[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ` ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐՈՒՄ

ԼՂՀ Սահմանադրության ընդունմանն էր նվիրված օրերս ՀՅԴ երիտասարդական թևի նախաձեռնած կլոր սեղանը, որին մասնակցում էին հանրապետությունում գործող գրեթե բոլոր երիտասարդական կազմակերպությունների, Հայ Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչներ: Կլոր սեղանին հրավիրվել էին  ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: 
Հանդես գալով մեկնարկի խոսքով` ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ՙԴաշնակցություն՚ խմբակցության անդամ Վահրամ Բալայանը շեշտեց, որ Արցախի պետականակերտման ճանապարհին սահմանադրության ընդունումն ամենակարևոր քայլերից մեկն էր, նոր շրջափուլի սկիզբ, ինչի համար նախապայմաններ էին ստեղծվել դեռևս 1991-ին: Երկրի գլխավոր օրենքի ընդունման տարեդարձին նման ձևաչափով քննարկումներ կազմակերպելն, ըստ Վ. Բալայանի, հնարավոր է դարձնում ծանոթանալ երկրի ակտիվ երիտասարդության դիրքորոշմանը, նրանց կարծիքներն ու ցանկությունները լսելի դարձնել հանրությանը: ՙՄենք քաջ գիտակցում ենք, որ երիտասարդության թարմ միտքը միշտ հնարավորություն է տալիս նայել առաջ, քայլել մեր ընտրած ճանապարհով: Մեր երիտասարդությունն այսօր հեշտ ճանապարհներ որոնելու իրավունք չունի. նրանք իրենց ամեն մի րոպեն ու ժամը նպատակասլաց պետք է օգտագործեն` ի նպաստ մեր երկրի կայացման՚,- ասաց նա:
 Կլոր սեղանի հենց սկզբից ծայր առան թեժ բանավեճեր: Այն, որ Մայր օրենքի ընդունումը հասունացած անհրաժեշտություն էր, որևէ մեկը կասկածի տակ չառավ, սակայն որքանո՞վ են Սահմանադրության դրույթներն օգտագործվում մեր կյանքում՝ դա էր շատերին մտահոգող հարցը: Ավարտվա՞ծ է, արդյոք, գործող օրենսդրության համապատասխանեցումը Սահմանադրությանը, և ի՞նչ փոփոխություններ են սպասվում առաջիկայում: Պատասխանելով այս հարցին` Վ. Բալայանը նշեց, որ այս վեց տարիների ընթացքում ԼՂՀ խորհրդարանի կողմից հսկայական աշխատանք է տարվել՝ կյանքին ու ժամանակին համահունչ փոփոխություններ կատարել  օրենսդրության մեջ՝ դուրս չգալով Սահմանադրության շրջանակներից: 
Երիտասարդների խնդրանքով հարցին անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը՝ մանրամասնելով, որ օրենսդրական դաշտում հիմնական աշխատանքը կատարվել է Սահմանադրության ընդունմանը հաջորդած երկու տարվա ընթացքում, ինչը նույնպես նախատեսվում է Մայր օրենքի համապատասխան դրույթով: Գործընթացը կարելի է համարել ավարտված, սակայն շատ հաճախ հենց նման քննարկումների ժամանակ են ի հայտ գալիս այս կամ այն ոլորտում կուտակված հարցականները, որոնք հետագայում շտկելու անհրաժեշտություն է առաջանում գործող օրենսդրության կատարելագործման շրջանակներում: ՙՀելսինկյան նախաձեռնություն¬92՚ ՀԿ երիտասարդ անդամը հիշեցրեց, որ ԼՂՀ Սահմանադրությունը միջազգային տարբեր փորձագետների կողմից բարձր գնահատականի է արժանացել՝ համարվելով  կատարյալ Մայր օրենք։ Վերջինիս կարծիքով, սակայն, լուրջ խնդիրներ կան՝ կապված այն հանգամանքի հետ,  թե ինչպես է արժևորվում Սահմանադրությունը հանրապետության ներսում, որքանով է մեր քաղաքացին զգում իրեն որպես իրավական, ժողովրդավարական, սոցիալական  երկրի քաղաքացի: Շատերն այսօր իրենց զգում են դասական ավտորիտար պետության մեջ՝ կարծիք հայտնեց բանախոսը: Միամտություն է կարծել, թե 2006-ին Սահմանադրություն ընդունելով` մենք պիտի դառնայինք աշխարհի ամենաժողովրդավար երկիրը: Ժողովրդավարությունը նպատակ է, որին մենք ձգտում ենք, և այդ ճանապարհին դժվարություններն անխուսափելի են՝ այսպիսի դիմադրության հանդիպեց հնչեցված կարծիքը: ՙԱյնքան եք անընդհատ չհիմնավորված խոսելու այդ մասին, որ երբեք չեք կարողանալու դուրս գալ այդ կաղապարից, և ինչքան էլ մեր երկիրը հաջողություններ գրանցի ժողովրդավարության ճանապարհին, դուք մնալու եք ձեր ասած պետության  գնահատման մտածողության մեջ՚,- ասաց ԱԺ նախագահը: Ըստ խորհրդարանի ղեկավարի, կան իրողություններ, որոնց հետ անհնար է հաշվի չնստել:
 Խոսելով մեր երկրի միջազգային ճանաչման գործընթացի մասին՝ Ա. Ղուլյանը շեշտեց, որ ներկաներից յուրաքանչյուրն էլ անելիք ունի այդ գործընթացում: Պատերազմի տարիներին, շատ ավելի դժվար պայմաններում Արցախը պարտավորություններ է վերցրել, և դրանք կատարել է ամբողջովին,  միացել է միջազգային մի շարք կարևոր փաստաթղթերի,  այդ թվում` Ժնևի կոնվենցիային և նրա լրացուցիչ արձանագրություններին: Այսօր մենք առավել պատրաստ ենք այդպիսի միջազգային պարտավորություններ ստանձնել: Մենք պետք է ստեղծենք քաղաքական այնպիսի իրավիճակ, որպեսզի Արցախի կողմից կատարվող քայլերը պահանջված լինեն միջազգային հանրության համար՝ այսպիսին էր ԱԺ նախագահի տեսակետը: 
Սահմանադրությունը հիմք է, որն արդյունավետ կառավարման համակարգ ստեղծելու հնարավորություն է տալիս՝ տեսակետ հայտնեց պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը. եթե այդ մեխանիզմը ստեղծվի, Սահմանադրության մեջ հռչակված արժեքները հասանելի կլինեն հասարակ քաղաքացուն: Որքանո՞վ է Մայր օրենքը  պաշտպանում մարդու իրավունքներն ու ազատությունը՝ այս հարցը ևս  երիտասարդներին մտահոգող կարևոր հարցերի շրջանակում էր: Իրավական և փաստացի սահմանադրության մեջ տարբերություն կա. որքան փոքր է այդ տարբերությունը, այնքան  արդյունավետ է այն կիրարկման մեջ: 
Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը հայտնեց, որ շուտով երկրի ողջ օրենսդրական բազան էլեկտրոնային տարբերակով  մատչելի կլինի հանրությանը, ինչը ևս կնպաստի ավելի տեղեկացված քաղաքացիներ ունենալուն: Սահմանադրական ատյանի գոյության տարիներին որևէ իրավական ակտի  սահմանադրականությունը կասկածների տեղիք չի տվել: ԱԺ նախագահն ու արդարադատության նախարարը տեղեկացրին, որ գալիք տարում մեր հանրապետությունն սկսելու է միջազգային կոնվենցիաներին միանալու գործընթացը: Այդ գործընթացում առաջինը կլինի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային միանալու հայտը: ՙՍա մեր քաղաքացիներին հնարավորություն կտա լիարժեք պաշտպանել իրենց իրավունքները երկրի ներսում: Նրանք կարող են դիմել դատարան՝ հղում կատարելով միջազգային հռչակագրերի դրույթներին: Դրանով պետությունը բազմաթիվ խնդիրներ է լուծում՚,- ասաց Ա. Դանիելյանը:
Կլոր սեղանին երիտասարդության տարբեր խմբերի կողմից տեսակետներ հնչեցվեցին նաև մեր երկրի անվանման, ինչպես նաև Սահմանադրության վերջին կետի շուրջ, համաձայն որի՝ մինչև ԼՂՀ պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո: Երիտասարդների մի մասը հանդես եկավ որպես բացառապես  ՙԱրցախի Հանրապետություն՚ անվանման կողմնակից: Քննարկմանը ներկա ավագ սերնդի ներկայացուցիչները հավատացրին, որ  ձևակերպումների ներկա տարբերակները երկար քննարկումների արդյունք են, չնայած դրան, Սահմանադրությունը հնարավորություն տալիս է գալիք սերնդին՝ փոփոխություններ նախաձեռնել Մայր օրենքի դրույթներում: 
 
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ