[ARM]     [RUS]     [ENG]

ՙՍՏԵՂԾԵՆՔ ԱՌԱՎԵԼ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԵՎ ԱՊԱՀՈՎ ԵՐԿԻՐ՝ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐՈՎ՚

altՀՀ արտաքին քաղաքական օրակարգում չկա Եվրամիությանը 
կամ Եվրասիական միությանն անդամակցելու խնդիր  
Օրերս Ստեփանակերտում էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի համանախագահ Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆԻ գլխավորությամբ։ 
Ներկայացնում ենք ՙԱզատ Արցախ՚-ին տված  նրա հարցազրույցը։ 
- Պարոն Ֆարմանյան, ինչպես գիտենք, ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը եվրաինտեգրումն է։ Ակնհայտ են ՙԱրևելյան գործընկերության՚ շրջանակներում ԵՄ-ի հետ Հայաստանի ակտիվ շփումները, և, բացի այդ, խորհրդարանական երեք կուսակցություններ դարձել են Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ։ Այս գործընթացն ամբողջությամբ ի՞նչ է խոստանում հայ ժողովրդին։ 
- Հայաստանն, իսկապես, Եվրամիության ամենաակտիվ գործընկերներից է, ՙԱրևելյան գործընկերությանն՚ անդամակցող վեց պետություններից մեկը։ Իր ունեցած հաջողություններով ՀՀ-ն այսօրվա դրությամբ առաջին եռյակի մեջ է։ Վեց երկրների մեջ առանձնանում են Մոլդովան, Վրաստանը և Հայաստանը։ Եթե փորձենք գնահատել եվրաինտեգրման ուղղությամբ մեր երկրի ձեռքբերումները, ապա պետք է արձանագրենք, որ ոչ այնքան երկար ժամանակահատվածում մեզ հաջողվել է բավական նկատելի ճանապարհ անցնել։ Այս համատեքստում կարևորվում են Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները, որոնք վկայում են,  նախևառաջ, մեր հանրային կյանքում եվրոպական արժեքների ամրապնդման, ինչպես նաև այդ գործընթացի անշրջելիության մասին։ Կուզենայի ընդգծել վերջին տարիների, հատկապես 2012 թվականի մեր ձեռքբերումները եվրաինտեգրման ճանապարհին։ Առանձնահատուկ նշանակություն պետք է տալ Երևան-Բրյուսել քաղաքական երկխոսությանը և բարձր մակարդակով այցելություններին։ Տարբեր մակարդակներով փոխայցելություններն ու շփումները, որ անվանում ենք միջգերատեսչական, այսինքն՝ ՀՀ և Եվրամիության մասնագիտացված տարբեր ստորաբաժանումների և պետական կառույցների միջև, գնալով ավելի են ակտիվանում։ ՀՀ-ում արդեն երեք տարի է, գործում է ԵՄ բարձր մակարդակի խորհրդատուների խումբը, որը պետական կառավարման տարբեր գերատեսչություններին օգնում է ավելի առաջ ընթանալ եվրաինտեգրմանը վերաբերող հարցերում։ Դա եղել է պաշտոնական Երևանի նախաձեռնությունը։ Այժմ Հայաստանին ընդօրինակում է Մոլդովան։    
Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգում քննարկվող ամենակարևոր փաստաթուղթը Ասոցացման համաձայնագիրն է։ ԵՄ պաշտոնյաների և մասնագետների գնահատականներով՝ Հայաստանը բարեհաջող ընթացք ունի Ասոցացման համաձայնագրի դրույթների շուրջ բանակցելու առումով։ 1999 թվականին ԵՄ-ի հետ ստորագրվել է մայր փաստաթուղթը՝ Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որը հանդիսացել է իրավական-նորմատիվ հիմք երկուստեք հարաբերություններ կառուցելու համար։ ՀՀ-ն տրամադրված է առաջիկայում արագ տեմպերով առաջ ընթանալ Քաղաքական ասոցացման համաձայնագրի մշակման բանակցություններն ավարտին հասցնելու և ստորագրելու հարցում։ Այս համաձայնագիրը քաղաքական ասոցացման տեսանկյունից նոր հիմք կդառնա առավել ինտենսիվ համագործակցության համար։ Ես այն համոզմունքին եմ, որ Հայաստանը հանրային կյանքի կազմակերպման, պետական ինստիտուտների կայացվածության առումով բարեփոխումների արդյունքում կկարողանա իր ուրույն տեղը զբաղեցնել եվրոպական երկրների շարքում։ 
- Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում ԼՂՀ համագործակցությունն այդ կառույցի հետ ։ 
- Ցավոք, մենք այսօր ելնում ենք այն իրողություններից, որ ԼՂՀ-ն դեռևս միջազգային իրավունքի չճանաչված սուբյեկտ է, և մեր գործողությունները բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ Եվրամիության, կառուցում ենք այն կարևոր հանգամանքների հաշվառմամբ, որ բոլոր նախաձեռնություններն ուղղված լինեն մի կողմից ԼՂՀ անվտանգության ապահովմանը, մյուս կողմից՝ այնպիսի բարենպաստ միջավայրի ձևավորմանը, որը կարող է շատ արդյունավետ լինել ԼՂ-ի համար՝ հանրային իր կյանքը կազմակեպելու առումով։ Գիտենք, որ Ղարաբաղը մեծ առաջընթաց ունեցավ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցումից հետո, երբ միակողմանիորեն, որպես չճանաչված պետական կազմավորում, տեղայնացրեց և կյանքի կոչեց ԵԽ անդամ-երկրներում գործող շատ ու շատ փաստաթղթեր ու ռազմավարություններ։ Սա կարևոր է այն իմաստով, որ այլևս ոչ ոք չի կարող վիճարկել Ղարաբաղի՝ Եվրոպայի անքակտելի մաս լինելու փաստը։ Բոլոր այն քաղաքական գործիչները, իսկ ես վստահ եմ, որ նրանց թիվը փոքր չէ, հասկանում են, որ վաղ թե ուշ բանակցային գործընթացը կհանգեցնի ԼՂՀ միջազգային ճանաչմանը։ 
Ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման տեսանկյունից բավականին ուրախացնող է Արցախի առաջընթացը։ ԼՂՀ իշխանությունների, ադ թվում և ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ հարցը քննարկել ենք և պիտի ասենք, որ պաշտոնական Ստեփանակերտում առկա է  տրամադրվածություն՝ համապատասխանեցնելու  սեփական օրենսդրությունը եվրոպական չափանիշներին, ինչպես նաև հետևելու այն ուղղությանը, որով այսօր ընթանում է Հայաստանը։ Խոսքը վերաբերում է ԵՄ-ի հետ առավել սերտ համագործակցությանը, ինչը վերջին հաշվով հետապնդում է մեկ նպատակ՝. ստեղծել առավել բարեկեցիկ և ապահով երկիր՝ ժողովրդավարական կայուն ինստիտուտներով։ Այս հայեցակետով պետք է դիտարկենք ԼՂՀ-ում անցկացված վերջին նախագահական ընտրությունները՝ այլընտրանքային քարոզարշավով, որը միջազգային հանրության կողմից դրական արձագանքների արժանացավ։ Մեր ուժը հենց դրանում է. ամենախոշոր կռվանն այն է, որ ժողովրդավարական Արցախը չի կարող արևելյան բռնապետության մաս կազմել։ 
- ԵՄ բանաձևերից մեկը վերաբերում է Հարավային Կովկասի չճանաչված երկրների միջև ուղղակի շփումների հաստատմանը։ Այդ կառույցի կողմից եղել է նաև հայտարարություն այն մասին,  որ նախատեսվում է Հարավային Կովկասում Եվրամիության   հատուկ ներկայացուցչի այցը Ղարաբաղ։ Բայց այսօրվա իրողությունները ցույց են տալիս, որ ասվածն ավելի շատ հռչակագրային բնույթ ուներ, քանի որ մինչ այսօր այդ գաղափարներն իրենց գործնական դրսևորումը չեն ունեցել։ 
- Դա շատ տարողունակ խնդիր է։ Նախ ես ցանկանում եմ սկսել նրանից, որ անգամ եթե այսօր հորիզոնական հարաբերություններ չկան աշխարհի տարբեր պետությունների հետ, ապա դա երբեք չպիտի առիթ տա կասկածելու այն ճանապարհի ճշմարտացիության մեջ, որով մենք գնում ենք առաջ։ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների ամենակարևոր բաղադրիչներից մեկը վերաբերում է մուտքի արտոնագրերի դյուրացմանը և քաղաքացիների միջև շփումների առավել ազատականացմանը։ Այս համատեքստում կան Ղարաբաղին վերաբերող շատ խնդիրներ, որոնց շուրջ պատրաստվում ենք ակտիվ աշխատանք ծավալել բրյուսելյան նիստի ընթացքում։ Կարելի է շատ օրինակներ նշել, թեկուզև՝ կրթության հասանելիությունը. ոչ ոք չի կարող վիճարկել, որ Ղարաբաղը միակողմանիորեն կյանքի կոչելով Բոլոնյան գործընթացով նախատեսված բարեփոխումները՝ տրամաբանորեն պետք է իր քաղաքացիների համար ապահովի կրթության հասանելիություն, այսինքն՝ Արցախի պետհամալսարանում կրթություն ստացած ուսանողն իրավունք պիտի ունենա իր կրթությունը շարունակել եվրոպական առաջատար համալսարաններում։ 
Մենք պատրաստվում ենք Բրյուսելում բարձրաձայնել քաղաքացիական հասարակության շփումները և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները չքաղաքականացնելու մասին։ 
Չճանաչված պետական կազմավորումների հետ շփումների առնչությամբ ասեմ, որ ԵՄ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Ուղիղ շփումների բացակայությունը, որը պայմանավորված է հակամարտության չլուծվածությամբ, միջազգային սուբյեկտայնության բացակայությամբ, մտահոգիչ խնդիր է, ինչի ուղղությամբ մենք երբեք չպիտի դադարենք աշխատել։ Այդ ուղղությամբ և՜ Արցախի իշխանություններն են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով քայլեր ձեռնարկում, և՜ ՀՀ դիվանագիտական կորպուսն ու խորհրդարանն են առկա բոլոր հնարավորություններն օգտագործում՝ հիմնավորելու բոլոր այն իրավունքները, որոնք շատ պարզ են, հասկանալի և միջազգային իրավունքով երաշխավորված։ 
Այսօր քննարկման թեմա է դարձել Ստեփանակերտի օդանավակայանի խնդիրը։ Մենք պարտավոր ենք եվրոպացի մեր գործընկերների հետ բացատրական աշխատանք տանել։ Ինչ-որ փուլում, վստահ եմ, նրանք բարձրաձայն կարտահայտեն իրենց համաձայնությունը, կամ գուցե կա այդ համաձայնությունը, պարզապես չեն բարձրաձայնում։ Այս պարագայում գործ ունենք քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքի հետ։ Բայց միայն դա չէ. կա նաև մարդու առողջության պահպանման իրավունքը։ Օրինակ՝ ԼՂՀ քաղաքացուն շտապ վիրահատել է պետք, նրան օդանավով այստեղից տեղափոխելու անհրաժեշտություն կարող է ծագել։ Այս դեպքում արդեն խոսքը գնում է մարդու կյանքի իրավունքի մասին։ 
- Կուզենայի Ձեր ուշադրությունը հրավիրել եվրաինտեգրման տնտեսական ուղղության վրա. ՀՀ-ն մուտք է գործելու եվրոպական  ազատ առևտրի գոտի։ Գիտենք, որ նման համաձայնագիր կնքվել է նաև ԱՊՀ շրջանակներում։ Ինչպե՞ս է զարգանալու Հայաստանի տնտեսությունը, եթե նկատի ունենանք, որ առայսօր լուծված չէ տրանսպորտային  և հաղորդակցման  ենթակառուցվածքների խնդիրը։ 
- Հարցադրումը բաժանենք երկու մասի. ինչ վերաբերում է  տրանսպորտային և հաղորդակցման ենթակառուցվածքներին, սա առանձին խնդիր է՝ կապված Աբխազական երկաթուղու և Հայաստանը Թուրքիային կապող՝ Կարս-Գյումրի երկաթուղու վերաշահագործման հետ։ Մյուս կողմից՝ կարևորվում են այն բոլոր ուղղությունները, որոնք ներառված են այսօր  ՙԽորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի՚ նախագծում։ Այդ համաձայնագրից Հայաստանի սպասելիքները մեծ են։ Հուսով ենք, որ մենք առաջընթաց կունենանք մեր առևտրատնտեսական հարաբերություններում. կմեծանան մեր առևտրային ծավալները Եվրամիության հետ, և դրանից զատ՝ տնտեսական չափորոշիչների համապատասխանեցումը կնպաստի տեղական արտադրության որակի բարձրացմանը, ինչն էլ իր հերթին բավարար կլինի եվրոպական շուկա մուտք գործելու համար։ Սա հեռանկարային գործընթաց է։ Մենք արդեն ստորագրել ենք նման համաձայնագիր ԱՊՀ շրջանակներում ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ, ինչը նույնպես ուղղված է տնտեսական կյանքի աշխուժացմանը։
 - Վերջերս ԱՊՀ երկրների առաջատար կուսակցությունների մասնակցությամբ Երևանում տեղի ունեցան Եվրասիական միջկուսակցական խորհրդատվություններ,   մասնակցեց նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Ինչպե՞ս եք վերաբերվում Եվրասիական միության գաղափարին։ 
- Նախ ասեմ, որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում չկա ո՜չ Եվրոպական միությանը և ո՜չ էլ Եվրասիական միությանն անդամակցելու խնդիր։ Դա ունի իր հասկանալի պատճառները։ Մենք իրականում ակտիվորեն առաջ ենք ընթանում ԵՄ-ի հետ հարաբերություններում և ներկա դրությամբ բանակցում ենք  Ասոցացման համաձայնագրի շուրջ։ Այդ փաստաթղթի 28-29 գլուխներ արդեն համաձայնեցված են։ Սա տևական գործընթաց է և պարտադիր պետք է շարունակություն ունենա։ Միաժամանակ ինտեգրման գործընթացներում Հայաստանի ներգրավվածության հարցում ես հակված չեմ չտեսնել որևէ հակադրություն և հեռու եմ այն մտքից, որ ԱՊՀ շրջանակներում ինտեգրման գործընթացներին ՀՀ մասնակցությունը պետք է հակադրվի ԵՄ-ի հետ մեր հարաբերություններին։ Շատ քաղաքագետներ և փորձագետներ իրողությունները մեկնաբանում են այնպես, ինչպես ցանկանում են, իհարկե, ունենալով այդ իրավունքը։ Բայց իրականությունն այն է, որ այդ գործընթացները իրար չեն խանգարում։ Վերցնենք թեկուզ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագրերը, որոնք մենք վավերացրինք որպես պետություն ԱՊՀ տարածաշրջանում և այսօր արդեն ԵՄ-ի հետ։ Դա մեզ տալիս է ընդամենը շատ ավելի մեծ հնարավորություն։ 
Կարող եմ հավաստել, որ ՀՀ հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության՝ որպես ռազմավարական դաշնակցի և շատ կարևոր գործընկերոջ, գտնվում են շատ բարձր մակարդակի վրա և ունեն ամուր հիմքեր։ Մենք ՀԱՊԿ անդամներ ենք, և մեզ կապող շատ հանգամանքներ կան։ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացումը երբեք չի եղել և չի լինելու Ռուսաստանի հետ մեր ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հաշվին։ Սա շատ ակնհայտ և պարզ իրողություն է։ Մյուս կողմից՝ հարկ եմ համարում ընդգծել, որ պաշտոնական Բրյուսելը երբևէ չի արտահայտվել այն մասին, որ ՙԱրևելյան գործընկերության՚ անդամ երկրներից որևէ մեկը, այդ թվում՝ ՀՀ-ն, կարող է հավակնել Եվրամիությանն անդամակցելուն։ Եվրամիությունը երբևէ չի հայտարարել նման քաղաքականության մասին։ 
Եվրոպական միության և Եվրասիական միության վերաբերյալ իմ մեկնաբանություններին կուզենայի ավելացնել հետևյալը. որպես քաղաքական գործիչ և պատմաբան՝ ես հիմա գիտեմ, թե ԵՄ-ն ինչ է, բայց չգիտեմ, թե ինչպիսին կլինի այն 10-15 կամ 20 տարի անց։ Ես հիմա չգիտեմ՝ ինչ է Եվրասիական միությունը, առավել ևս չգիտեմ՝ ինչպիսին կլինի այդ հնարավոր միությունը 10-15 կամ 20 տարի անց, հետևաբար, ՀՀ-ն, իմ կարծիքով, վարում է ճիշտ, բավականին հավասարակշռված, ինչպես նաև իրատեսական արտաքին քաղաքականություն։ 
- Ի՞նչ տվեց Ձեզ Արցախ կատարած այցը։ 
- Այցի հիմքում երկու կարևոր խնդիրներ են։ Նախ ասեմ, որ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը ՀՀ ԱԺ-ի և Եվրախորհրդարանի պատվիրակություններից բաղկացած համատեղ հանձնաժողով է։ Մենք ներկայացնում ենք այդ հանձնաժողովի հայկական պատվիրակությունը։ Ելնելով նրանից, որ քննարկվող խնդիրներից մեկը վերաբերելու է ղարաբաղյան հակամարտությանը, մենք Երևանում կայացրինք մի սկզբունքային որոշում, համաձայն որի՝ նման քննարկումներից առաջ պետք է այցելենք ԼՂՀ և հանդիպումներ ունենանք և՜ իշխանությունների, և՜ քաղաքական տարբեր ուժերի, և՜ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ 
Այցն իսկապես օգտակար էր։ Արցախում կայացած հանդիպումներն ու քննարկումները մեզ զինեցին նոր գաղափարներով, որոնք կփորձենք անպայման կյանքի կոչել Բրյուսելում։ Եվ ամենակարևորը. թեև մեր խորհրդարանական հանձնաժողովը բազմակուսակցական է, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերում կարող եմ հավաստել, որ ունենք միասնական մոտեցում և   հիմնարար ընկալում մեր դիրքորոշումների միասնականության անհրաժեշտության  մասին։ Պատրաստվում ենք ազատ բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնք առաջնային են։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին Ստեփանակերտի օդանավակայանին։ Բացի այդ, մեր գործընկերներին փոխանցելու ենք, որ թեև Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին, այդուհանդերձ, որպես խորհրդարանականներ, մեր ջանքերը պետք է ուղղորդենք ամենակարևոր խնդրի լուծմանը, այն է՝ ԼՂՀ-ն պետք է լիիրավ կողմ դառնա բանակցային գործընթացի բոլոր փուլերում։ Մեզ համար ոչ պակաս կարևորություն է ներկայացնում նաև ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում միջադեպերի մասին եվրոպացի գործընկերներին տեղեկացնելը։ Նրանց պետք է իրազեկել բոլոր իրադարձությունների մասին։ Մեր գործընկերները պետք է տեղեկացված լինեն, թե ինչով է պայմանավորված բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությունը։ Նաև ասելու ենք, որ Լեռնային Ղարաբաղը սոսկ տարածք չէ. այնտեղ ապրում են մարդիկ, ուրեմն, նախևառաջ պետք է խոսել այդ մարդկանց իրավունքների մասին։ 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ