներ կառուցեն՚։ Իսկ ներկայումս Ադրբեջանում ամենացայտուն ՙէպիկական քաջի՚ համբավն է վայելում Կորկուտի գրչին արժանի վայրագը, ով Բուդապեշտում կացնահարել է քնած հայ սպային և հերոսացվել նախնիների էպոսի կանոններին լիովին համապատասխան՚։
Բայց համաշխարհային հանրությունն ի դեմս Հունգարիայի Հանրապետության առաջին ատյանի դատարանի նախագահ, դատավոր Անդրաշ Վաշկուտիի՝ իր դատավճիռը կայացրեց՝ խիստ և արդար։ Բերենք հատվածներ դատավճռի կայացման ժամանակ դատավորի ճառից։
ՙՄեղադրյալը սպանությունը կատարել է ստոր և անազնիվ մղումներից և բացառապես տուժածների հայկական ծագման պատճառով։ Նա նախկինում ծանոթ չի եղել տուժածների հետ, նրա ցուցմունքներում թվարկված վիրավորանքներն աննշան են եղել, և հայերի վարքի պատճառով չէ նա բողոքով  դիմել դասընթացների ղեկավարներից մեկին, այլ ընդհանուր խոսակցության վերաբերյալ, որը տեղի է ունեցել ունկնդիրների միջև և վերաբերել մահմեդականներին, ահաբեկչությանը և իսլամին։ Այսպիսով, այդ հիման վրա վերաբերմունքը մահմեդականների նկատմամբ նրա կողմից նույնիսկ չի դիտարկվել, ընդհակառակը, սպանությունը կատարվել է բացառապես էթնիկական ծագման պատճառով, ինչն էլ որոշում է կատարված հանցագործության ստոր և անազնիվ շարժառիթները։ Կատարված է բացառիկ գազանային սպանություն, որն իրականացվել է առանձնահատուկ դաժանությամբ։ Զոհին գլխատելը մատնացույց է անում մեղադրյալի անմարդկայնության բարձր աստիճանը, որն ավելի է խորացվել սպանված զոհի վրա նետված ծխուկով։ Նման վարքը մատնացույց է անում այն, որ մեղադրյալը, մարդկային կերպարանքը կորցնելով, անգթորեն, անողոքաբար, առանց որևիցե խղճմտանքի է սպանել մարդուն՝ այդ ամենով հանդերձ փողոցային հայհոյանք տալով զոհի հասցեին՚։
ՙՄեղադրյալի խոստովանությունու՜մ լիովին բացակայում էր խղճմտանքն ու զղջումը։ Ոչ մի բառ չասվեց այն մասին, որ ինքը զղջում է գազանորեն սպանված հայ զինվորի և նրա մերձավորների մասին։ Նրա մոտ չկար խղճի ոչ մի խայթ կամ իր արարքի համար զղջում, կամ էլ խոստում այն մասին, որ ապագայում նման արարքներ չի գործի, հենց իսկ ընդհակառակը, նա ընդգծեց, որ եթե չստացվեր այստեղ, ապա այդ հանցագործությունը կկատարեր մեկ ուրիշ տեղ, ուրիշ ժամանակ։ Նրա անձնավորության մեջ թաքնված այդ առանձնահատկությունն իրենից ներկայացնում է բարձր աստիճանի վտանգ հասարակության համար՚։
Երկու հանցագործություններն էլ՝ նախապես պլանավորված և ի կատար ածվածը, և երկրորդը՝ նախապատրաստության փուլում կասեցվածը, մեղադրյալը կատարել է հանցագործության ծանրության ամենաբարձր աստիճանով։ Ի մի գումարելով ամբողջ վերը ասվածները, պատժելու նպատակին հասնելու համար, դատարանի տեսակետով հիմնավորված է, համաձայն ՔՕ (Հունգարական Հանրապետության.- Ս. Բ. ), նշանակել անժամկետ պատիժ (ցմահ բանտարկություն)։ Ուստի, ՔՕ – 40-ի (1) և (3) պարբերությունների համաձայն՝ դատարանը մեղադրյալին դատապարտում է ցմահ ազատազրկման՝ ՔՕ –42¬ի (1) պարբերության հիման վրա՝ խիստ ռեժիմով գաղութում։
Որակված սպանության համար պատիժը, -- 33-ի C կետի, (2) պարբերության համաձայն՝ վաղեմության ժամկետ չունի։ Ուշադրության առնելով այն, որ դատարանը որպես պատժի մեղմացման պայման չի բացառել պայմանականորեն ազատման հնարավորությունը, այդպիսի որոշման հնարավորությունը որոշված է բանտարկության մեջ գտնվելու 30 տարուց ոչ վաղ ժամկետով՚։ 
Հանցագործի արտահանձնման հարցն Ադրբեջանը լոբբել է արդեն այն ժամանակ, բայց դատավորն անդրդվելի է գտնվել. ՙՉնայած այն բանին, որ, հանցագործության ծանրությունը հաշվի առնելով, մեղադրյալի գտնվելը երկրում անցանկալի է, դատարանը չի պաշտպանում դատախազի առաջարկությունը մեղադրյալին արտահանձնելու մասին... Տվյալ պահին գործող օրենքը, սպանության դեպքում, հնարավորություն չի տալիս մեղադրյալին Հունգարիայից արտահանձնման համար։
Վերը ասվածի համաձայն, ՔՕ – 61-ի (1) և (4) պարբերությունների հիման վրա դատարանը որոշում է կայացնում՝ որպես կողմնակի պատիժ (հիմնական պատիժը կրելուց հետո) Հունգարիա այցելելուն արգելք դատարանի կողմից որոշված ժամկետով՚։
Բայց ամենից շատ դատավոր Անդրաշ Վաշկուտիի անաչառության առաջ գլուխ ես խոնարհում այն ժամանակ, երբ նա վերջում բարոյական գնահատական է տալիս կատարված հանցագործությանը. ՙԴատարանը, ընտրելով Հունգարիայի Քրեական օրենսգրքով նախատեսված ամենածանր պատիժը, ուշադրության է առել հետևյալը։ Խաղաղ ժամանակ մարդ սպանելը ոչ թե հերոսություն է, այլ քրեական հանցագործություն։ Քնած մարդուն սպանելը՝ բացառիկ կերպով ստոր, դատապարտության արժանի հանցագործություն է, ըստ որում, մարդու ծագումը ոչ մի նշանակություն չունի՝ լինի նա հայ, թե ցանկացած ուրիշ ազգության ներկայացուցիչ... Մարդկային կյանքը համընդհանուր արժեք է, որը 21-րդ դարում ցանկացած մշակույթ հավասարապես պարտավոր է պաշտպանել, իսկ նրա դեմ ոտնձգություն անողներն արժանի են խստիվ դատապարտման։
 
ԲՈՒԴԱՊԵՇՏ, 2006, ԱՊՐԻԼԻ  13...
Բայց ինչո՞ւ և՜ համաշխարհային, և՜ հայ հասարակայնությունը արյուն պաղեցնող սադիստական խոստովանություններ պարունակող այդ փաստաթղթերի մասին իմանում են ոչ թե դատաքննությունն ավարտվելուց հետո, այլ 8 տարի անց, երբ կատարվել է ևս մեկ հրապարակային հանցագործություն՝ մարդասպանի արտահանձնումը հայրենիք և այդ տականքի հերոսացումը։ Չէ՞ որ, հնարավոր է, տեղեկացված հանրությունը թույլ չէր տա ամոթալի գործարքի կատարումը Հունգարիայի և Ադրբեջանի ներկայիս  իշխանությունների միջև։ Ավելին, համաշխարհային հանրության տեղյակությունը այդ  գազանության, ինչպես նաև հայատյացությամբ համակված Թուրքիայի (օսմանյան և ներկայիս) և Ադրբեջանի կողմից մի ամբողջ ժողովրդի դեմ նախկինում կատարված շատ այլ գազանությունների ու հանցագործությունների մասին (1920թ. հայերի կոտորածը Շուշիում, 1988 թ. հայերի ջարդն ու զանգվածային սպանությունները Սումգայիթում, 1990-91 թթ.՝ Բաքվում, արցախցիների դեմ սանձազերծված պատերազմը)  իր դերը կկատարեր ֆաշիստական ռեժիմից և ՙօղուզական քաջությունները՚ կրողներից ձերբազատվելու, ինքնուրույն կերպով, ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնվելով՝ իր կյանքն ու իր պետությունը կառուցելու՝ Արցախի ժողովրդի իրավունքը համաշխարհային հանրակցության կողմից ճանաչման գործընթացում։ Այսօր, երբ աշխարհի տարբեր կետերում երևան են գալիս նոր պետություններ՝ ստանալով համաշխարհային հանրակցության ճանաչումը, անկախություն ձեռք բերելու օրից ավելի քան 20 տարի հաջողությամբ զարգացող Արցախի Հանրապետությունը կարող էր կանգնել նրանց հետ մի շարքում՝ դառնալով ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի անբաժանելի մասը։
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ