[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ՝ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ

Ինչո՞վ նշանավորվեց 2012 թվականը ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների՝ ՙԱզատ Հայրենիք՚-ի, Արցախի ժողովրդավարական կուսակցության և ՀՅԴ Արցախի կառույցի համար։ Այդ քաղաքական ուժերի ղեկավարներն ընթացիկ տարվա իրադարձություններից ի՞նչն են առավել արժևորում կամ առանձնացնում։ Եվ քանի որ Ազգային ժողովը, դասական պառլամենտարիզմի առումով, նաև քաղաքական ամբիոն է նրանում ներկայացված կուսակցությունների համար, ըստ այդմ ի՞նչ գնահատական կարելի է տալ խմբակցությունների գործունեությանը։
Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ, ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ ՂՈՒԼՅԱՆԸ  2012 թվականը նախ կարևորում է որպես ԱԺԿ-ի հերթական համագումարի տարի։
 Կուսակիցների հետ նա ամփոփել է քաղաքական ճանապարհի հիմնական հանգրվանները, գնահատել նոր իրողությունները և ըստ այդմ նախանշել անելիքները։ Համագումարն արձանագրել է, որ կուսակցությունը սկզբունքային նահանջ չի ունեցել։ Փոխվել է մրցակցային միջավայրը, ձևավորվել նոր կոնյունկտուրա։ Ա. Ղուլյանի  բնութագրմամբ՝  ԱԺԿ-ն մնում է ԼՂՀ քաղաքական դաշտի ՙծանրքաշայինը՚։ Կազմակերպչական-քարոզչական որոշակի ձեռնարկումներից հետո կուսակցությունն ի զորու է բովանդակային լիցքեր հաղորդել Արցախի ներքաղաքական կյանքին, իհարկե, պահպանելով հանդուրժողականության, համագործակցության և փոխլրացման առաջնահերթությունները, ինչը հատկապես վերջին տարիներին դարձել է ավանդույթ։
ԱԺԿ նախագահի խոսքերով՝ երկրորդ իրադարձությունը 2012թ. նախագահական ընտրություններն էին։ Կուսակցությունը դրանց մասնակցել է գիտակցված ընտրությամբ. համագումարում որոշվել է պաշտպանել Բակո Սահակյանի թեկնածությունը, տրվել է դրա սպառիչ հիմնավորումը։ Ա. Ղուլյանն ուրախությամբ արձանագրում է, որ Արցախում անցկացվել են նոր որակի բաց, թափանցիկ և իրոք մրցակցային ընտրություններ, ինչի արդյունքում հնարավոր եղավ շատ կարևոր ազդակ հաղորդել Արցախի Հանրապետության ժողովրդավարական վարկանիշին և նրա միջազգային ճանաչման գործընթացին։     
Տարվա ընթացքում նշված երկու կարևորագույն որոշումներից բխող այլ ձեռնարկումներ նույնպես եղել են։ Խոսքը վերաբերում է խորհրդարանական և ներկուսակցական գործունեությանը։ Շուտով կհրավիրվի ԱԺԿ Կենտրոնական խորհրդի ամփոփիչ նիստ, որտեղ մասնավորապես կարծարծվեն առաջիկա անելիքներին առնչվող հարցերը։
Ինչպե՞ս է խորհրդարանը՝ որպես քաղաքական ամբիոն, օգտագործվում ՙԺողովրդավարություն՚ խմբակցության կողմից. հարցի վերաբերյալ Ա. Ղուլյանի կարծիքն այն է, որ ԼՂՀ-ն ոչ դասական պառլամենտարիզմի երկիր է ՝ իր սահմանադրությամբ և նույնիսկ մշտապես աշխատող խորհրդարանով։ ՙԻնձ համար թանկ է հասարակության մի զգալի հատվածի՝ խորհրդարանը որպես բանավեճի քաղաքական հարթակ տեսնելու ցանկությունը։ Բայց պետական կյանքն ունի ինստիտուցիոնալ կազմակերպվածության առաջնահերթություն, և մենք իրավասու չենք զբաղվել, թող թույլ տրվի ասել, ինքնագործունեությամբ՚,-ընդգծում է ԱԺԿ նախագահը։ Նրա խոսքերով՝ Ազգային ժողովն օրենսդիր մարմին է, և սա է երկրի հիմնական օրենքով նրան վերապահված գլխավոր գործառույթը։ Բանավեճեր, անշուշտ, լինում են, բայց հիմնականում մշտական հանձնաժողովների, պատգամավորական խումբ-խմբակցությունների նիստերում։ Այս իմաստով ԱԺԿ-ն ներկայացնող խմբակցությունը, ընդհանրացված գնահատմամբ, ժամանակից հետ չի ընկնում։ Այն, ինչին հասարակությունը տեղեկանում է խորհրդարանի լիագումար նիստերի մասին մամուլի և հատկապես հեռուստատեսության տեղեկատվությամբ, կուսակցության նախագահի բնորոշմամբ, ՙսառցալեռան երևացող մասն է՚։ Խորքում կա մտքերի բուռն փոխանակություն, երբեմն՝ հայեցակարգային բանավեճ, կարծիքների բախում և համադրում։ ՙԲոլոր դեպքերում, սակայն,-շեշտում է Ա. Ղուլյանը,- ԱԺԿ-ն նաև ՙհավասարակշռություն պահող՚ դերակատարություն ունի, որից էլ ածանցվում է շփման եզրեր որոնելու և գտնելու կարողությունը։ Մեր խորհրդարանական կեցվածքն, այսպիսով, բացառություն չէ։ Այդ կեցվածքը նեղ հատվածական-կուսակցական պատկերացում ունեցողների կողմից կարող է չափազանց խամրած ընկալվել՚։      
ՙԱզատ Հայրենիք՚ կուսակցության նախագահ, ԼՂՀ վարչապետ Արա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ կարևորում է ընթացիկ տարում կայացած՝ ԼՂՀ նախագահի ընտրությունները, որոնք նշանակալից եղան նաև ՙԱզատ Հայրենիք՚-ի համար։ Կուսակցությունն ակտիվորեն մասնակցել է նախագահական ընտրարշավին, իր հերթին զգալիորեն նպաստել, որ գործող նախագահ Բակո Սահակյանը պաշտոնավարի նաև երկրորդ ժամկետում և հնարավորություն ունենա շարունակել ու ավարտին հասցնել իր կողմից ձեռնարկած՝ մեր երկրի համար էական նշանակություն ունեցող տասնյակ ծրագրերը։ Կուսակցության նախագահի համար չափազանց կարևոր է, որ իր կուսակիցները միակամ են հանդես գալիս քաղաքական նմանատիպ  գործընթացներում՝ բոլոր ջանքերը գործադրելով որդեգրած սկզբունքներն ու մոտեցումները կյանքի կոչելու ուղղությամբ։ 
ՙԽորհրդարանը քաղաքական քննարկումների և հայտարարությունների համար բավական կարևոր ու ազդեցիկ մարմին է,-ընդգծում է Ա. Հարությունյանը և հավելում,- մենք հնարավորինս օգտվում ենք ընձեռված հնարավորությունից և մշտապես փորձում մեր տեսակետներն ու համոզմունքները ներկայացնել ժողովրդի ընտրյալներին ու հանրությանը։ Շատ-շատերը տեղյակ են, թե ինչ նպատակների է հետամուտ մեր կուսակցությունը և ինչպես է հետևողականորեն տեր կանգնում իր գաղափարներին ու ծրագրերին։ Այդ են վկայում մեր պատգամավորների՝ խորհրդարանում ունեցած ելույթներն ու քվեարկությունները՚։ 
ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ ԻՇԽԱՆՅԱՆԻ խոսքերով՝ 2012 թվականը ոչ միայն Դաշնակցության, այլև Արցախի քաղաքական կյանքում նշանավորվեց նախագահական ընտրություններով: ՀՅԴ Արցախի բարձրագույն ժողովը ԼՂՀ նախագահական ընտրությունների հարցը քննարկել էր 2011թ. նոյեմբեր ամսին, իսկ կուսակցության շարքերում այդ կարևոր քաղաքական իրադարձության շուրջ կարծիքների փոխանակումր տեղի ունեցավ ողջ տարվա ընթացքում: Կուսակցությունը որոշումները կայացնում է քննարկումների արդյունքում։ Ընտրությունների նախօրեին ստեղծված իրավիճակն այսպես է բնութագրում կառույցի ղեկավարը. ՙՄեր կառույցի նկատմամբ նկատելի էին որոշ նկրտումներ. մեզ ցնցեցին՝ հույս ունենալով ուղղորդել, կառույցը տանել ինչ-որ ուղղությամբ, բայց այդ ցնցումից մենք ավելի զգաստացանք ու դարձանք զգոն՚։
Դաշնակցությունը համահայկական կառույց է։ Դ. Իշխանյանի հավաստմամբ՝ յուրաքանչյուր համահայկական հարց, այսպես թե այնպես, ՀՅԴ Արցախի կառույցի օրակարգում իր յուրահատուկ տեղն է զբաղեցնում, և այդ առումով տարվա իրադարձությունների շարքում հարկ է առանձնացնել նաև սիրիահայության հարցը: ՀՅԴ Արցախի կառույցն այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ ծավալեց Արցախի իշխանությունների հետ. ՙՕգնի՜ր եղբորդ՚ քաղաքացիական նախաձեռնությունը կյանքի կոչելիս ԼՂՀ-ի կողմից սիրիահայությանը տրամադրված օժանդակության հարցում կառույցն օգտագործեց իր ազդեցությունը: Աշխատանքներ ծավալվեցին Սիրիայից Արցախ ժամանած մեր հայրենակիցների կենցաղային հարցերը լուծելու ուղղությամբ: Դ. Իշխանյանի իրազեկմամբ՝ այդ ուղղությամբ համատեղ ծրագրեր են մշակվում, որոնց իրականացմանն ականատես կլինենք 2013 թվականին:
ՀՅԴ Արցախի կառույցի ղեկավարի բնորոշմամբ՝ ԼՂՀ Ազգային ժողովն այն ներկապնակն է, որում արտացոլվում է Արցախի քաղաքական դաշտը: ՙԻհարկե, ցավով պետք է խոստովանել, որ այդ քաղաքական բեմը լիարժեք չի ներկայացնում քաղաքական ուժերի կշիռն ու ժողովրդի համակրանքի իսկական պատկերը՚,-շեշտում է Դ. Իշխանյանը։ Նրա համոզմամբ՝ քաղաքական դաշտի կայացման արդյունքում կկարգավորվի նաև այդ հարցը: 
ԱԺ ՙԴաշնակցություն՚ խմբակցությունը 2012թ. կորցրել է 2 պատգամավոր, սակայն այդ հանգամանքն ամենևին չխանգարեց, որ խմբակցությունն իր 4 պատգամավորներով շարունակի քաղաքական ակտիվ գործունեությունը: Հարցը միայն օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալը չէ. ՀՅԴ Արցախի կառույցն առանձնահատուկ նշանակություն է տալիս բնակչության հետ տարվող աշխատանքին: ԿԿ ներկայացուցիչը հատկապես կարևորում է այն իրողությունը, որ խմբակցության անդամները պարբերաբար այցելում են շրջաններ, և որ նրանց ուշադրությունից չեն վրիպում անգամ ամենափոքր գյուղի բնակչի դժվարություններն ու մտահոգությունները։ Այդ բոլոր խնդիրները խմբակցությունը հնչեցնում է խորհրդարանի ամբիոնից, ինչը կարևոր հանգամանք է Ազգային ժողովի` գործադիր իշխանությանը վերահսկելու գործառույթն իրականացնելու տեսանկյունից: 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ