[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ԽԵԼԱԳԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ՝ ՀԱՆՁԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ

altԱրցախում կարեւորում եւ բանակցային գործընթացի այս փուլում որպես ՙպահանջված խոսք՚ են գնահատում Հայաստանի նախագահի՝ ՀՀԿ համագումարում եւ ՀԱՊԿ խորհրդի նիստում հնչեցրած հայտարարությունները։ ՙՊատրաստ ենք վճռականորեն պատասխանել յուրաքանչյուր արկածախնդրության կամ ոտնձգության, որը կսպառնա մեր անվտանգությանը՚,- հայտարարել է Սերժ Սարգսյանը, միաժամանակ շեշտելով՝ է՜լ ավելի են մեծացվելու Լեռնային Ղարաբաղի եւ նրա բնակչության անվտանգության երաշխիքները։
Արցախում համոզված են, որ տարածաշրջանում Ադրբեջանի նման ագրեսոր երկրի գոյությունը, ուր հետեւողականորեն քարոզվում է հայատյացություն, հայկական երկու պետություններին պարտավորեցնում է առավել ուժեղացնել անվտանգության համակարգը։
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ ԲԱԲԱՅԱՆԸ վստահ է, որ ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունը եւս ըմբռնումով կմոտենա հայկական պետությունների կոնկրետ քայլերին, քանի որ Սաֆարովի դեպքով բացահայտվեց Ադրբեջանի իրական դեմքը։ Եվ վերջապես. եթե միջազգային հանրությունն անկարող է զսպել այդ պետության ֆաշիստական նկրտումները, հայկական երկու պետություններին այլ բան չի մնում անել, քան սեփական հնարավորություններով ու ներուժով դիմակայել ագրեսիվ հարեւանին։ 
ՙԱյսօր Ադրբեջանը նացիստական գաղափարախոսության հետեւորդներից մեկն է աշխարհում, ֆաշիստական Գերմանիայի տապալումից հետո համաշխարհային պատմության մեջ առաջին դեպքն էր աշխարհում, երբ հերոսացվեց մարդասպանը, որովհետեւ հայ էր սպանել՚։ Բաբայանի կարծիքով, 2012 թվականը Արցախյան հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից ամենաանբարենպաստն է հե՜նց ադրբեջանական աննախադեպ ռազմատենչության առումով։
   Արցախում ոգեւորությամբ է ընդունվել եւ այն, որ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքում կրկին ամրագրվել է Հայաստանի դիրքորոշումը՝ հայկական կողմը երբեք չի գնա միակողմանի զիջումների։ Այս հարցում մշտապես զգայուն արցախցիները համոզված են, որ ագրեսոր Ադրբեջանը ցանկացած զիջում կարող է ընդունել որպես պարտության նշան ու առավել ՙընդլայնել՚ իր ախորժակը։
ՙՄենք չենք կարող դա թույլ տալ՚,- ասում է Բաբայանն ու հավելում, որ Արցախում այսօր ամենացավոտ խնդիրը շփման գծում դիպուկահարների ներկայությունն է։ Հայկական երկու պետությունների նախագահները տարբեր ամբիոններից բազմիցս մատնանշել են այս մասին, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է անտեսել այն։ ՙԴիպուկահարների հարցը, ի տարբերություն մյուսների, շատ հեշտ լուծվող է, բայց Ադրբեջանը նույնիսկ դրան պատրաստ չէ, քանի որ նպատակը իրավիճակը լարված պահելն է՚։
Մինսկի խմբի համանախագահների՝ Արցախ կատարած վերջին այցելության ժամանակ նախագահ Բակո Սահակյանն առաջարկել էր տարվա մի քանի օրերը սահմանել որպես խաղաղության օրեր, օրինակ, Նոր տարին, Զատիկը, Նովրուզ Բայրամը, որպեսզի գոնե այդ օրերին լռեն դիպուկահարների կրակոցները. ՙՊատկերացրեք, որ երեխաների պաշտպանության օրը դիպուկահարի արձակած գնդակից երեխա է զոհվում։ Սա անմարդկային երեւույթ է՚։
Սակայն Ադրբեջանի իշխանություններն անկարող եղան ընդունել անգամ մարդասիրական այս առաջարկը. ՙԳործ ունենք խելագար, մոլագար պետության հետ՚,- եզրահանգում է Դավիթ Բաբայանը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշողը միմիայն Արցախի ժողովուրդն է, հետեւաբար բնական եւ բանական կլինի, որ Արցախն օր առաջ զբաղեցնի իր տեղը բանակցությունների սեղանի շուրջ, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետն ասաց. ՙԱյսօր բանակցություններն ընթանում են խեղաթյուրված ձեւաչափով, հետեւաբար առանց Արցախի մասնակցության հնարավոր չէ խնդրի կարգավորում, ու որքան շուտ այդ խեղաթյուրված ձեւաչափը վերականգնվի՝ այնքան լավ՚:
   ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ունեցած իր ելույթում Հայաստանի նախագահը մի կարեւոր հիշեցում է արել, ասելով՝ ՀԱՊԿ հիմնարար սկզբունքներից մեկի համաձայն` անդամ երկրների միջեւ առկա է փոխհարաբերությունների առաջնայնություն այլ երկրների հետ հարաբերությունների համեմատ։ Անշուշտ, ակնարկն ուղղված էր ՀԱՊԿ անդամ այն պետություններին, որոնք բարեկամական հարաբերություններ ունեն ՀԱՊԿ-ին չանդամակցող Ադրբեջանի հետ։
Դ.Բաբայանի գնահատմամբ, նախագահ Ս.Սարգսյանը ՀԱՊԿ երկրների ղեկավարներին հասկացրել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, Ադրբեջանի հայատյացությունը ոչ միայն հայոց պետականությանն ուղղված սպառնալիք են, այլեւ լուրջ վտանգ նաեւ ՀԱՊԿ երկրների համար. ՙՖաշիստական Ադրբեջանի գոյությունը ռազմավարական կարեւորություն ունեցող տարածաշրջանում շատ լուրջ վտանգ է նաեւ միջազգային հանրության համար, որովհետեւ եթե սկսվեն պատերազմական գործողությունները, ապա բազմաթիվ պետություններ կամա թե ակամա կներքաշվեն դրանում՚։
Ինչպեսեւ սպասվում էր, չուշացավ Հայաստանի նախագահի հայտարարություններից անհանգստացած ադրբեջանական կողմի արձագանքը։ Չնայած Ադրբեջանի վարչապետի խոսքը, ինչպես միշտ, այս անգամ էլ չափազանց պարզունակ էր, բայց նա փորձեց փոքր-ինչ ինքնատիպ երեւալ ու բացի Ադրբեջանի ՙօկուպացված տարածքների՚ մասին հավերժական թեմայից՝ հայտարարել. ՙՈւշադիր լսելով ելույթը՝ միտք է առաջանում, վերցնես ու քվեարկես Լեռնային Ղարաբաղի անկախության օգտին՚։
Գնահատելով ադրբեջանական ՙօրիգինալությունը՚, Դավիթ Բաբայանը հակադարձեց. ՙՓաստորեն Ադրբեջանում սկսում են կամա՛ց-կամաց հասկանալ, որ Արցախի միջազգային ճանաչման խնդիրը ժամանակի հարց է, ու այն վաղ թե ուշ լինելու է՚:
 
ՙՀայոց աշխարհ՚
21 դեկտեմբերի 2012թ.