[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՐՔԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻ ԳՈՎԱԶԴՄԱՆԸ

alt2005 թվականին, Հայոց ցեղասպանության 90-ամյակի նախաշեմին, նշանավոր թուրք մեկնաբան Մեհմեդ Ալի Բիրանդը հոդված էր գրել ՙHurriyet՚ թերթում` կոչ անելով թուրք հանրությանը պատրաստ լինել առաջիկա ՙհայկական ցունամիին՚:
Այս ամսվա սկզբին թուրքական ՙGazete Kars՚  թերթը նման մի խմբագրական հրապարակեց՝ ՙՀայկական նախապատրաստական աշխատանքները 2015 թվականի համար՚ խորագրով, թուրքերին նախազգուշացնելով Հայոց ցեղասպանության մոտալուտ հարյուրերորդ տարելիցի մասին, նրանց խորհուրդ տալով ձեռնարկել հակազդեցության արդյունավետ միջոցներ: 
Խմբագրականը ցույց է տալիս, թե թուրքերն ինչպիսի ուշադրությամբ են հետևում Ցեղասպանության հարյուրերորդ  տարելիցի առթիվ հայկական նախապատրաստական աշխատանքներին և ինչպիսի տագնապով են կշռադատում հայկական առաջիկա միջոցառումների ազդեցությունը Թուրքիայի վրա:
Ծավալուն սյունակը տեղեկացնում է, որ Հայաստանն ու Սփյուռքը Հայոց ցեղասպանության հարյուրերորդ  տարելիցի նախաշեմին ընդլայնում են իրենց համատեղ արշավն ընդդեմ Թուրքիայի: Հոդվածը նախազգուշացնում է, որ ՙհայերը կարծում են, թե իրենց ստերով ամբողջ աշխարհը ոտքի կհանեն, և առաջարկում է, որ ՙԹուրքիայի Հանրապետությունն անհապաղ գործի դնի իր բոլոր միջոցներն ու  առաջնահերթ միջոցառումներ ձեռնարկի այդ խաբեությունն ի չիք դարձնելու համար՚:
ՙGazete Kars՚ թերթը դժգոհում է, որ հայերը ՙստվեր են ձգում Թուրքիայի հեղինակության վրա՝ ուժեղ հարձակումներ գործելով քառասուն ճակատներում: Թուրքիան այդ հարձակումներին հակահարված տալու համար պետք է ավելի մեծ պաշտպանողական և հարձակողական միջոցների դիմի: Ոչ մի վայրկյան չի կարելի կորցնել: Աշխարհը կուլ է գնում նրանց ստերին՚:
Խմբագրականում ներկայացվում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի նախապատրաստական աշխատանքներում գլխավոր  գործող անձերի  և կազմակերպությունների գործունեությունը: Թերթը հատկապես հիշատակում է պրոֆ. Թաներ Աքչամին, ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգին, Հայաստանի և Ֆրանսիայի կառավարություններին, Բեռլինի համալսարանը, ինչպես նաև Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանին, մեջբերելով նրա ասածը. ՙՑեղասպանության ճանաչման համար պայքարը պետք է միավորել փոխհատուցման ըմբռնումով…. Մենք պետք է հետամուտ լինենք օրինական ուղիների՝ այս ոճրագործության պատասխանատվությունը ճշտելու համար՚:
ՙGazete Kars՚ թերթը նաև թվարկում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, Հայկական ազգային ինստիտուտը, ինչպես նաև Զորյան և Կոմիտաս ինստիտուտները՝ որպես կազմակերպություններ, որոնց հաջողվել է Հայոց ցեղասպանությունը ներկայացնել աշխարհի գիտական շրջանակների և լրատվամիջոցների ուշադրությանը: Նշանավոր թուրք արձակագիրներ Օրհան Փամուկը և Էլիֆ Շաֆակը, ովքեր համարձակորեն դատապարտել էին Թուրքիայի խեղաթյուրումները Հայոց ցեղասպանության հարցում, մեղադրվում են ՙՍփյուռքի հայկական լոբբիստական կազմակերպությունների՚ աջակցությունը վայելելու մեջ:
Թուրքական թերթը տեղեկացնում է, որ 2011թ. ապրիլի 23-ին Երևանում, Հայոց ցեղասպանության 100¬րդ տարելիցիի նվիրված միջոցառումների ծրագիրը նախապատրաստելու համար ձևավորվել է պետական համակարգող հանձնաժողով: Հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավորությամբ, գումարել է իր անդրանիկ նիստը 2011 թվականի մայիսի 30-ին:
Այնուհետև թուրք խմբագիրը կենտրոնանում է իմ հոդվածի վրա, սխալմամբ ինձ ներկայացնելով որպես ՙԱրա՚ Սասունյան, ՙԿալիֆոռնիա կուրիեր՚ թերթի հրատարակիչ: Իմ հոդվածից մեջբերում է այն հատվածը, որտեղ նշվում է, որ ՙՑեղասպանության ճանաչման պահանջն այլևս օգտավետ չէ հայերի համար: Ընդհակառակը՝ վնասակար է: Թուրքերը շատ ուրախ են, որ մենք բավարարվում ենք միայն այս պահանջով: Այն, ինչ մենք պահանջում ենք՝ արդարությունն է: Երբ նրան հարցրել են, թե արդարություն ասելով ինչ նկատի ունի, նա բացատրել է, որ դա նշանակում է բարոյական, ֆինանսական և տարածքային վերականգնում՚:
Այնուհետև թուրք գրողը մանրամասն վերլուծում է իմ տեսակետները, նշելով. ՙՍասունյանը կարծում է, որ Հայաստանի և Սփյուռքի միջև հարաբերություններն այնքան էլ կատարյալ չեն, և որ անհրաժեշտ է գաղափարական միասնականություն ունենալ, հատկապես Հայ Դատին առնչվող հարցերում: Սասունյանը գտնում է նաև, որ ավելի լուրջ արդյունքների կարելի է հասնել 100 երկրներում ապրող հայերին համախմբելով 350 ներկայացուցիչներից բաղկացած Սփյուռքի խորհրդարանի հովանու ներքո՚:
ՙGazete Kars՚ թերթն իր խմբագրականը եզրափակում է՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ նախատեսված մի շարք հայկական միջոցառումներ.
1. Պատրաստել հրապարակումներ յոթ լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն:
2. Նկարահանել գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր, կազմակերպել հիշատակի  համերգներ և ցուցահանդեսներ, հրատարակել գրքեր և գիտական նյութեր:
3. Եռակի ընդարձակել Հայոց ցեղասպանության թանգարանը Երևանում:
4. Ստեղծել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով:
5. Կազմակերպել լրատվամիջոցների համաժողովներ, կապեր հաստատել մեծ թվով  երկրների լրատվական գործակալությունների հետ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հայաստան հրավիրել Սփյուռքի հեռուստա- և ռադիոլրագրողներին:
6. Ժամանակակից տեխնոլոգիաներն օգտագործելով, տարբեր լեզուներով էլեկտրոնային գրքեր թողարկել և կապեր հաստատել ցեղասպանության հետազոտությամբ զբաղվող  գիտական և մշակութային գործիչների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ:
7. Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել հայտնի հնդիկ ռեժիսոր Շեխար Կապուրի և պուերտոռիկացի սցենարիստ Խոսե Ռիվեյրայի մասնակցությամբ:
Քանի որ թուրքերը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով միջոցառումների տարափ են ակնկալում, ուստի հայերը հնարավոր ամեն ինչ պետք է անեն նրանց հուսախաբ չանելու համար:
ՙGazete Kars՚ թերթի խմբագիրը չի գիտակցում, որ հայերն իրականում ողջունում են Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին  նվիրված միջոցառումներին հակահարված տալու թուրքերի մտադրությունը: Դրանով թուրքական կողմը նպաստում է Հայ Դատի գովազդմանը՝ շատ ավելի, քան հայերը կարող են անել ինքնուրույն միջոցներով: 
 
 
 
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
ՙԿալիֆոռնիա Կուրիեր՚ թերթի հրատարակիչ և խմբագիր