[ARM]     [RUS]     [ENG]

ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՆ ՀԵՏԱՄՈՒՏ

ՀՅԴ-ն նշեց կուսակցության 122-ամյակը
Աշխարհի տարբեր անկյուններում այս օրերին հայ հանրությունը նշում է ՀՅԴ 122-ամյակը: Դեկտեմբերի 13-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում  ևս նշվեց Հայ Հեղափոխական Դաշնակցության ստեղծման հերթական տարեդարձը: Տոնական միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:              
ՀՅԴ-ն այսօր գործում է ՀՀ-ում, Արցախում, աշխարհի շուրջ 40 երկրներում: Դեռևս Հայոց ցեղասպանության հիսուներորդ տարեդարձի առիթով Սփյուռքի բոլոր համայնքներում Դաշնակցությունը կազմեց հատուկ հանձնախմբեր, որոնք կոչվեցին ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբեր, որոնք եւ գործում են առ այսօր: 
Այդ  հանձնախմբերի եւ գրասենյակների առաջադրանքներին մաս են կազմում ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչումը, այլեւ Հայաստանին եւ Արցախին վերաբերող խնդիրները, Ջավախքի հայության իրավունքների պաշտպանությունը եւ այլն:                                                               խոսելով երկու հայկական պետությունների զարգացման գործում ՀՅԴ ունեցած դերակատարության մասին, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շեշտեց, որ այդ կուսակցությունը տարբերվում է իր ազգային նկարագրով, մարտունակությամբ և կուսակցության դասական կառուցվածքի ձևով, որոնք խիստ առանձնացնում են նրան:  ՙՇատ կուսակցություններ կան, որոնք կապված են իրենց առաջնորդի անվան ու անձի հետ,  նրա ձախողման հետ փոխվում է նաև կուսակցության ճակատագիրը: Այս կուսակցությունն իր համարձակ, քննադատական, բայցև շինիչ հարցադրումներով յուրահատուկ գործոն է քաղաքական դաշտում: Նա միշտ ձգտել է լինել ազատատենչ, հայրենիքը տեսնել ազատ ու անկախ: Այսօր նրա երազանքն իրականություն է, ունենք ազատ  ու անկախ հայկական երկու պետություն՚,-ասաց Պարգև Սրբազանը:  ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն իր ելույթում  ընդգծեց, որ ամեն տարի տոնական այդ օրը կուսակցության համար դառնում է յուրօրինակ  հաշվետվության օր: ՙԱյսօր ևս մեկ անգամ հիշում ենք կուսակցության անցած ուղին, մանավանդ, որ նա ունի պատմություն, որն անբաժանելի մասն է սեփական ժողովրդի և սեփական երկրի պատմության, որը լի է տասնյակ հազարավոր նվիրյալների անձնազոհության դրվագներով, քաղաքական ու քարոզչական նախաձեռնություններով՚,-ասաց նա: Բանախոսն այն համոզմունքը հայտնեց, որ Դաշնակցությունը միշտ գաղափարական, քաղաքական, մարտական ճակատների  առաջին դիրքերում մարտնչողն է: Երբ Թուրքիայի հայատյացությունը հասավ  ցեղասպանության պետական քաղաքականության մակարդակի, Դաշնակցության խնդիրը դարձավ ժողովրդի կյանքը պաշտպանել անհավասար կռվի մեջ մտնելով թշնամու դեմ` իր կողքին ունենալով համակիր զանգվածներ: ՀՅԴ գլխավոր նվաճումն, ըստ Կիրո Մանոյանի` Հայաստանի պետականության վերականգնման մեջ ունեցած ներդրումն է` մասնավորապես, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման մեջ առաջնորդող դերակատարությունը. եթե 1918-ին չհիմնադրվեր այն, մենք հետագայում չէինք ունենա ոչ Խորհրդային Հայաստան, ոչ էլ 1991-ին` անկախ Հայաստանի Հանրապետություն: ՙՄենք երբեք չենք հավակնել, որ մեր բոլոր քայլերն անսխալ են եղել, սակայն մենք գործել ենք`  գերագույն նպատակ ունենալով ազատ ու ինքնիշխան Հայաստանի կերպարը՚,-նշեց նա: 
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, խոսելով կուսակցության անցյալի և ներկա դժվարություններից, շեշտեց, որ իրենց  կուսակցությունն ունի հստակ նպատակ, անխախտ գործելաոճ ու կարգապահ կառույց` այդ ամենը հաղթահարելու համար: Փոխվում են ժամանակները, փոխվում են նպատակին հասնելու միջոցներն ու մեթոդները, անփոփոխ են ՀՅԴ կողմից նպատակային արժեքները, ազգային ու պետական շահին հետամուտ նրա նպատակները, ասաց նա: Խոսելով վերջին տարիների մասին` Դ. Իշխանյանը նշեց, որ երկրի քաղաքական կյանքում նկատելի են ՀՅԴ հասցեին որոշ նկրտումներ: ԼՂՀ վերջին նախագահական ընտություններն օրինակ բերելով` բանախոսը հավատացրեց, որ այդ ընտրություններին կուսակցության կայացրած որոշումը բխում էր ոչ թե զգացական կամընկերային, այլ համազգային շահից` միաժամանակ գիտակցելով, որ դառնալու է քննադատությունների թիրախ: Խոսելով Հայ Դատի հանձնախմբերի աշխատանքների մասին` նա նշեց, միջազգային մակարդակով քաղաքական, հարաբերական եւ քարոզչական աշխատանքներ են տարվում  հանուն հայ ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչման: Այդ կառույցների շնորհիվ վերջին տարիներին կազմակերպվել և կազմակերպվում  են որոշ օտարերկրյա բարձրաստիճան  պաշտոնյաների այցելությունները ԼՂՀ: 
Արցախի իշխանությունների անունից կուսակցության ստեղծման 122-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական խոսքով հանդես եկավ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:  Նա իր խոսքում ընդգծեց 122-ամյա Դաշնակցության մեծ դերն ու նշանակությունը  հայոց պատմության մեջ` շեշտելով, որ այսօր էլ ՀՅԴ-ն մեծ դերակատարություն ունի ունի ոչ միայն ներքին, այլեւ արտաքին քաղաքականության մեջ: Ա. Ղուլյանն անդրադարձավ հայապահպանության գործում ՀՅԴ-ի ունեցած մեծ ներդրումին:  ՙԱշխարհի տարբեր երկրներում ստեղծելով քաղաքայկան, մշակութային, կրթական ու մարզական տարբեր կառույցներ` կուսակցությունը կարողացել է  ուղղորդել այդ կառույցների գործունեությունը դեպի հայրենիք: Մենք այսօր Հայաստանում և Արցախում զգում ենք նրանց առկայությունը մեր կյանքում՚,-ասել է նա: Տոնական միջոցառման ընթացքում ներկաների ուշադրությանը ներկայացվեց ՀՅԴ  122-ամյակին նվիրված տեսաֆիլմ: 
Միջոցառումն ավարտվեց տոնական համերգով:
 
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ