[ARM]     [RUS]     [ENG]

ՙՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՆՀՆԱՐ Է ԼՈՒԾԵԼ՝ ԱՌԱՆՑ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ ԼՂՀ ԳՈՐԾՈՆԸ՚

karenmirzoyan.jpgԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի՝ դեկտեմբերի 26-ին հրավիրած մամլո ասուլիսը նվիրված էր նրա պաշտոնավարման 100 օրվան։ Ամանորի նախօրեին  ասուլիսը լավ առիթ էր՝ ամփոփելու անցնող տարում ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից կատարված աշխատանքները, ինչպես նաև խոսելու գերատեսչության առաջ ծառացած խնդիրների և գալիք տարվա անելիքների մասին։ 
2012թ. ամենակարևոր իրադարձությունը, Կ. Միրզոյանի գնահատմամբ, ԼՂՀ-ում  կայացած նախագահական ընտրություններն էին, որոնցով նշանավորվեց ոչ միայն պետականաշինության գործընթացի ևս մի կարևորագույն փուլ, այլև դրանք  թույլ տվեցին փաստել, որ այսօր հանրապետությունում ժողովրդավարական գործընթացներն ապրում են վերընթաց զարգացում։ Այդ գնահատականը հիմնվում է բազմաթիվ արտասահմանյան դիտորդների և մասնագետների արտահայտած կարծիքների վրա։ 
Անցնող տարին արտաքին քաղաքական հարաբերությունների առումով բավականին հետաքրքիր էր, մասնավորապես, ըստ նախարարի, մեզ համար կարևոր պետք է համարել այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել բանակցային գործընթացում և դրա շուրջ։ ՙՈրևէ առաջընթաց այս տարի  չհաջողվեց արձանագրել,-շեշտեց նախարարը,- ինչը հետևանք է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման, որը միտված է բանակցային գործընթացի հետևողական սառեցմանը՚։ Նա վկայակոչեց Հունգարիայում հայ սպային կացնահարած և ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին, նրա հերոսացումը և այդ ամենի  բացասական հետևանքները ղարաբաղյան  հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վրա։ Դա լուրջ հարված էր ընդհանրապես այն բոլոր ջանքերին, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ Եթե երկիրը դաստիարակում է մարդասպանների սերունդ՝ որպես օրինակ ցուցադրելով կացնահարին, ապա դրանով ի չիք են դարձվում խաղաղության և կայունության հասնելու բոլոր հույսերը։ 
ԼՂՀ արտաքին  քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը,  Կ.  Միրզոյանի խոսքերով,  իր համար գրավիչ է այն առումով, որ ինքն աշխատում է  հանուն մի պետության, որի արժեքներին ու գաղափարներին հավատում է։ Նախարարի նպատակն է առաջիկայում ավելի աշխուժացնել ԼՂՀ  ԱԳՆ¬ի գործունեությունը, որն ուղղված է լինելու ոչ միայն արտգործնախարարության աշխատանքների կանոնակարգմանն ու հստակեցմանը, այլև փորձ է արվելու ավելի տեսանելի դարձնել գերատեսչության կատարած աշխատանքը թե՜ ԼՂՀ հասարակության և թե՜ արտաքին աշխարհի համար։ 
2013-ին  ԱԳՆ-ի նպատակը կլինի բանակցային գործընթացում ԼՂՀ ակտիվ ներգրավվածության ապահովումը և միաժամանակ աշխատանքների ծավալումը  ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ։ Նախարարի համար նաև չափազանց կարևոր է Արցախի Հանրապետության և Սփյուռքի միջև կապերի աշխուժացումը։  
Նա կարևորեց զանգվածային լրատվամիջոցների դերակատարությունը՝ նշելով, որ ինքն ակնկալում է աշխույժ և ակտիվ համագործակցություն ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության և ԶԼՄ-ների միջև։ 
Այս նախաբանից հետո նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին։ 
Ի՞նչ նշանակություն է տալիս Կ. Միրզոյանը վերջերս ԱՄՆ կատարած իր շրջագայությանը,  ի՞նչ են խոստանում այդ հանդիպումները՝ հետագա համագործակցության տեսանկյունից։ Մեր հարցին ի պատասխան՝  Կ. Միրզոյանը նախ հետաքրքիր որակեց դրանք՝ ասելով, որ ԱՄՆ կատարած այցի նպատակն էր մասնակցել Կոնգրեսում արդեն ավանդույթ դարձած՝ ԼՂՀ անկախությանը նվիրված միջոցառումներին։ Նախարարի հավաստմամբ՝ դա մեզ համար հնարավորություն էր՝ մեր ձայնը լսելի դարձնելու ԱՄՆ -ի օրենսդիր մարմնում։ Նաև մի շարք ամերիկյան քաղաքական ու հասարակական գործիչների հետ հանդիպելու հնարավորություն էր։ ԱՄՆ Կոնգրեսում և  քաղաքագիտական շրջանակների հետ ունեցած հանդիպումներից նա կարևորեց մի հանգամանք. կողմերը՝ ամերիկյան և ղարաբաղյան, խոսում էին նույն լեզվով, այսինքն՝ այն խնդիրները, որոնք հուզում են ամերիկյան օրենսդիրներին տարածաշրջանի, ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված, նույն կերպ բարձրացվում էին նաև ղարաբաղյան կողմից։ Կ. Միրզոյանի խոսքերով՝ կարևորն այն է, որ ԼՂՀ-ում տեղի ունեցող գործընթացները  շատ բարձր գնահատականի են արժանանում այն երկրների կողմից, որոնք ունեն արմատավորված ժողովրդավարական արժեքներ։ ԼՂՀ-ն մի կողմից գտնվում է պատերազմական իրավիճակում, մյուս կողմից՝ զարգացնում է իր ժողովրդավարական ինստիտուտները. այս փաստն արժանանում է առանձնահատուկ ուշադրության։  ԱՄՆ կատարած այցի ընթացքում նախարարը հանդիպել է  Սփյուռքի մի շարք կառույցների հետ և նրանց հետ քննարկել հետագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները։ 
Կ. Միրզոյանը կարևորեց Հանուն միջազգային խաղաղության Կառնեգի հիմնադրամում ծավալված  քննարկումները, որոնք տեղի ունեցան փակ ռեժիմով և  որոնց ներկա էին տարածաշրջանի հարցերով մասնագետներ, պաշտոնաթող դիվանագետներ, մարդիկ, որոնք նախկինում մասնակցություն են ունեցել ղարաբաղյան խնդրի  խաղաղ կարգավորման գործընթացին կամ աշխատել են որպես դեսպաններ Հայաստանում և Ադրբեջանում, ինչն ուշադրության արժանի երևույթ  էր։ ՙՉնայած մոտեցումների տարբերությանը,¬ ընդգծեց ԼՂՀ արտգործնախարարը,¬ հնարավոր եղավ գալ ընդհանուր հայտարարի՝  ԼՂՀ-ն կայացած գործոն է, որը հնարավոր չէ անտեսել, և այսօր տարածաշրջանի անվտանգության հետ կապված մի շարք կարևորագույն խնդիրներ անհնար է լուծել առանց հաշվի առնելու այդ  գործոնը՚։ 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ